Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՄԱՅԱԿՆ ՈՒ ՎԼԱԴԻՄԻՐԸ

Նոյեմբեր 11,2009 00:00

\"\"Թիվ 10 ընտրատարածքում հավակնորդների մեջ
դերասանների պակաս չի զգացվում

«Ես նման հանգամանքներին նայում եմ երեւացող ծիծաղով եւ մարդկանց աչքերից թացքված արցունքներով». գոգոլյան այս մեջբերումը թիվ 10 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Հմայակ Հովհաննիսյանի արձագանքն է նույն ընտրատարածքում առաջադրված Վլադիմիր Կոստանյանի դիտարկմանը, որ Հովհաննիսյանի «Հիմնական գործը եղել է՝ փախեփախ անելով տարբեր թիմերից ու ճամբարներ փոխելով, պախարակել երկրի ղեկավարներին, պետական ինստիտուտները եւ հատկապես նախագահին: Նա մշտապես ծառայել է երկիրն ապակայունացնող ուժերին, փորձել է սասանել ու խարխլել մեր կայունությունն ու ներքին խաղաղությունը»: Ըստ Հմայակ Հովհաննիսյանի, քանի որ ԱԺ փոխխոսնակի հիմնական առաքելությունը տոնածառ զարդարելը եւ Ձյունանուշի դերում հանդես գալն է, ապա «թատերական թեթեւամիտ» ժանրի ներկայացուցիչը կարող է հասարակ պատգամավորի հավակնություններ ունենալ. «Եվ եթե ամեն ինչ «բարեհաջող» ընթանա՝ հին Նոր տարուն ԱԺ փոխխոսնակ Ձյունանուշի կողքին ծաղրածու Ձմեռ պապ էլ կունենանք»: Հմայակ Հովհաննիսյանը խորհուրդ է տալիս քաղաքականության մեջ հեռու մնալ կոմիկներից: Իսկ Վլադիմիր Կոստանյանը երեկվա ասուլիսում նաեւ հավակնոտ հայտարարություններ արեց. «Ես համոզված ձեզ ասում եմ, որ Հմայակ Հովհաննիսյանից 2-3 անգամ շատ ձայն եմ հավաքելու: Մնալու ենք մենք երկուսով»: Ի դեպ, Կոստանյանը նաեւ հայտարարեց, որ իր ամենամեծ մրցակից համարում է Նիկոլ Փաշինյանին, ում շատ հարգում է: Նա կարծում է, որ եթե Փաշինյանին գրանցեն՝ ընտրություններն ավելի արդար կանցնեն: Նա նույնիսկ հորդորեց «մեր ղեկավարությանը», որ օրենքի սահմաններում թույլատրեն Նիկոլ Փաշինյանի մասնակցությունն ընտրություններին: Իսկ՝ «Եթե Մադաթյանին թույլ տան, նրան՝ ոչ, դա նշանակում է մարդու իրավունքների կոպիտ խախտում»,- կարծիք հայտնեց բանախոսը՝ դեռեւս, հավանաբար, չիմանալով, որ պարոն Մադաթյանին նույնպես բնակության տեղեկանք չի տրվել: Գլխավոր մարքսիստի մասին պարոն Կոստանյանն ասաց հետեւյալը. «Առանց արձագանքելու Դավիթ Հակոբյանի՝ անգրագետ ու ոչ կոռեկտ կերպով իմ հասցեին արտահայտած քառատողերին, ցավով եմ փաստում, որ նա էլ չի գրանցվելու որպես պատգամավորության թեկնածու: Խնդրում եմ չհարցնել, թե ինչո՞ւ. դա ուղղակի իմ համոզմունքն է»:
Ինչ վերաբերում է իրեն՝ «Այո, անդամակցել եմ «Օրինաց երկրին», բայց երբ այդ կուսակցությունը րոպեական փոխեց իր քաղաքական կուրսը, իսկ հետո տեսանք, թե ինչ եղավ, ես անմիջապես հեռացա այնտեղից»: Լրագրողները հետաքրքրվեցին բանախոսի կուսակցական այլ պատկանելությամբ: Վերջինս ասաց, որ ինքը եղել է Հայաստանի առաջադիմական կուսակցության վարչության անդամ, նույնիսկ համագումարում հայտարարել է, որ իրենց բոլոր ձայները տալիս են նախագահ Սերժ Սարգսյանին, սակայն այս ընտրապայքարին մասնակցելու որոշում կայացնելուց հետո դուրս է եկել կուսակցության շարքերից. այս պահին անկուսակցական է: Այն, որ առաջադիմական կուսակցությունը որոշել է սատարել իրեն, Կոստանյանի խոսքերով, որեւէ բան չի նշանակում, քանի որ՝ «լիքը մարդիկ կան, որ ինձ սատարում են՝ իմ սպորտսմեն ընկերներն են, իմ ապրած տարիների ընկերներն են, նույն այն ժողովուրդը, որը տեսել է ինձ հեռուստատեսությամբ»: Կոստանյանը մյուս քաղաքական ուժերին կոչ արեց իրեն սատարել: Մամուլում հրապարակում եղավ նաեւ այն մասին, որ Կոստանյանը հայտնի ընտրակեղծարար է: «Դրա համար գոյություն ունի Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Թող գնան, հանեն արխիվը, ու որտեղ ես եղել եմ հանձնաժողովի նախագահ, տեսնեն` այստեղ մի հատ բողոք եղե՞լ է, մի անգամ ինձ ընտրական տեղամաս հրավիրե՞լ են, որ ստուգեն, տեսնեն` ես սխա՞լ եմ արել, թե՞ ճիշտ: Ու թող այդ ժամանակ գրեն` կեղծարար է»,- ասաց նա՝ հորդորելով սեւ PR-ով չզբաղվել, քանի որ ինքը պատրաստ է պատասխանել լրագրողների բոլոր հարցերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել