Առջեւում ձմեռ է, իսկ մեր մաշկը հենց այս ժամանակահատվածում է առանձնահատուկ խնամքի կարիք զգում: Դրա համար անհրաժեշտ է հետեւել այն սկզբունքներին, որոնք համարվում են առողջ մաշկի գրավականը: Եկեք հիշենք, թե ամռանը ինչ ազդեցությունների է ենթարկվել մեր մաշկը. արեւի ճառագայթները եւ տաք օդը իրենց վնասակար դերն են ունեցել մաշկի վրա: Դրան ավելացել է նաեւ փոշին, որն անպակաս է տաք եղանակներին, հատկապես՝ Երեւանում: Արդյունքում՝ մեր մաշկը ջրազրկվել է, կեղտոտվել, ստացել յուղոտ փայլ, բորբոքվել է եւ նույնիսկ կնճռոտվել:
Իսկ ինչպե՞ս մաշկը դարձնել խնամված։ Պրոբլեմները վերացնելու համար պետք է ցուցաբերել համալիր մոտեցում: Նախեւառաջ սկսեք դեմքի մաշկի մաքրումից եւ մեծ քանակությամբ խոնավացնող բաղադրիչներ պարունակող կոսմետիկ միջոցների կիրառումից:
Հիշեք, որ կարեւոր չէ, թե ինչպիսին է ձեր մաշկը: Պետք է խմել շատ հեղուկ՝ մաշկը ջրազրկումից պաշտպանելու եւ անհրաժեշտ խոնավությունը պահպանելու համար: Լավագույն հեղուկը դասական կանաչ թեյի եւ կիտրոնի խառնուրդն է: Այն նաեւ օգնում է նիհարել: Բացի այդ, կարելի է նաեւ խմել գազազրկված հանքային ջուր:
Չոր եւ թեփոտ մաշկ ունեցողներին խորհուրդ է տրվում օգտագործել հանքանյութերով եւ միկրոտարրերով հարուստ ջերմաջրեր, որոնք կհանգստացնեն մաշկը, կօգնեն վերականգնել կենսական ուժերը: Այս բաղադրություններն ունեն անհերքելի առավելություն. դրանք կարելի է տարածել նաեւ դիմահարդարանքի վրա՝ գործնական եւ անձնական հանդիպումների ժամանակ հիասքանչ տեսք ունենալու համար:
Մի մոռացեք դեմքի դիմակների մասին, որոնք կօգնեն մաքրել, սնուցել եւ վերականգնել մաշկն ամառվա «փորձություններից» հետո: Դիմակներ կարելի է ձեռք բերել ոչ միայն խանութներում, նաեւ՝ պատրաստել տնային պայմաններում: Չպետք է մոռանալ, որ «տնական դիմակը» ոչնչով չի զիջում վաճառվողին, եթե այն գրագետ ու խնամքով է պատրաստված:
Այս դեպքում կարեւորը ձեր մաշկին հարմար բաղադրության ընտրությունն է: Յուղոտ մաշկի համար հարմար են ձմերուկի միջուկի, մանրացրած գազարի, վարունգի դիմակները՝ խառնած ձվի սպիտակուցի հետ:
Չոր մաշկի համար օգտակար են բանանը, սալորը, սեխը՝ առանց լրացուցիչ խառնուրդի, իսկ մաշկի գրգռվածության, մազանոթների լայնացման ժամանակ արդյունավետ է մաղադանոսի տերեւներից եւ արմատներից թրմած հյութը:
Ընդհանրապես, ամռան վերջում խորհուրդ է տրվում երկու շաբաթով հրաժարվել քաղցր եւ յուղոտ ուտելիքից, առավելությունը տալով բանջարեղենին, մրգին ու կանաչեղենին. դա անհրաժեշտ է մաշկի ներքին սնուցման համար: