Ամենուր պարբերաբար անդրադառնում, միջոցառումներ են կազմակերպվում գենդերային բռնության դեմ եւ ամեն տարի աշխարհում ավելի շատ մարդիկ են իրենց ձայնը միավորում կանանց դեմ բռնությանը «ՈՉ» ասելու համար: Ինչպես նախորդ տարիներին՝ այս տարի եւս նոյեմբերի 25-ից մինչեւ դեկտեմբերի 10-ը հայտարարված է «Ակտիվության 16-օրյակ ընդդեմ գենդերային բռնության», որի նախաձեռնողն է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի «Ընդդեմ գենդերային բռնության» ծրագիրը, ըստ որի՝ 16-օրյա քարոզարշավի արմատները հետ են գնում դեռեւս 20-րդ դար եւ հիմնված են երկու պատմական իրադարձությունների վրա:
Առաջին դեպքը տեղի է ունեցել 1960 թ. նոյեմբերի 25-ին՝ Դոմենիկյան Հանրապետությունում, երբ պետությունը դաժանաբար մահապատժի ենթարկեց Միրաբալ երեք քույրերին, ովքեր քաղաքական ակտիվիստներ էին եւ դարձել էին Թրուհիլյո ռեժիմի դեմ դիմադրության խորհրդանիշ: Երկրորդ դեպքը տեղի է ունեցել 1989թ. դեկտեմբերի 6-ին՝ Կանադայում, երբ Մարկ Լեպինը կրակելով սպանել էր Մոնրեալի համալսարանի ինժեներական ֆակուլտետի 14 իգական սեռի ուսանողների: Մարդասպանը վստահ էր, որ այդ ֆակուլտետ իր չընդունվելու պատճառը իգական սեռի ուսանողների քանակն էր: Այս վայրենի գործողությունները սկիզբ դրեցին երկու համաշխարհային քարոզարշավների, որոնցից էր՝ «Ակտիվիզմի 16-օրյակ ընդդեմ գենդերային բռնության»: Իսկ ՄԱԿ-ը 1999 թ. պաշտոնապես ճանաչեց նոյեմբերի 25-ը որպես Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օր, որով էլ սկսվում է 16-օրյակը եւ տեւում մինչեւ դեկտեմբերի 10-ը: Նշենք, որ քարոզարշավն ընդգրկում է Կանանց նկատմամբ բռնության վերացման ՄԱԿ-ի միջազգային օրը (նոյեմբերի 25), ՁԻԱՀ-ի համաշխարհային օրը (դեկտեմբերի 1), Ստրկության դեմ պայքարի միջազգային օրը (դեկտեմբերի 2), Մոնրեալի կոտորածի օրը (դեկտեմբերի 6) եւ Մարդու իրավունքների միջազգային օրը (դեկտեմբերի 10): Այս 16-օրյակը, որն իրականացվում է աշխարհի 160 երկրներում, կոչ է անում վերացնել բոլոր տեսակի բռնությունները: Ինչ վերաբերում է Հայաստանում անցկացվող քարոզարշավին, ապա վերջինս ունի մի շարք նպատակներ. բարձրացնել հասարակության իրազեկությունը բոլոր տեսակի գենդերային բռնությունների մասին՝ ի հայտ բերելով Հայաստանում կանանց իրավունքների խախտման չճանաչված ձեւերը եւ փոխելով կանանց հանդեպ բռնության նկատմամբ վերաբերմունքը, ինչպես նաեւ նվաճել կառավարության պատրաստակամությունը՝ ճանաչելու, որ կանանց հանդեպ բռնությունը, լինի դա պետական կառույցի, թե մասնավոր անձի կողմից, համարվում է մարդու իրավունքների ոտնահարում, եւ որ միջազգային համաձայնագրերի ստորագրումն ու վավերացումը շատ քիչ բան է փոխում, եթե միաժամանակ ազգային իրավական մակարդակում էական փոփոխություններ չեն կատարվում: Քարոզարշավը նաեւ նպատակ ունի հզորացնել քաղաքացիական հասարակական կազմակերպությունների կարողությունները՝ բռնությունը կանխարգելող ծրագրերի ջատագովության եւ արդյունավետորեն իրականացնելու համար, նպաստել կանանց, մարդու իրավունքների եւ առողջապահական կազմակերպությունների, ինչպես նաեւ կանանց հանդեպ բռնության հարցերով զբաղվող մասնագետների համագործակցությանը եւ այլն: Քարոզարշավի շրջանակներում կանցկացվեն քննարկումներ, դասընթացներ, իրավաբանական, հոգեբանական եւ բժշկական խորհրդատվություններ ներընտանեկան բռնության զոհերի համար եւ այլն:
Հավելենք նաեւ, որ, ՄԱԿ-ի տվյալներով՝ աշխարհում յուրաքանչյուր երրորդ կինը ենթարկվում է ծեծի, հարկադրական սեռական հարաբերության կամ ամուսնու կողմից դաժան վերաբերմունքի: Եվ 15-44 տարեկան կանանց շրջանում գենդերային հիմքեր ունեցող բռնության պատճառով ավելի շատ մահացության ու հաշմանդամության դեպքեր են գրանցվել, քան քաղցկեղից, մալարիայից եւ պատերազմներից: