Կամ «Ժպիտների պատկերասրահը»՝ Վանաձորում
Այս տարվա ընթացքում Դիլիջանի թիվ 6 գիշերօթիկ դպրոցի տարածքում կազմակերպված միջազգային ուսանողական ֆորումի ժամանակ, ամառային ակտիվ եւ բազմաբովանդակ հանգստից զատ, կրթամշակութային դասընթացների շրջանակներում երիտասարդներն անցան «Համայնքային առաջնորդության դասընթաց»: Ֆորումը ֆինանսավորում է նաեւ մասնակիցների ներկայացրած ծրագրերը: «Կարողություն եւ զարգացում հանուն քաղաքացիական հասարակության» հ/կ-ի անդամ Էմմա Էդարյանի «Ժպիտների պատկերասրահ» ծրագիրը նույնպես դրամաշնորհ շահածների թվում է: Այն նոյեմբերի 7-ին Վանաձորի Հայքի հրապարակից մեկնարկեց երիտասարդական երթով: Ժպիտներ պատկերող գունեղ պաստառներով երիտասարդներն անցան քաղաքի կենտրոնական փողոցներով՝ հասնելով քաղաքային այգի: Երթի կողքով անցնող միջին տարիքի մի տղամարդ նկատեց. «Էս ինչ սիրուն պաստառներ են, լավ բան եք արել, էրեխեք ջան»: Քիչ այն կողմ մի տատիկ էլ արձագանքեց. «Հրաշք բան է, լավ ուրախացա»:
«Այս միջոցառումը կազմակերպվել է, որպեսզի որոշ փոփոխություններ մտցվեն ձեր առօրյայում՝ հետաքրքիր դարձնելով այն,- մասնակիցներին տեղեկացրեց կազմակերպիչը,- մենք այսօր այնքան ենք ծանրաբեռնվել առօրյա հոգսերով, որ ժամանակ չենք ունենում վերցնելու կյանքից այն լավը, ինչ հնարավոր է: Կյանքում լավը գնահատելու, ներդաշնակ ապրելու համար կարեւոր է ժպիտը»:
«Ժպիտը բարության խորհրդանիշն է: Ժպտացող մարդը կարծես ավելի մեծ հնարավորություն ունի գնահատելու բնության պարգեւները: Ժպտացող մարդը նաեւ ավելի ուշադիր է լինում, իսկ ուշադիր մարդը ավելի մեծ չափով է նկատում ու պահպանում շրջապատի լավը»,- ժպիտի բարերար ազդեցություններն է թվարկում «Ժպիտների պատկերասրահ» ծրագրի խորհրդատու Նարինե Դալլաքյանը:
Մինչեւ նոյեմբերի 20-ը երթի մասնակիցները ժպտացող մարդկանց լուսանկարներ պետք է ներկայացնեն ծրագրի ղեկավարներին, որոնք կցուցադրվեն նոյեմբերի 21-ին կայանալիք ցուցահանդեսի ժամանակ. լավագույնները կարժանանան մրցանակի:
Հ. Գ. Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսի 31-ին էլ Երեւանում կայացավ մեկ այլ՝ Free hugs ակցիան, որի շրջանակներում Հանրապետության հրապարակից մասնակիցները՝ «Արի գրկեմ», «Անվճար գրկախառնություն» եւ այլ պաստառներով շարժվեցին դեպի Սիրահարների այգի՝ ճանապարհին գրկելով պատահական անցորդներին: