Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե հավաքականի համար փորձ չունեմ, չեմ համաձայնի»

Նոյեմբեր 10,2009 00:00

Երեկ «Ռէժինե» հյուրանոցում տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիս էր հրավիրել հերթական անգամ Հայաստանի չեմպիոն հռչակված «Փյունիկ» ակումբը:

\"\"Ասուլիսին ներկա էին «Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, թիմի ավագ Սարգիս Հովսեփյանն ու ակումբի նախագահ Կարեն Հարությունյանը: Նրանք արդեն պատմություն դարձած առաջնության մասին իրենց տպավորությունները ներկայացրին լրագրողներին, ինչպես նաեւ տեղեկացրին առաջիկա ծրագրերի մասին:

Փյունիկցիների գնահատմամբ, «Մրցաշրջան-2009»-ն ընդհանուր առմամբ հաջողված էր, քանի որ 4 մրցաշարերից երկուսում, որոնց «Փյունիկը» մասնակցել է, հաղթող է ճանաչվել: Խոսքը Հայաստանի առաջնության եւ գավաթի մասին է: Սուպերգավաթում «Արարատից» կրած պարտությունը, ըստ Կարեն Հարությունյանի, պայմանավորված էր երիտասարդացված կազմով հանդես գալով: Իսկ ինչ վերաբերում է «Չեմպիոնների լիգային», ակումբը լրջորեն է տրամադրված հաջորդ տարվա խաղարկությանն ու հետեւություններ է արել 2009թ.-ի բացթողումներից: Մարզիչ Վարդան Մինասյանը նշեց, որ թիմին անհրաժեշտ է դարպասապահի, պաշտպանական եւ հարձակվողական օղակները համալրել հավաքականի անդամ այլ ակումբների ներկայացուցիչներով կամ արտասահմանցի լեգեոներներով: Իսկ նախագահ Կարեն Հարությունյանը չբացառեց, որ Հայաստան, մասնավորապես՝ «Փյունիկ», կարող են վերադառնալ Լեւոն Պաչաջյանն ու բազմափորձ Ռոման Բերեզովսկին: Սակայն դա միայն այն դեպքում, եթե ֆուտբոլիստները հրավերներ չունենան բարձրակարգ ակումբներից: Կարեն Հարությունյանը չբացառեց նաեւ, որ «Փյունիկի» մի շարք ֆուտբոլիստներ կարող են մեկնել Իրան՝ մինչ ապրիլն ընկած ժամանակահատվածում Իրանի առաջնությունում վարձավճարով հանդես գալու: Ակումբի նախագահը նաեւ նշեց, որ ֆինանսական ճգնաժամի պայմաններում, երբ ամենուրեք բյուջեների կրճատում է նկատվում, 2010-ին «Փյունիկի» բյուջեն չի կրճատվելու:

Թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն իր հերթին ներկայացրեց թիմի նախապատրաստության հետագա ընդհանուր ծրագիրը՝ նշելով, որ մարզումները կվերսկսվեն դեկտեմբերի 23-ին: Ըստ Մինասյանի, «Փյունիկը» երեք հավաք է անցկացնելու, որոնցից առաջինը կմեկնարկի հունվարի վերջին: Հավաքատեղիները, սակայն, դեռ որոշված չեն: Որոշված չէ նաեւ՝ կմասնակցի՞ մեր չեմպիոնը ԱՊՀ չեմպիոնների գավաթի հերթական խաղարկությանը, թե՞ ոչ: Վարդան Մինասյանը նշեց միայն, որ կա մի պատճառ, որից դրդված կուզենային մասնակցել ամենամյա գավաթի այդ խաղարկությանը, բայց չակերտներն այդպես էլ չբացեց: Ամեն դեպքում, ըստ մարզչի, մասնակցել-չմասնակցելու որոշումը որեւէ տեղաշարժ չի մտցնի ծրագրերում:

Խոսելով ընդհանուր առմամբ առաջնության եւ թիմերի ցուցադրած խաղի մասին՝ Մինասյանը փաստեց, որ ուժեղագույն կազմն առաջնությունում ուներ «Միկան», որը, սակայն, թիմային խաղ չէր ցուցադրում. «Ի տարբերություն «Միկայի»՝ «Ուլիսը» ցուցադրում էր թիմային եւ որակյալ խաղ: Եվ այստեղ երեւում էր մարզչական աշխատանքը: «Բանանցին» այս տարի շատ խանգարեցին վնասվածքները: Մի քիչ հիասթափեցրեց «Գանձասարը», որն այլեւս իրեն բնորոշ այն ագրեսիվ ֆուտբոլը չէր ցուցադրում: «Շիրակին» մենք սովոր ենք տեսնել սեփական հարկի տակ հյուրընկալվելիս՝ մեկ այլ «դեմքով»:

Հաջող մրցաշրջան անցկացրեց «Կիլիկիան»: Իսկ ինչ վերաբերում է «Արարատին», զարմանալի է, որ այդ ֆուտբոլը ցուցադրող եւ այդ կազմն ունեցող թիմը վերջինն է: Հարցին, թե արդյոք ավելի ճիշտ չէ՞ր լինի «Արարատին» թողնել բարձրագույն խմբում՝ դրանով իսկ թիմերի քանակը հասցնելով 9-ի, զգացմունքային պատասխան տվեց «Փյունիկի» ավագ Սարգիս Հովսեփյանը. «Հետաքրքրությունը կկորի: Պետք է, որ մի թիմ անպայման լքի բարձրագույն խումբը, որպեսզի ղեկավարությունն իրեն հավաքի, լավ պատրաստվի, լուրջ մոտենա, նորմալ թիմ հավաքի-խաղա»:

Իհարկե, մեր ֆուտբոլի բազմափորձ պաշտպանը սխալ չէ, սակայն հարց է առաջանում՝ ինչո՞ւ են նման պոռթկումներն առաջանում այն ժամանակ, երբ խոսքը վերաբերում է «Արարատին», այլ ոչ թե վերջին տարիների անհույս ետնապահ «Կիլիկիային»: Ի վերջո, «Կիլիկիայի» ղեկավարներն էլ քիչ խնդիրներ չունեն՝ իրենց «հավաքել-չհավաքելու եւ լրջանալու» դաշտում: Բայց սա արդեն այլ «օպերայից» է: Իսկ մեր «օպերայում» նաեւ շոշափվեց հենց Սարգիս Հովսեփյանի ֆուտբոլային երկարակեցության ու ֆուտբոլում խթանների հարցը: Ի պատասխան լրագրողի հարցին, թե ի՞նչ բարձունքների է ուզում Հայաստանում ամեն ինչ նվաճած ֆուտբոլիստը հասնել, հավաքականի եւ չեմպիոն թիմի ավագը նշեց, որ չնայած մեծ նվաճումների է հասել Հայաստանի առաջնություններում, սակայն ցանկություն ունի բարելավել արդյունքները Հայաստանի հավաքականում եւ ակումբային միջազգային մրցաշարերում։ Հովսեփյանը, որ նախորդ տարի ճանաչվել էր Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ, նշեց նաեւ, որ կշնորհավորի նրան, ով այս տարի կարժանանա այդ մրցանակին՝ միեւնույն ժամանակ խուսափելով կանխատեսում անել: Կանխատեսումներից խուսափեց նաեւ Վարդան Մինասյանը, սակայն փաստեց, որ «Փյունիկից» դուրս լավագույնն է համարում Հրայր Մկոյանին: Իսկ ահա Կարեն Հարությունյանը որպես լավագույն ֆուտբոլիստ նշեց Հենրիխ Մխիթարյանին:

Ի դեպ, Վարդան Մինասյանը հպանցիկ անդրադարձավ նաեւ ազգային հավաքականում իր գործունեությանը՝ փաստելով, որ իր պայմանագրի ժամկետն ավարտվել է, եւ եթե անգամ նրան նորից առաջարկվի ղեկավարել ազգային թիմը, ինքը «Փյունիկը» չի թողնի. «Հավաքականում աշխատելու համար փորձ է անհրաժեշտ: «Փյունիկում» ես որպես մարզիչ սխալներ կատարել եմ, բայց ակումբում սխալներն ուղղելու համար տրված ժամանակը երկար է: Հավաքականում աշխատելը մեծ պատասխանատվություն է ու մեծ պատիվ: Եթե ես անհրաժեշտ փորձը չունեմ, չեմ համաձայնի…»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել