Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ՝ ԳԱՖԷՍՃԵԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Նոյեմբեր 10,2009 00:00

Նոյեմբերի 8-ը նորաբաց Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հայտարարել էր բացառիկ բաց դռների օր, որը արվեստասերներին հնարավորություն պիտի տար ծանոթանալու ժամանակակից արվեստի հավաքածուներին՝ անվճար մուտք գործելով թանգարանի նորաբաց ցուցասրահներ: Ըստ tert.am-ի, բացման առթիվ հրապարակված տեղեկատվական բուկլետներում «Բաց դռների օրը» սահմանված է նոյեմբերի 8-ին՝ ժամը 10-22: Իրականում արվեստի կենտրոնը ժամը 22-ից մի քանի ժամ առաջ փակեց դռները: Ոչ հսկիչներից, ոչ էլ կենտրոնի երիտասարդ աշխատակցուհիներից tert.am-ին որեւէ տեղեկություն ստանալ չհաջողվեց, բոլորը պնդում էին, թե ոչինչ ասել չեն կարող: Միակ պատճառաբանությունն այն էր, որ բուկլետում նշված է եղել շարժասանդուղքների գործելու ժամերը: Միեւնույն ժամանակ, ըստ աղբյուրի, մինչ «ուշացածները» զայրացած սպասում էին մուտքի առջեւ, հսկիչները խմբով ներս էին թողնում հավանաբար VIP հյուրերի: Իսկ նոյեմբերի 7-ին, ցուցասրահի պաշտոնական բացման օրը, որին, ի թիվս բազմաթիվ բարձրաստիճան հյուրերի, ներկա էին նաեւ ՀՀ նախագահն ու Գարեգին Բ կաթողիկոսը, մենք՝ մեր հերթին, այլ անակնկալի հանդիպեցինք. «Արշիլ Գորկի» սրահի այցելուները երեկոյան 20-ի սահմաններում հնարավորություն չունեին դուրս գալու. ոստիկանները թույլ չէին տալիս աստիճաններով իջնել, իսկ վերելակը խափանված էր եւ «կալանել» էր մի խումբ մարդկանց, որոնք անսարքության արդյունքում, ոչ իրենց կամքով, «վերուվար» էին անում վերելակով: Հավանաբար, պատճառն այն էր, որ «ֆիրմա» վերելակը դեռ չէր վարժվել հայկական մենտալիտետին, եւ որոշել էր չսպասարկել 21 հոգու համար սահմանված տարածքում մի կերպ խցկված 25-ին:

Ինչ վերաբերվում է բուն թանգարանին, եւ առավել եւս՝ այս օրերին ցուցասրահներում ներկայացվող Ջերարդ Գաֆեսճյանի անձնական հավաքածուներին, ապա դրանք իսկապես արժանի են տեսնելու, եւ ոչ թե դրանց մասին լսելու, թեկուզ՝ այցելության համար որոշակի գին վճարելով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել