Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վանաձորը կունենա սատիրային թատրոն

Նոյեմբեր 10,2009 00:00

Երգիծաբան-դրամատուրգ Սամվել Խալաթյանը հույս ունի, թե տոմսարկղի մոտ հերթեր կգոյանան

Իր թատերասեր հասարակությամբ եւ լավագույն դերասաններով հայտնի էր դեռ խորհրդային Կիրովականը: Հանրապետության երրորդ քաղաք Վանաձորում այսօր գործում է 3 թատրոն՝ Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկականը, «Բոհեմ» կամերային եւ մարզի միակ տիկնիկային թատրոնը, որին «Առավոտը» առիթ ունեցել է անդրադառնալու: Այստեղ թատերասեր հասարակության մի ստվար մաս, անշուշտ, սատիրայի թատրոնի երկրպագու է:

«Այսօր Վանաձորում անհրաժեշտություն է սատիրայի թատրոնը. հասարակությունը դրա պահանջը խիստ զգում է»,- Վանաձորում սատիրայի թատրոն հիմնելու ցանկությունն այսպես է բացատրում երգիծաբան-դրամատուրգ Սամվել Խալաթյանը, որը հույս ունի, թե տոմսարկղի մոտ դեռ հերթեր կգոյանան: Նրա եւ համախոհ մի խումբ դերասանների առաջին հանդիպումը նոյեմբերի 8-ին էր՝ Վանաձորի Ստեփան Զորյանի տուն-թանգարանում:

«Վանաձորում էստրադայի ժանրն այսօր այնքան էլ զարգացած չէ. մեր նպատակն է այս ժանրի զարգացումը նաեւ, ուստի սկզբնական շրջանում զերծ կմնանք կոնկրետ ներկայացումներ խաղալուց՝ շեշտը դնելով էստրադայի ժանրին հատուկ ներկայացումների վրա»,- տեղեկացրեց Ս. Խալաթյանը՝ վստահեցնելով, որ տուրք չեն տալու էժանագին իրոնիային: Նա տեղեկացրեց նաեւ, որ վեր են հանվելու արդիական թեմաներ: «Մի խոսքով՝ ծիծաղելու ենք ինքներս մեզ վրա»,- ասաց մեր զրուցակիցը:

Թատրոնի դերասանական կազմն առայժմ 6-7 հոգի կլինի: Ս. Խալաթյանը հույս ունի, որ ապագայում թատրոնը կունենա սեփական տանիք, իսկ մինչ այդ ներկայացումները կբեմադրվեն քաղաքի մյուս թատերական հաստատությունների բեմերում: Հովանավորներ էլ, իհարկե, կլինեն: Ավելին՝ սա այն դեպքն է, երբ մի քանի հովանավորներ միանգամից առաջարկել են իրենց օգնությունը, եւ Ս. Խալաթյանն ինքն ապագայում կորոշի՝ ում առաջարկն ընդունել: Այս մասին նա առայժմ բարձրաձայնել չցանկացավ: «Սամվել Խալաթյանի այս նախաձեռնությունը մեծ արվեստագետին հատուկ քայլ է: Սրանով երիտասարդ սերնդի դերասանների գործունեության համար արժանի դաշտ է ապահովվում»,- Sատիրայի թատրոն ստեղծելու գաղափարն է գնահատում Ստեփան Զորյանի տուն-թանգարանի տնօրեն, բանաստեղծուհի Լենա Անթառանյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել