Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԱՄԵՐԱՅԻՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ԿՈՄԻՏԱՍՅԱՆ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ

Նոյեմբեր 10,2009 00:00

Օտարերկրյա ունկնդրին ներկայացվեց երգահանի ժառանգությունը

«Առավոտը» ժամանակին տեղեկացրել էր, որ Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան) այս տարի իրականացնելու է Կոմիտասի 140-ամյա հոբելյանի կապակցությամբ ձեռնարկներ: Քանի որ երգչախումբը նոր էր վերադարձել արտասահմանյան շրջագայությունից, զրուցեցինք «Կոմիտաս 140» ծրագրի նախաձեռնող ու համակարգող, Կամերային երգչախմբի տնօրեն Արմեն Արաբյանի հետ: Նրա համոզմամբ. «Կոմիտասը հատկապես խմբերգային արվեստի թիվ մեկ այցետոմսն է, որովհետեւ ընկալելի է ոչ միայն հայերին, այլեւ օտարներին»:

Մեր զրուցակիցը հայտնեց, որ հոկտեմբերի 12-22-ը Փարիզում 3 համերգ են ունեցել: Առաջինը տեղի մշակույթների տանը կայացած համերգ- դասախոսությունն էր Կոմիտասի մասին, որին մասնակցել են երգչախումբը, երգիչներ Բարսեղ Թումանյանը, Ջուլիետ Գալստյանը, Հասմիկ Թորոսյանը, դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը, բանախոսն էլ արվեստագիտության թեկնածու, երաժշտագետ Մհեր Նավոյանն էր, երկրորդ համերգը Սեն-Լուի տաճարում էր, իսկ երրորդը, որը պաշտոնական գալահամերգ էր երկու երկրների մշակույթի նախարարների մասնակցությամբ՝ Գավո դահլիճում: Ա. Արաբյանի փոխանցմամբ, իրենց ունկնդիրները 80%-ով ֆրանսիացիներ էին, որոնք ոգեւորությամբ են ընդունել յուրաքանչյուր ելույթ: Հայկ Դավթյանի ղեկավարությամբ նույն համերգին հանդես է եկել նաեւ ֆրանսիական Կամերային նվագախումբը եւ «Արպեջիո» քառյակը:

Ըստ Ա. Արաբյանի, չնայած Ֆրանսիայի մշակույթի նախարարը պաշտոնական մի հանդիպման մասնակցելու պատճառով երկրորդ բաժնից պիտի լքեր համերգը, սակայն մնացել է մինչեւ վերջ, համերգի ավարտից հետո իջել երաժիշտների մոտ, շնորհակալություն հայտնել եւ խոստացել, որ առաջիկա մի քանի ամիսներին էլի կհանդիպեն: Կոմպոզիտոր Դավիթ Հալաջյանն էլ կազմակերպել է կամերային երգչախմբի ժնեւյան եւ ցյուրիխյան համերգները, որոնք նույնպես հաջող են անցել: Ա. Արաբյանն ասաց, որ կոմիտասյան շրջագայության տեսագրությունը, որի վրա աշխատել են Սուրեն Տեր-Գրիգորյանը եւ Ռուբեն Օսիպովը, պատրաստվում են ֆիլմ դարձնել: Հիշեցնենք, որ Հայաստանի պետական կամերային նվագախմբի Հայաստանում կոմիտասյան ամենամեծ միջոցառումները Սաղմոսավանքում կայացած կենդանի համերգներն էին՝ այս տարվա հուլիսին: Այդ ձայնագրություններից 2 ձայնասկավառակ է պատրաստվել՝ «Կոմիտասի աշխարհիկ խմբերգեր» եւ «Կոմիտասի հոգեւոր խմբերգեր». մոտ 80 ստեղծագործություն, որոնց մեջ կան նաեւ մինչ այժմ չկատարված գործեր:

2010-ին հնարավոր են Կամերայինի հյուրախաղերը Արաբական Միացյալ Էմիրություններում, Հունաստանում, Հյուսիսային Ամերիկայում եւ Կանադայում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել