Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՄԻՏԱՍՅԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆԵՐ

Նոյեմբեր 10,2009 00:00

Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում բուհի հիմնադրման 40-ամյակի շրջանակներում տեղի ունեցավ Կոմիտասի ծննդյան 140-ամյակին նվիրված փառատոն՝ «Կոմիտասյան կատարումներ»: Մասնակցում էին ՎՊՄԻ-ն, Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական հայկական մանկավարժական համալսարանը, Կոմիտասի անվան կոնսերվատորիան: «Սա մի հակաքայլ է՝ ուղղված նրանց, ովքեր ուշադիր չեն, պատվախնդիր չեն, արժանապատվորեն չեն վերաբերվում իրենց կոչմանը եւ հայ երգին հիմնականում»,- փառատոնի գլխավոր նպատակն այսպես ձեւակերպեց ՎՊՄԻ ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը: Շնորհիվ Կոմիտասի՝ այսօր կարող ենք լսել եւ կատարել միջնադարյան ակնաերգերը, Նարեկացու տաղերը, շարականները: Հայ երգի հոգեւոր հայրը, ինչպես նրան հաճախ անվանում են, անդրադարձել է ժողովրդական երգի բոլոր դրսեւորումներին. դիմել է աշխատանքային երգին այնպիսի խորությամբ ու բազմազանությամբ, որպիսին ոչ մի երաժշտագետ ու երաժիշտ՝ անկախ ազգային պատկանելությունից, դեռեւս չէր ներկայացրել: Նա դիմել է պանդխտության երգին, հոգեւոր, սիրո երգերին, որոնց լավագույն նմուշներն էլ հնչեցին փառատոնին. «Կռունկ», «Գարուն ա», «Չինար ես», «Հով արեք», «Սոնա յար» եւ այլն: Իսկ որոշ երգերի կրկնվող կատարումները՝ տարբեր մշակումներով՝ վոկալ, դաշնամուրային, ջութակի համար, մեկ անգամ եւս ապացուցեցին, որ Կոմիտասն ամենասիրված ու ամենաշատ կատարվող հեղինակներից է:
Փառատոնի վերջում մրցանակներ ու դիպլոմներ հանձնվեցին լավագույն կատարողներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել