Միացյալ Նահանգները առաջարկել է Վրաստանին ավելի քան 100 մլն դոլարի զենք եւ ռազմամթերք մատակարարել: ՌԴ հատուկ ծառայություններում, «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ի աղբյուրի պնդմամբ, հավաստի տեղեկություններ կան, որ զենքը Վրաստանին է փոխանցվելու ոչ թե ամերիկյան կառավարության խողովակներով, այլ՝ երկրի ղեկավարության գիտությամբ եւ հավանությամբ: Աղբյուրի փոխանցմամբ, ի պատասխան պաշտոնական Թբիլիսիի խնդրանքին, ամերիկյան Barrington Alliance անունով մի ընկերություն առաջարկել է Վրաստանին տրամադրել հակահրթիռային պաշտպանության եւ հակատանկային հրթիռային համակարգեր, ավտոմատ ինքնաձիգ զենք եւ համապատասխան զինամթերք: Ամերիկացիները մտադիր են Վրաստանին վաճառել Patriot, Stinger, Javelin, Hellfire համակարգեր: ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբում այս տեղեկությունները հաստատել են:
Դեռ օգոստոսին ՌԴ ԱԳՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին՝ Վրաստանին զենք մատակարարելու համար: «Մեր տվյալներով, ԱՄՆ-ի կողմից Վրաստանին սպառազինությունների տրամադրումը շարունակվում է եւ դա մեզ ստիպում է համապատասխան միջոցներ ձեռնարկել»,- հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը: Ավելի վաղ ՆԱՏՕ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռագոզինն էր սպառնացել Ամերիկայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել: Անցած շաբաթ Ռուսաստանի գլխավոր հետախուզական վարչության պետ Ալեքսանդր Շլյախտուրովն էր հայտարարել, թե Վրաստանին ռազմական օգնություն են ցուցաբերում ՆԱՏՕ-ի անդամ երկրները, Ուկրաինան եւ Իսրայելը: Շլյախտուրովը չի բացառել, թե Վրաստանն ընդունակ է տրվել գայթակղություններին եւ կրկին ուժ կիրառել, նրա ձեւակերպմամբ՝ «ըմբոստ հանրապետություններին՝ Աբխազիային եւ Հարավային Օսեթիային սանձելու համար»: