Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մյանմայի ընդդիմադիր առաջնորդը ազատ կարձակվի

Նոյեմբեր 10,2009 00:00

\"\"Հնարավոր է, որ մոտ ապագայում Մյանմայի զինվորական կառավարությունը ազատ արձակի այդ երկրի ընդդիմության կալանավորված առաջնորդ Աուն Սան Սու Չժիին (նկարում): Այդ մասին երկուշաբթի օրը «AP» գործակալությանը հայտարարել է Մյանմայի ՆԳՆ ղեկավար Մին Լվինը:

«Կա ծրագիր, որի համաձայն, ընդդիմադիր գործիչը կարող է շուտով ազատ արձակվել»,- ասել է Լվինը՝ հավելելով, որ այդ պարագայում Սու Չժին կարող է հասցնել նույնիսկ իր սեփական կուսակցությունը ձեւավորել: Ընդսմին, դեռ հայտնի չէ՝ ընդդիմադիր գործչին թույլ կտրվի՞ մասնակցել սպասվող ընտրություններին:

Հիշեցնենք, որ Մյանմայի ընդդիմադիր գործիչ, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր տիկին Աուն Սան Սու Չժին կալանքի տակ է գտնվում արդեն 14 տարի: Վերջին եւ հերթական անգամ նա դատապարտվել է այս տարվա օգոստոսին. դատարանն իր վճռով եւս 18 ամսով երկարաձգել էր նրա ազատազրկման ժամկետը՝ տնային կալանքի պայմանները խախտելու համար: Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ քաղաքացին ներթափանցել էր Չժիի տուն: Ամերիկացին եւս դատապարտվել էր, բայց շուտով ազատ էր արձակվել ամերիկացի սենատոր Ջիմ Ուեբբի միջամտության շնորհիվ: Ընդդիմադիր գործչի գլխավորած «Հանուն ժողովրդավարության ազգային լիգա» կուսակցությունը 1990-ին համոզիչ հաղթանակ էր տարել երկրի խորհրդարանական ընտրություններում, բայց իշխող զինվորական խունտան հրաժարվել էր ճանաչել ընտրությունների արդյունքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել