Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Շիրակում լեզուն հարգո՞ւմ են

Նոյեմբեր 10,2009 00:00

Լեզվի պետական տեսչությունն այս մարզում «Լեզվի մասին» օրենքի կոպիտ խախտումներ չի հայտնաբերել:

Օրերս Շիրակի մարզպետարանի տարածքային կառավարման վարչության պետ Կարլեն Աբրահամյանը «Առավոտի» հետ զրույցում խոսելով համայնքների խոշորացման մասին՝ տեղեկացրեց, որ ծրագրի նպատակներից մեկն էլ անգրագետ գյուղապետերից ազատվելն է: Ի դեպ, նա հաճախ է ի ցույց դնում գյուղապետերի «ցնցող» գործավարությունը՝ յուրաքանչյուր մարզխորհրդի նիստի ժամանակ նրանց անգրագիտությունից մի «գլուխգործոց» պատմելով, գյուղապետերին ոտքի կանգնեցնելով ու թուքումուր տալով: Գյուղապետերից ոմանց կրթական մակարդակն այնքան ցածր է, որ սեփական անուն-ազգանունն են տառասխալներով գրում: Չնայած դրան՝ Լեզվի պետական տեսչությունը Շիրակում ակնառու խախտումներ չի նկատում, ավելին, լեզուն անաղարտ պահելու համար պատրաստվում է պարգեւատրել Շիրակի մարզպետարանի աշխատակազմին: Այս մասին երեկ Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում հրավիրած ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Լեզվի պետական տեսչության պետ Լավրենտի Միրզոյանը: Ըստ նրա՝ Շիրակում իրենց կատարած վերլուծությունները ցույց են տվել, որ այստեղ օրենքի խախտումները քիչ են: Գյումրիի քաղաքապետարանում կատարած ստուգումներն էլ ցույց են տվել, որ այս կառույցի ստորաբաժանումներում ընդհանուր առմամբ օրենքի պահանջները պահպանվել են՝ բացի 5 նախակրթարաններից, որտեղ օտարալեզու ուսուցման պատճառով խախտվել է կրթության ու դաստիարակության լեզուն: Տնօրենները տուգանվել են՝ 100-150 հազար դրամի չափով: Նմանատիպ փաստ արձանագրվել է նաեւ Արթիկի համաբուժարանում, որտեղ գրագրությունն արվել է օտար լեզվով: «Առավոտը» Լ. Միրզոյանից հետաքրքրվեց՝ ուսումնասիրություններ կատարվե՞լ են Շիրակի գյուղապետարաններում, եւ եթե այո, ինչպե՞ս Շիրակի մարզում կոպիտ խախտումներ չկան, եթե այս մասին բարձրաձայնում են հենց մարզպետարանի չինովնիկները: «Գյուղական համայնքներում ստուգումներ կատարել ենք: Խախտումներն այսպիսին են եղել. հնուց, ասենք, հաշվապահական մի ձեւաթուղթ է մնացել, հիմա էդ մի թղթի համար գյուղապետին տանեմ դատարա՞ն հասցնեմ, ասեմ՝ 200 000 տուգանվելու ես, դրանից իմ օգուտը ո՞րն է: Էդ մարդն էլ էդ ձեւաթուղթը վերցնում, պատռում, ասում է՝ «Էլ չեմ օգտագործի»: Մեր խնդիրը պատասխանատվության ենթարկելը չէ, այլ բացատրելը: Լեզվի տեսչությունն ի՞նչ անի, երբ գյուղերում գյուղապետ են ընտրում նրան, ում ազգը կամ բարեկամությունը շատ է, իրենց ազգից մի անգրագետի բերում-նշանակում են գյուղապետ»,- արդարանում է Լեզվի տեսչության պետը: Նրա ասելով՝ իրենք երբեմն խախտումները նկարում ու դիմում են դատարան, սակայն դատավորները հրաժարվում են իրենց հայցն ընդունել՝ պատճառաբանելով, որ նկարածի վրա օր ու ժամ ֆիքսված չեն: «Բոլորս էլ տեսնում ենք, որ կոնյակի գործարանի վերեւը «Արարատը» գրված է ոչ հայերեն տառերով, դատավորն ասում է՝ պարոն Միրզոյան, Ձեր աչքերը լավ չեն տեսնում, հայերեն է գրված, ես այդ դատավորին ի՞նչ ասեմ: Լեզվի տեսչությունը չունի իրավաբաններ, բանասերներ ենք, դատարանը ոնց ուզում է՝ շուռ է տալիս»,- ասում է Լավրենտի Միրզոյանը՝ դժգոհելով, որ իրենց տեսուչներն այսօր պաշտպանված չեն, լինում են դեպքեր, երբ տնտեսվարողներն իրենց մոտ խախտումներ հայտնաբերած տեսուչներին կոպտում են, անպատվում, սպառնում:

Լեզվի տեսչությունը որոշել է խստացնել տուգանքների չափը՝ առաջարկություն է ներկայացրել Ազգային ժողով՝ օրինախախտներից 50-200 հազար դրամի փոխարեն 300-500 հազար գանձելու համար: Բանն այն է, որ տնտեսվարողներից շատերը խորամանկում են՝ չտուգանվելու համար օտար լեզվով գրված ցուցանակը հանում ու 3 օրով պահում են իրենց օբյեկտում՝ իբրեւ թե կատարում են օրենքի պահանջը՝ սահմանված 3 օրում վերացնում են թերությունները, սակայն 3 օր անց նորից նույն ցուցանակը փակցնում են: Բացի այդ, ըստ Լավրենտի Միրզոյանի, Հայաստանում կան տնտեսվարողներ, օրինակ՝ «Արարատ» կոնյակի գործարանը, «ԱրմենՏելը», «ՎիվաՍելը», որոնց համար 50 կամ 100 հազար չափով տուգանքը զգալի գումար չէ: «50 կամ 100 հազար դրամը մուծում են, բայց ասում են՝ թող իմ 5 000 դոլար արժողությամբ ցուցանակը մնա իր տեղում, հիմա մենք առաջարկել ենք, որ օրենքում փոփոխություն մտցվի»,- ասում է Լավրենտի Միրզոյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել