Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՆՏԵՐՆՇԻՊԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Նոյեմբեր 10,2009 00:00

\"\"Բրյուսովում սկսել են կիրառել պրակտիկայի այլընտրանքային, արեւմտյան ձեւը՝ ինտերնշիպը

Արդեն 8-րդ ամիսն է, Վ. Բրյուսովի անվան Երեւանի պետական լեզվաբանական համալսարանը Եվրասիա համագործակցություն հիմնադրամի շնորհիվ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցությամբ իրականացնում է «Ուսումնական պրակտիկայի համակարգի բարելավումը ՀՀ-ում» ծրագիրը, որը շրջանառության մեջ է մտել «Ինտերնշիպ» աշխատանքային անվանումով: Ծրագրի հիմնական նպատակն է՝ միմյանց հետ ծանոթացնել բուհերի շրջանավարտներին եւ նրանց ապագա գործատուներին: Ծրագրի մասին զրուցեցինք «Ինտերնշիպի» ղեկավար, ԵՊԼՀ ռուսաց լեզվի, գրականության եւ օտար լեզուների ֆակուլտետի դեկան Գայանե Մարկոսյանի հետ: Մեր հարցին՝ ինչո՞վ է տարբերվում «Ինտերնշիպը» սովորական պրակտիկայից, որին մասնակցում են ուսանողները վերջին կուրսերում, տիկին Մարկոսյանը պատասխանեց. «Պրակտիկան ուսումնական պլանների բաղկացուցիչ մասն է, որը տալիս է այն գործնական հմտությունները, որոնք բուհի դասընթացներից ստանալու հնարավորությունները սահմանափակ են՝ հաշվի առնելով, որ մեզ մոտ ուսումնական գործընթացը նոր է ձերբազատվում իր շատ ակադեմիական, տեսական մոտեցումներից: Այն ոլորտներում, որտեղ պրակտիկան արդեն իսկ կայացած էր սովետական կրթական համակարգի ժամանակ, մենք լավ ավանդույթները շարունակում ենք: Մեր բուհի դեպքում դա մանկավարժական պրակտիկան է, որը չունի հիմնավոր փոփոխությունների կարիք: Սակայն այսօր ընդլայնվում եւ փոփոխվում է մասնագիտությունների եւ մասնագիտացումների ցանկը, ինչը պահանջում է նոր, ճկուն, երբեմն անհատական մոտեցումներ՝ պրակտիկայի ժամկետների, ձեւերի առումով, սակայն պրակտիկայի կազմակերպման «հոսքային» ձեւը հակասում է անհատ մասնագետ պատրաստելու ժամանակակակից պահանջին: Մինչդեռ ինտերնշիպը՝ այն մեխանիզմը, որ կա եւ լայնորեն կիրառվում է արեւմտյան կրթական համակարգում, միտված է նրան, որ յուրաքանչյուր շրջանավարտ փորձի գտնել իր աշխատանքային տեղը: Զուր չէ, որ այնտեղ ուսանողները վերջին տարվա ամառային ինտերնշիպը ճակատագրական են համարում, որովհետեւ, այն բանից, թե որտեղ եւ ինչպես նրանք կանցնեն ինտերնատուրան, գրեթե կախված է ապագա աշխատանքի տեղավորման հաջողությունը»:

Տիկին Մարկոսյանը գտնում է, որ այս ծրագիրը կարեւոր է ոչ միայն հիմնական օղակների՝ գործատուի եւ ուսանողի (կամ շրջանավարտի), այլեւ՝ հենց բուհի համար, քանի որ լավ կադրեր պատրաստող բուհի վարկանիշը բարձրանում է գործատուների աչքում: «Դա համագործակցության շղթայական էֆեկտ է տալիս: Ասեմ ավելին՝ «Եվրասիայի» հիմնադրամի հետ մեր սերտ գործընկերային հարաբերություններին, ԵՀՀ-ի տնօրենի իսկ խոստովանությամբ, նպաստեցին մեր ուսանողները, որոնք գնում էին ԵՀՀ՝ կամավորական հիմունքներով աշխատելու, եւ իրենք տեսել էին, որ մեր բուհի շրջանավարտներն ավելի, քան մյուս բուհերինը, բավարարում են իրենց պահանջներին: Ու այդտեղից ծնվեց երկարաժամկետ համագործակցության եւ, մասնավորապես, նման ծրագիր իրականացնելու գաղափարը»:

Տիկին Մարկոսյանը կարծում է, որ իրենց առջեւ դրված գլխավոր խնդիրը հիմնականում իրականացված է. «Քանակական իմաստով ծրագրին մասնակցեցին ավելի շատ մարդ, քան նախատեսել էինք: «Ինտերների» համար կազմակերպված ուսուցումներին մասնակցել է 106 ուսանող եւ շրջանավարտ: Սակայն հիմնական արդյունքը զուտ քանակականը չէ: Բնականաբար, 9-ամսյա ծրագրով մենք չէինք կարող լիարժեք եւ լայնածավալ ներմուծել այդ մեխանիզմը Հայաստանում: Եվ հետո ինտերնատուրայի ընկալումը շատ տարբեր է ինչպես ուսանողների կողմից, այնպես էլ՝ գործատուների: Ճիշտ ընկալում ձեւավորելը եւ շարունակականության հիմքերը ապահովելը՝ մեր նպատակն էր: Իսկ գործնականում մենք ունենալու ենք գործատուների, ինչպես նաեւ՝ մեր «ինտերների» ցանկ-բազաները: Անգամ եթե իրար հետ համագործակցելու, իրար ճանաչելու հարցն այսուհետեւ այս մեխանիզմով լուծեն, դա նշանակում է մեր առջեւ դրված խնդիրը լուծել ենք: Որ դեռ լուրջ անելիքներ կան՝ կարելի է դատել ինտերնշիպի մասին մեր ուղարկած հայտարարությունների արձագանքներից: Համագործակցության առաջարկով դիմել էինք 3 տարբեր կառուցվածքի բուհ՝ ԵՊՀ, Սլավոնական համալսարան եւ «Հրաչյա Աճառյան», որպեսզի ընդգրկենք բուհերի տեսականին, բայց արձագանքեց եւ ակտիվ համագործակցության գնաց միայն ԵՊՀ-ն»:

Այժմ, երբ մի քանի տասնյակ «ինտերներ» արդեն իսկ ինտերնշիպեր են անցնում տարբեր գործատուների մոտ, ծրագիրն իրականացնողները, եղած փորձից ելնելով, նոր գաղափարներ ունեն: «Ընթացքում եղան դեպքեր, երբ մենք տեսանք, որ, ասենք, ԵՊՀ որոշ ֆակուլտետների ուսանողներ զիջում էին մեր ուսանողներին՝ լեզվի իմացության մեջ, բայց մերոնք էլ նրանց էին զիջում հայոց պատմություն կամ մշակույթ իմանալու հարցում: Դա մեզ գաղափար հուշեց, որ կարելի է այն ուղղություններով, որոնք ուսանողներին թույլ չեն տալիս լիարժեք ներկայանալ գործատուին, լրացուցիչ աշխատել՝ կազմակերպել, օրինակ, ինտենսիվ անհատականացված կուրսեր՝ լեզվական, կամ մի օրվա թրեյնինգ՝ համակարգչային հմտությունների եւ այլն: Այդ նույն դասընթացների կարիքը կարող է ունենալ, ասենք, 15 տարի առաջ ավարտած ուսանողը, որը չի աշխատել այդ ընթացքում՝ ինչ-ինչ պատճառներով, եւ բնական է, շատ բանից հետ է մնացել»: Տիկին Մարկոսյանին խնդրեցինք նաեւ մի քանի օրինակ բերել, թե ի՞նչ պատճառներով ինտերների եւ գործատուների հարաբերությունները չեն ստացվել: «Բացի գիտելիքների եւ հմտությունների պակասից, ինչը շատ հազվադեպ էր, հիմնական պրոբլեմը գործատուների թյուրընկալումն էր: Ընդհանրապես, գործատուները ավելի պասիվ էին, քան ուսանողները: Օրինակ, «Արդշինինվեստ» բանկի աշխատակազմի պատասխանատուի առաջին նախադասությունը սա էր՝ «Մեզ մոտ կրճատումներ են, հույս չունենաք, որ մեզ մոտ կաշխատեք»: Իսկ, ասենք, «Արարատբանկի» ներկայացուցիչը ԵՊՀ ուսանողին տված առաջին իսկ հարցից հետո՝ «ո՞ր դասագրքով եք անցել մակրոտնտեսագիտությունը եւ ո՞վ է դասավանդել այս առարկան», մերժեց ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողի անգամ հարցազրույց անցնելու հնարավորությունը: Ինտերնշիպի իմաստը ամենաճիշտն ընկալող կազմակերպությունները, թերեւս, երեքն էին՝ «Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակը», «Կովկաս» կենտրոնը եւ «Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը»: Բացի այդ, պիտի նշեմ ի պատիվ մեր քաղաքապետարանի, որ ոչ միայն ընդառաջ գնաց համագործակցությանը, այլեւ նոր առաջարկով հանդես եկավ՝ մենք դիմել էինք մանկավարժական ուղղության համար (Երեւանի դպրոցների հիմնական մասը քաղաքապետարանի ենթակայության ներքո են), բայց իրենք առաջարկեցին նոր ձեւավորվող վարչական կենտրոններում էլ ինտերնշիպ կազմակերպել: Եվ չեմ կարող չնշել «ՎիվաՍելի» մասին, որը ոչ միայն արձագանքեց մեր ծրագրին, այլեւ Ռալֆ Յիրիկյանը իր նախաձեռնությամբ այց կազմակերպեց ԵՊԼՀ, մեծ հանդիպում ունեցավ ուսանողների հետ, արդյունքում կնքվեց պայմանագիր «ՎիվաՍելի» եւ ԵՊԼՀ-ի միջեւ: Դա բուհ-գործատու համակարգված հարաբերությունների հիանալի նախադեպ էր»,- ներկայացրեց «Ինտերնշիպի» ղեկավարը: Իսկ արդյո՞ք ուսանողներին բավարարում է այն, ինչ իրենց առաջարկում են այդ գործատուները, դա նրանց մասնագիտական որակի բարձրացմանը ծառայո՞ւմ է՝ մեր այս հարցին տիկին Մարկոսյանը պատասխանեց. «Մենք աշխատում ենք, որ հենց այդպես լինի: Հստակ աշխատանքի նկարագիրը, այն էլ ստացած կրթությանը համապատասխան՝ դա մեր կողմից գործատուին ներկայացվող պահանջն էր: Ճիշտ է, կա տեսակետ, որ կան հաստատություններ, որոնց նույնիսկ օդը շնչելը եւ հատակը մաքրելն օգտակար եւ պատվաբեր է, բայց խոստովանենք, որ մեզ մոտ դեռ չկան նման կազմակերպություններ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել