Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲԵՌԼԻՆՅԱՆ ՆԱԽԱՏԻՆՔ

Նոյեմբեր 10,2009 00:00

Երբ 1961 թ. օգոստոսի 14-ին Արեւելյան Գերմանիայի բնակիչներն արթնացան, պատրաստվելով երկրի արեւմտյան մասն աշխատանքի գնալ, անսպասելիությունից ցնցվեցին. Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասների մոտ հայտնված վեցմետրանոց հսկայական բետոնե գորշ պատը տեսողությունից անհետացրել էր Գերմանիայի Արեւմտյան հատվածը: Վստահ, որ տեսածը մղձավանջ է, 18-ամյա Փեթեր Ֆեհտերը փորձեց մագլցելով անցնել պատի մյուս կողմը, եւ իր երիտասարդ կյանքով վճարեց դրա համար: Հետագայում, տարբեր հաշվարկներով, շուրջ 150 մարդ Բեռլինի պատը մագլցելու եւ Արեւմտյան Գերմանիայում մնացած իր մերձավորների մոտ վերադառնալու համար գնդակահարվեց տեղում: Բեռլինի պատը վերածվեց «սառը պատերազմի» եւ քաղաքական դիմակայության խորհրդանիշի:

Եվ միայն 28 տարի հետո՝ 1989 թ. նոյեմբերի 9-ին, Բեռլինի պատը փլուզվեց: Ես չեմ եղել Գերմանիայում եւ Բրանդենբուրգյան դարպասների մոտ կանգնած չեմ փորձել պատկերացնել, թե ինչպես են դրանք գոցվել՝ երկիրն անգթորեն բաժանելով երկու մասի: Սակայն ես զգում եմ այն մարդկանց ցավը, որոնց կյանքի 28 տարիների երազների մի մասը բախվել է այդ պատին:

Մեծաթիվ հանգամանքներ եւ իրողություններ, եթե ոչ ամեն ինչ, հանգում է քաղաքական համակարգին եւ երկրների քաղաքական ղեկավարության գործելակերպին, որը վստահ, որ պատմությունն է կերտում, տրորում է մարդկանց հույսերն ու ձգտումները: Շուրջ կես դար պահանջվեց, որ աշխարհը թոթափի քաղաքական նեղմտությունը եւ ավելի լայնախոհ դառնա: Բեռլինի պատի գոյությունը մեծ նախատինք էր միջազգային հանրության համար եւ մեծ ահազանգ՝ պետությունների քաղաքական ղեկավարների համար:

1.

45 կիլոմետր, որ բաժանեց Եվրոպան

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո հակահիտլերյան դաշինքի անդամ երկրների, ի մասնավորի՝ ԽՍՀՄ-ի եւ Արեւմուտքի միջեւ առաջացած տարաձայնությունները հանգեցին քաղաքական դիմակայության, որի հիմքում ընկած էր ազդեցության գոտիների բաժանումը ետպատերազմական Եվրոպայում: Արեւմուտքը ձգտում էր կասեցնել ԽՍՀՄ-ի եւ կոմունիստական գաղափարախոսության ազդեցության ընդլայնումը Եվրոպայում: 1946 թ. մարտի 5-ին ԱՄՆ Ֆուլտոն քաղաքում Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինստոն Չերչիլն իր ծրագրային ճառում կոչ արեց ստեղծել անգլո-ամերիկյան դաշինք՝ «համաշխարհային կոմունիզմի» դեմ պայքարելու համար: Դա «սառը պատերազմի» քաղաքականության հռչակման հայտարարություն էր: 1948 թ. ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի «ԱՄՆ նպատակները Ռուսաստանի հանդեպ» հանձնարարականով սկիզբ դրվեց ԽՍՀՄ-ի հանդեպ «սառը պատերազմի» քաղաքականությանը, որը հանգեցրեց երկկողմ հարաբերությունների փաստացի սառեցման:

Ֆաշիզմից ազատագրված երկրներում՝ Եվրոպայի մի մասում, ԽՍՀՄ-ը ստեղծեց «սոցիալիստական ճամբար», ուր մտան Չեխոսլովակիան, Լեհաստանը, Բուլղարիան, Հունգարիան եւ այլն: Բեռլինը հայտնվեց ԽՍՀՄ-ի մասում: 1948 թ. Խորհրդային Միությունը փակեց մուտքը Արեւմտյան Բեռլին՝ ստիպելով Արեւմուտքին օդային ճանապարհով սննդամթերք հասցնել այնտեղ: Հինգ ամիս անց Բեռլինի շրջափակումը հանվեց, սակայն Գերմանիան բաժանվեց երկու մասի՝ Արեւմտյան եւ Արեւելյան: Երկու մասի բաժանվեց նաեւ Գերմանիայի մայրաքաղաքը: Մինչեւ բեռլինյան պատի կառուցումը՝ սահմանը արեւելյան եւ արեւմտյան Բեռլինի միջեւ բաց էր: Բեռլինի շուրջ բաժանարար գիծը, որն անցնում էր փողոցների եւ տների, ջրանցքների եւ ջրային տարածքների միջով, կազմում էր շուրջ 45 կմ, իսկ Արեւմտյան Բեռլինի հետ ընդհանուր սահմանը՝ 164 կիլոմետր: Պաշտոնապես 81 սահմանային անցակետ էր գործում, մետրոյի 13 անցում: Իրավիճակը սրվեց 1961-ի ամռանը, երբ Արեւելյան Գերմանիայի ղեկավար Վալտեր Ուիլբրահատի կոշտ քաղաքականության, բռնի կոլեկտիվիզացման հետեւանքով միայն հուլիս ամսին 30000 մարդ լքեց ԳԴՀ-ն եւ հեռացավ ԳՖՀ, իսկ ողջ տարվա ընթացքում՝ ավելի քան 207 հազար մարդ: ԳԴՀ-ի շփոթահար իշխանությունը Արեւմտյան Գերմանիայի կառավարությանը մեղադրեց մարդկանց առեւտրի, ուղեղների առեւանգման, երկրի տնտեսական հիմքերը քայքայելու փորձերի մեջ: Որոշում ընդունվեց փակել Բեռլինի սահմանը: Վարշավյան պայմանագրի երկրների ղեկավարների գաղտնի հանդիպմանը որոշում կայացվեց փակել սահմանը: Սկսվեցին նախապատրաստական գաղտնի աշխատանքները «Չինական պատ Երկրորդ» նախագծի իրականացման շուրջ: Օգոստոսի 13-ի գիշերը ժամը 1-ին 25000 գերմանացի բանվորներ, ԳԴՀ-ի եւ խորհրդային զինուժերի ուղեկցությամբ, սկսեցին Բեռլինի պատի կառուցումը:

1961 թ. հոկտեմբերի 28-ին ամերիկյան զինուժի փորձը՝ քանդել Բեռլինի պատը, անհաջողության մատնվեց. խորհրդային ռմբակոծիչները շրջափակեցին Արեւմտյան Բեռլինի օդանավակայանը: Լուսադեմին ամերիկյան եւ խորհրդային զինուժերը հեռացան դեպի Բեռլինի մատույցներ:

1956 թ. Բուդապեշտում, 1968-ին Պրահայում ծայր առած ապստամբությունը խորհրդային ներխուժման դեմ՝ ԽՍՀՄ-ը դաժանորեն ճնշեց:

Շուրջ հինգ տասնամյակ տեւած «սառը պատերազմի» ընթացքում Միացյալ Նահանգներում փոխվեց ինը նախագահ, սակայն ԱՄՆ արտաքին քաղաքականությունը ԽՍՀՄ-ի հանդեպ մնաց անփոփոխ: ԱՄՆ-ն աջակցում էր խորհրդային ազդեցության դեմ հանդես եկող պետություններին, շարժումներին, դրանց առաջնորդներին: «Երրորդ աշխարհի» երկրներում արտաքին գործոնի հաստատման համար մղվող պայքարը ԽՍՀՄ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ հանգեցրեց այդ երկրներում պետական հեղաշրջումների, հեղափոխությունների, քաղաքացիական պատերազմների: Դիմակայությունը խորանում էր նաեւ սպառազինությունների մրցավազքի հետեւանքով:

1972 թ. մայիսին, ԱՄՆ-ԽՍՀՄ պատմության մեջ առաջին անգամ, ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնը ժամանեց Մոսկվա: Ստորագրվեց Սկզբունքների եւ նպատակների համագործակցության մասին պայմանագիրը, որով ավարտվում էր դիմակայության ժամանակաշրջանը եւ սկսվում համագործակցության շրջանը:

Սակայն 1979 թ. Աֆղանստան խորհրդային զորքերի ներխուժմամբ ԱՄՆ-ԽՍՀՄ հարաբերությունները կտրուկ վատացան: 1980 թ. հունվարին ԱՄՆ նախագահ Ջիմի Քարտերը, Կոնգրեսին ներկայացնելով ԱՄՆ արտաքին քաղաքական հայեցակարգը՝ «Քարտերի դոկտրինը», ընդգծեց. «Մեր հետաքրքրություններին, շահերին եւ արժեքներին մարտահրավեր է նետված: Մեր դիրքորոշումը հստակ է. Միացյալ Նահանգները երբեք չի տրվի շանտաժին: Խորհրդային Միությունը պետք է վճարի իր ներխուժման համար. այդ պատճառով ԱՄՆ-ը տնտեսական պատժամիջոցներ կիրառեց ԽՍՀՄ-ի նկատմամբ» (https://www. whitehouse.gov; history; archive): Քարտերի վարչակազմը բոյկոտեց 1980 թ. Մոսկվայում անցկացվող ամառային օլիմպիական խաղերը:

1985 թ. փետրվարին ԱՄՆ արտաքին քաղաքական նոր ռազմավարությամբ՝ Ռեյգանի դոկտրինով նախատեսվում էր աջակցություն ցուցաբերել «երրորդ աշխարհի» երկրների հակակոմունիստական շարժումներին: «Հակակոմունիստական շարժումը, ազատության համար մղվող շարժումը տարածվել է ողջ աշխարհում: Խորհրդային Միությունում եւ Արեւելյան Եվրոպայում մենք տեսնում ենք այլախոհերի: Մենք ազատության մարտիկների ենք հանդիպում Աֆղանստանում, Եթովպիայում, Կամբոջայում, Անգոլայում: Այդ խիզախ մարդիկ արժանի են մեր օգնությանը: Մենք չենք կարող նրանց մեջքով շրջվել, երբ նրանք կարիքի մեջ են: Նման վարքագիծը կնշանակի դավաճանել նրանց, ովքեր պայքարում են ազատության համար» (https:// www.whitehouse.gov;history; archive):

Ռեյգանի նախագահության ընթացքում ԱՄՆ արտաքին քաղաքականությունն ընդգծված հակակոմունիստական բնույթ էր կրում: Շարունակում էր «սառը պատերազմը», պահպանվում քաղաքական դիմակայությունը ԽՍՀՄ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ: Ռեյգանին է պատկանում Խորհրդային Միությանը տրված «չարի կայսրություն» ձեւակերպումը:

Դիմակայությունը շարունակվեց մինչեւ գորբաչովյան Վերակառուցումը: 1989-ի նոյեմբերին, Ռեյգանի հետ ներկա գտնվելով Բեռլինի պատի քանդման արարողությանը, ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովն իր ելույթում «սառը պատերազմը» բնութագրեց որպես «ահռելի սխալ, որը աշխարհին հսկայական լարվածություն պատճառեց, նյութական եւ մարդկային կորուստներ. սառը պատերազմի համար հավասարաչափ պատասխանատվություն են կրում Մոսկվայի եւ Վաշինգտոնի քաղաքական ղեկավարությունը» (Ծ. հ. թՏՐոՈփՏՉ, «կպՐպրՑՐՏռՍՈ Ռ վՏՉՏպ ՎօՔսպվՌպ», Ծ 1988):

1989 թ. Գերմանիայի վերամիավորմամբ, Աֆղանստանից եւ Արեւելյան Եվրոպայից խորհրդային զորքերի դուրսբերմամբ ԽՍՀՄ-ի հանդեպ Արեւմուտքի վերաբերմունքը փոխվեց: 1990 թ. Փարիզում եվրոպական մի շարք պետությունների, ինչպես նաեւ ԱՄՆ-ի եւ Կանադայի ղեկավարների հետ Գորբաչովը ստորագրեց «Նոր Եվրոպայի խարտիան», որով ավարտվեց «սառը պատերազմը»:

45 կիլոմետրը, որը բաժանում էր Եվրոպան, որը բաժանում էր նաեւ քաղաքական համակարգերը, բաժանում աշխարհը՝ վերացվեց: Նոր Եվրոպան սկսեց միավորման առաջին քայլերը կատարել:

2.

Առավել մատչելի՞, թե՞ առավել անառիկ. աշխարհը փնտրտուքների նախագավթում

Նոր Եվրոպայի ձեւավորումը, նրա միավորումը բնավ դյուրին չեն եղել, եւ այսօր էլ այն ընթանում է բարդ հասարակական-քաղաքական գործընթացների ճանապարհով: Ընդհանրապես, Եվրոպայի պատմությունը լի է հակասություններով, դիմակայությամբ, պատերազմներով: Համաշխարհային երկու պատերազմներն էլ սկսել է Եվրոպան: Փոխադարձ անվստահությունը, կասկածները դեռ հաղթահարված չեն: Դրան ավելանում է համաշխարհային մեծ մրցակցությունը, որը ոչ միայն չի սքողում հակասությունները, այլեւ ընդգծում է դրանք: Միաժամանակ, իրենց պետությունների եւ հասարակությունների կյանքն ավելի բարենպաստ, դյուրին դարձնելու, խնդիրների մի մասից զերծ պահելու համար եվրոպական երկրները որոշել են զսպել փոխադարձ անվստահությունը՝ Եվրոպան թե աշխարհագրորեն եւ թե արժեհամակարգով ավելի մատչելի դարձնելով միմյանց համար:

Այդ առումով Բեռլինի պատը միայն խորհրդանշական իմաստ չի ունեցել Եվրոպայի համար: Այն քաղաքականությունը, միջազգային այն դիմակայությունը, որը հնարավոր դարձրեց Բեռլինի պատի կառուցումը, ստիպեց Եվրոպային փնտրել ընդհանրություններ եւ նոր քաղաքականությունը կառուցել այդ ընդհանրությունների վրա: Այս հանգամանքը բնավ չի նշանակում, թե հենց Եվրոպայում տարբերությունները ջնջվում են: Պարզապես Եվրոպան, ի տարբերություն մեզ, դասեր է քաղել իր անցյալից, իր պատմության սխալներից: Միաժամանակ, դարձյալ ի տարբերություն Հայաստանի, եվրոպական պետությունների քաղաքական ղեկավարությունը, անգամ ամենաբարդ եւ վիճահարույց որոշումը կայացնելիս չի արհամարհում հասարակական կարծիքը, որն ներկայացվում է տարաբնույթ ազատ ընտրական գործընթացներում, հանրաքվեներում եւ այլն:

Ժամանակակից Եվրոպային առնչվող անդրադարձներում հաճախ է արծարծվում Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցը՝ «Թուրքիան եվրոպակա՞ն պետություն է, թե՞ ոչ» կտրվածքով: Միայն այն հանգամանքը, որ դեպի Եվրոպա տանող Հայաստանի աշխարհագրական ճանապարհն անցնում է Թուրքիայով, որի սահմանադուռն այժմ գոցված է, խլացնում է Եվրոպա մտնելու Անկարայի քայլերգը: Աշխարհն այժմ փնտրտուքների նախագավթում է. դառնալ առավել մատչելի՞, թե՞ մնալ անառիկ. Թուրքիան ձգտում է մնալ փակ եւ անառիկ, սակայն նույնչափ ձգտում է, որ Եվրոպան իր համար լինի մատչելի:

Բեռլինի պատի քսանամյա տարեդարձի առիթով անցյալ շաբաթ ներկա գտնվելով ԱՄՆ Կոնգրեսում՝ Գերմանիայի գործող կանցլեր Անգելա Մերկելը իր ելույթում ընդգծեց. «Գերմանիան աշխարհին շատ ցավ եւ տառապանք է պատճառել: Այդ թվում նաեւ՝ Միացյալ Նահանգներին: Եվ այսօր Գերմանիայի անունից ես ներողություն եմ խնդրում այդ տառապանքների համար»:

Հավանաբար, միայն մտածողությամբ պետք է եվրոպացի լինես, որ բարձրաձայն արտաբերես, որ ամաչում ես քո երկրի անցյալի կամ ներկայի սխալների համար: Մտածողության եւ արժեհամակարգով պիտի եվրոպացի լինես, որ ներողություն խնդրես այն սխալների եւ պատճառած տառապանքների համար, որոնք դու չես կատարել, սակայն այս կամ այն չափով դու քեզ պատասխանատու ես զգում դրանց համար:

Հենց Բեռլինի պատի գոյությունն է, որ ստիպել է Եվրոպային, մեծ ցավը զսպելով, սեփական՝ եվրոպական մարմնից դուրս բերել խոցերը՝ վերականգնելու համար եվրոպական օրգանիզմի առողջությունը: Բեռլինի պատի գոյությունը ոչ միայն մեծ նախատինք է միջազգային հանրության համար, այլեւ մեծ ահազանգ պետությունների քաղաքական ղեկավարների համար՝ ստիպելու նրանց կառուցել ազատության արժեքների վրա հիմնված երկիր, որը ստիպված չի լինի փակվել աշխարհի առաջ եւ պատ կառուցել իր եւ աշխարհի մնացյալ մասի միջեւ, որի երկու կողմում էլ մարդկային ճակատագրեր են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել