Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բնապահպանական խնդիրները՝ Կապանում

Նոյեմբեր 10,2009 00:00

«Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերության կողմից Կապանի տարածաշրջանի էկոլոգիային ու բնակչությանը հասցված վնասների մասին հերթական քննարկումը կազմակերպվել էր Կապանի «Օրհուս» բնապահպանական հասարակական տեղեկատվական կենտրոնում: «Էկոլուր» հ/կ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը քննարկման ժամանակ ներկայացրեց իրենց անցկացրած մոնիտորինգի արդյունքները՝ թե ձեռնարկության ոչ ճիշտ գործունեության արդյունքում ինչպիսի բնապահպանական մեծ խնդիրներ են առաջացել տարածաշրջանում ու ինչպես է անդրադարձել ընկերության գործունեությունը շահագործվող վայրերում բնակվող բնակիչների վրա: «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ն դեռեւս չի լուծել Շահումյան բանավանի բնակիչների փոխհատուցման հարցը: «Առավոտը» բազմիցս տեղեկացրել է, որ ընկերության գործունեության արդյունքում սողքեր են առաջացել տարածաշրջանում, եւ բնակիչների համար այստեղ գտնվելն ու, առավելեւս՝ բնակվելը խիստ վտանգավոր է դարձել (այս թեմայով վերջին նյութը հրապարակվել է մեր թերթի սեպտեմբերի 18-ի համարում՝ «Գործը հասավ դատարան»): Սյունիք եւ Գեղանուշ գյուղերի բնակիչներին հասցված վնասներն էլ զգալի են: Կոմբինատի՝ Գեղանուշում գտնվող պոչամբարը կառուցված է դրա կառուցման կանոնադրական խախտումներով: Գեղանուշի գյուղապետ Կամո Ավանեսյանի խոսքերով, հողերի բերրիությունը նվազել է, բնակիչներից շատերը հրաժարվում են մշակել իրենց վարելահողերը: Իսկ 1000-ից ավելի ընկուզենիներից հավաքված բերքը նախկինից զգալի տարբերվում է:

Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է նաեւ, որ կոմբինատը, վարկավորում ստանալով Եվրոպական զարգացման բանկից (EBRD), պարտավորվել է սոցիալ-տնտեսական եւ բնապահպանական ոլորտներում անհրաժեշտ միջոցառումներ իրականացնել, բայց չի անում: Ինգա Զարաֆյանի փոխանցմամբ՝ կատարված ուսումնասիրությունների արդյունքները տրամադրվել են նաեւ Եվրոպական զարգացման բանկին, սակայն արձագանքներ դեռեւս չկան:

Կապանի «Օրհուս» կենտրոնում քննարկումն անցավ առանց «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ ներկայացուցիչների: Թեեւ նրանց հրավիրել էին, բայց ընկերության ներկայացուցիչները հրաժարվել էին մասնակցել «կլոր սեղանին»՝ պատճառաբանելով, որ քննարկմանը պատրաստ ներկայանալու համար մեկ օրը շատ քիչ է, եւ նման միջոցառումներ կազմակերպելիս 1 ամիս առաջ տեղեկացնել ընկերությանը:

«Օրհուս» կենտրոնում այս թեմայով անցկացվող քննարկումները շարունակական կլինեն:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել