Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատ Արցախի վերածնունդը

Նոյեմբեր 10,2009 00:00

Մասնագիտական հմտությունները Ղարաբաղին ծառայեցնող սփյուռքահայ բժիշկը չի կարողանում ստանալ ոչ Հայաստանի, ոչ Ղարաբաղի քաղաքացիություն:

\"\"
Քաշաթաղի բուժմիավորման նախկին եւ ներկա
ղեկավարները՝ Արցախ Բունիաթյան եւ Շահեն Բալեոզյան:

1992 թվականի մայիսի 18-ին, Քաշաթաղի ազատագրումից հետո, մի քանի տարի շարունակ վարչական կենտրոն Բերձորում առողջապահական հաստատության դեր էր կատարում առաջին բուժօգնություն իրականացնող բուժկետը:

Հետագայում՝ 1996 թվականի հուլիսին նորակառույց շենքում հիմնադրվեց ԼՂՀ Քաշաթաղի շրջանի բուժմիավորումը, որի անձնակազմը համալրվեց հիմնականում Հայաստանից տեղափոխված բուժաշխատողներով եւ ստեղծվեցին վիրաբուժական, մանկաբուժական, թերապեւտիկ, ատամնաբուժական ծառայություններ: Բուժմիավորումը գլխավորում էր աբովյանցի փորձառու վիրաբույժ, նաեւ գրող-ազատամարտիկ Արցախ Բունիաթյանը, ում մազերը մի քանի օրում ճերմակեցին արցախյան ռազմաճակատի առաջին գծի հոսպիտալում վիրավոր ազատամարտիկի կյանքը փրկելիս:

Այնուհետեւ, 2007 թվականի նոյեմբերից գլխավոր բժշկի պաշտոնը ստանձնեց Այնթապից Հալեպ գաղթած ծնողների զավակ Շահեն Բալեոզյանը, ով սովորել է Հալեպի Կիլիկյան վարժարանի նախակրթարանում, ապա ՀԲԸՄ-ի Լազարյան-Նաջարյան դպրոցում, երկար տարիներ վիրաբույժ աշխատել «Վերջինե Գյուլբենկյան», «Ալթունյան» հիվանդանոցներում, իսկ վերջին տարիներին Հալեպում բացել իր անձնական կլինիկան: «Երբ 2 տարի առաջ ամռանը ընտանիքիս հետ եկա Երեւան՝ հանգիստս անցկացնելու, հեռուստատեսությամբ հայտարարություն լսեցի, որ բժիշկներ են հրավիրվում Քաշաթաղում աշխատելու: Մինչ այդ նույնիսկ Լաչինի տեղն ու անունը չիմանալով՝ եկա, տեսա… եւ որոշեցի մնալ ու աշխատել այստեղ: Ես ավարտել եմ Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական ինստիտուտը, հայրենիքս անվճար հիմունքներով ինձ բժիշկ դառնալու հնարավորություն է ընձեռել, եւ ես ցանկանում եմ ինչ-որ կերպ երախտագիտությունս հայտնել Հայաստանին ու Արցախի վերաբնակեցվող շրջաններին»,- պատմում է Շահեն Բալեոզյանը:

Այժմ Բերձորի հիվանդանոցի 8 բժիշկների եւ բուժանձնակազմի աշխատանքի շնորհիվ վարչական կենտրոնի եւ շրջակա գյուղերի բնակիչները որակյալ բուժօգնություն են ստանում: Իշխանաձոր եւ Մոշաթաղ գյուղերում գործում են բուժկետեր, իսկ հեռավոր 40 համայնքներում, մինչեւ շտապօգնության հասնելը, առաջին բուժօգնությունը ցուցաբերում են տեղի բուժքույրերը: Քաշաթաղում տարբեր մասնագիտացում ունեցող բժիշկների՝ գինեկոլոգի, նյարդաբանի, անեսթեզիոլոգի, թերապեւտի, քիթ-կոկորդ-ականջի մասնագետի կարիք կա: Բժիշկների հոսքը ազատագրված շրջաններ խրախուսելու նպատակով ԼՂՀ կառավարությունը արտոնություններ է սահմանել. նախ բարձր աշխատավարձ՝ 30-50% հավելավճարով, տուն վարձակալելու դեպքում վարձի վճարում պետության կողմից, միանվագ դրամական օգնություն: Եվ միգուցե սրա արդյունքում Քաշաթաղ վերադառնան այն 15 բժիշկները, որոնք վերոհիշյալ պայմանների բացակայության պատճառով տարիների ընթացքում հեռացել էին այստեղից: Մեր օրերի համար աննախադեպ երեւույթ է, բայց՝ փաստ. Բերձորի հիվանդանոցում բոլոր վիրահատությունները անվճար են կատարվում՝ ծախսերը փոխհատուցում է պետությունը: Բացի դրանից, այստեղ կարիքավոր հիվանդներին անվճար դեղորայք է տրամադրվում, գործում է հիվանդանոցային ռեժիմի վաղուց մոռացված մի կետ՝ հիվանդները սնվում են բուժհիմնարկի խոհանոցում պատրաստված կերակուրներով:

Այսօր հիվանդանոցի հոգսերից առաջնայինը լաբորատորիայի խնդիրն է. գործում է միայն կլինիկական լաբորատորիան, «Թուֆենկյան» հիմնադրամը խոստացել է նվիրել բիոքիմիական լաբորատորիայի սարքավորումներ: Ռենտգեն ապարատն անգործության է մատնված՝ ռենտգենոլոգ չլինելու պատճառով: Անլուծելի թվացող խնդիր է նաեւ փոքր տարածքում «յոլա գնալը»: Բերձորի եւ 100 գյուղերի մոտ 8000 բնակիչներին սպասարկող հիվանդանոցը զբաղեցնում է 600 քմ մակերես եւ ունի ընդամենը 25 մահճակալ:

Եթե այսօր Քաշաթաղում ուրախալի իրողություն կա՝ դա ծնելիության բարձր ցուցանիշն է, տարեկան 90-100 երեխայի ծնունդը վկայում է, որ բնակչության թիվն աճում է ոչ թե ներգաղթի, այլ ծնելիության հաշվին: Տարեցտարի ավելանում է 15 երեխա ունեցող ընտանիքների թիվը:

Այս ամենի մասին հպարտությամբ է պատմում Քաշաթաղի բուժմիավորման գլխավոր բժիշկ Շահեն Բալեոզյանը եւ ավելացնում, որ չի զղջում Հալեպում տուն, տեղ, աշխատանք թողնելու ու Բերձոր տեղափոխվելու համար: «Այսօր միայն մեկ մտահոգություն ունեմ: Արդեն 2 տարի է՝ ցանկանում եմ Հայաստանի քաղաքացիություն ստանալ, սակայն ինձ ասում են, որ ես Ղարաբաղի բնակիչ եմ եւ պետք է դիմեմ այնտեղի իշխանություններին: Ղարաբաղում էլ ասում են, որ օտարերկրացիներին քաղաքացիություն շնորհելու օրենք դեռեւս չեն ընդունել: Ու հիմա կարծես օդի մեջ եմ՝ ո՛չ Հայաստանի քաղաքացի եմ, ո՛չ Ղարաբաղի»,- ամփոփեց Շահեն Բալեոզյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել