Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՏ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԵՂԱՎՈՐԸ ՏԻՄ-ԵՐՆ ԵՆ

Նոյեմբեր 10,2009 00:00

\"\"Նոյեմբերի 5-ին, հենվելով ՀՀ տարածքային կառավարման նախարարությունից ստացած տվյալների վրա, «Պատժելու օգուտները» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ այս տարվա առաջին 9 ամիսներին Հայաստանի 915 համայնքներում սեփական եկամուտների (հողի հարկ, գույքահարկ) հավաքագրումը 90%-ի է հասել: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս թեմայով խոսելով, ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ամփոփելով արդեն 10 ամիսների արդյունքները, հայտարարեց, որ սեփական եկամուտները հավաքվել են 92.8%-ով: Ըստ բանախոսի՝ այս արդյունքը ուրախացնող, ոգեւորիչ է, կամաց-կամաց մոտենում ենք սեփական եկամուտները 100%-ով՝ ամբողջությամբ հավաքելուն, բայց անելիքներ դեռ կան: Կան համայնքներ, որ դեռ թերանում են: Ըստ Վաչե Տերտերյանի, տեղական բյուջեները չկատարելու՝ նախատեսված եկամուտները չհավաքելու մեղավորը համայնքապետն է, ավագանին, համայնքապետարանի աշխատակազմը: Երբեմն կազմված է ոչ իրատեսական բյուջե: Սեփական եկամուտների հավաքման մշտական առաջատարներից են Վայոց ձորը, Արարատը. Լոռին, այս տարի լավ ցուցանիշներ ունեն նաեւ Սյունիքը, Գեղարքունիքը, Շիրակը: Բայց տարին բարենպաստ չէր հատկապես գյուղատնտեսության համար. մի կողմից՝ ճգնաժամ, մյուս կողմից՝ անձրեւներ, կարկուտներ ու նման պատուհասներ: Վաչե Տերտերյանը հույս ունի, որ կկարողանանք տարին լավ ցուցանիշներով փակել, մասնավորաբար, տեղական բյուջեների մասով եւ լավ հիմքեր դնել տեղական բյուջեների ամբողջական կատարումը անշրջելի եւ կանխատեսելի դարձնելու համար:

Անկախ տեղական բյուջեների կատարման մակարդակից, պետությունը շարունակելու է դոտացիաներով օգնել համայնքներին: 2009-ին համայնքներին տրվել էր 28 միլիարդ դրամ: Եկող տարի, ճգնաժամով պայմանավորված, խնայողություններ են լինելու, կրճատվելու են որոշ ծախսեր, մասնավորաբար՝ պետական կառավարման, բայց համայնքներին տրամադրվելու է 4,5 միլիարդով ավելի դոտացիա՝ 32,5 միլիարդ դրամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել