ՏԵՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԵԼ
Երեկ արդարադատության նախարարության ՔԿՀ մամուլի քարտուղար Արսեն Բաբայանն «Առավոտի» այն հարցին, թե «խոզի գրիպի» հետ կապված ազատազրկվածների հետ տեսակցությունները սահմանափակվե՞լ են, պատասխանեց, որ տեսակցությունները չեն սահմանափակվել: Իսկ հաջորդ հարցի հետ կապված, թե կարանտին հայտարարվե՞լ է մեկուսարաններում, ասաց, որ նման բան չկա: Բանն այն է, որ, մեր տեղեկություններով, արդեն երեկվանից անորոշ ժամանակով կարանտին է հայտարարվել ծերանոցներում, ուր ոչ միայն չեն թողնում տարածքից դուրս գնալ, այլեւ չեն թողնում գալ տեսակցության:
«ՔՍԻՖ»՝ ՄԵԿՈՒՍԱՐԱՆԻՑ
ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից երեկ ստացվել է «Քսիֆ»՝ 47 խցի կալանավոր, պատմաքաղաքագետ եւ քաղաքական գործիչ Բաշշար-Ավետիս Կալայջյանից: Նա լրագրող է խնդրում խմբագրությունից՝ «գլխավոր նիստի» լուսաբանման համար, որտեղ պետք է իր ցուցմունքը տա՝ բացահայտելու համար սուտն ու կեղծիքը:
ՆԱՄԱԿ՝ ՄԵԿՈՒՍԱՐԱՆԻՑ
ԱՆ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, ԵԿՄ անդամ, Արցախյան պատերազմի մասնակից Գեւորգ Հայրապետյանը երեկ «Առավոտին» ուղարկած իր նամակում շնորհակալություն է հայտնում, որ անդրադարձել ենք իր մեղադրանքին (լրտեսության մեջ է մեղադրվում): «Ես մեկ անգամ եւս վստահեցնում եմ Ձեզ, որ ես դավաճան չեմ, ես նման քայլի չեմ դիմել ու չէի էլ դիմի: Իմ հայրենիքը ինձ համար ավելի թանկ է, քան իմ երեխաները, որոնք գիտեն այդ մասին: Շնորհիվ Ձեզ, ժողովուրդն ունեցավ պատկերացում, թեկուզ՝ փոքր, թե ինչու են ինձ մեղադրում»,- գրում է նա: