Լրահոս
Օրվա լրահոսը

Բացառիկ աշխատություն

Նոյեմբեր 10,2009 00:00

Նորակոչիկն այն ե՞րբ կավարտի

Երեւանի Գեղարվեստի պետական ակադեմիայի շրջանավարտ Արսեն Սուքիասի Թորոսյանն այս տարվա հունիսի 12-ին ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտում ստացավ արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան: Նա ներկայացրեց XIX դարի երկրորդ կեսի եւ XX դարի առաջին տասնամյակի հայ երգիծանկարչությունը, մասնավորապես՝ Արեւմտյան Հայաստանում:

Հեղինակն այս բացառիկ ուսումնասիրությունը գրելիս օգտվել էր Կ.Պոլսում լույս տեսնող «Գարթալ», «Զվարճախոս», «Իգնատ աղա», «Խարազան», «Խելոք Դավիթ», «Կառափնատ», «Կավե արձաններ», «Կավռոշ», «Կոհակ», «Ֆրու-Ֆրու», «Մեղու», «Մամուլ», «Թատրոն», «Թիաթրո» երգիծական հանդեսներից ու թերթերից, վերհանել «փակ» թեմաները, որպիսիք կապված էին ազգային զարթոնքի, ազատ խոսքի, թուրքական բռնապետության դեմ հայ ժողովրդի պայքարի եւ իրավունքների հետ:

Ա. Թորոսյանն առանձին գլխով ներկայացրել է Եղեռնի («Զուլումի») թեման: Ահավասիկ, «Կառափնատի» համարներից մեկը. գանգերից կազմված է մի բուրգ, վերնամասում, մեդալի վրա գրված է. «Այստեղ կհանգչի Ատանայի հայությունը. Օսմանյան սահմանադրություն»:

Ինչպես երիտասարդ արվեստագետն է գրում, մինչ օրս չի հիշատակված որեւէ ծավալուն գիտական աշխատանք՝ տվյալ թեմայով, եւ այս ձեռնարկի համատեքստում ուսումնասիրված են հայ երգիծանկարների ամբողջական տպագրությունները, դրանց լիակատար վերարտադրությունը հայ մամուլում եւ արտասահմանյան երգիծանկարչության մեջ:

Ուսումնասիրությունն ավարտված է, եւ տաղանդավոր արվեստագետը պատրաստ էր այն ներկայացնել հրատարակման: Պաշտպանությունից 3 օր հետո նրան զորակոչել են բանակ: Տարօրինակ է, որ գիտնականը ծառայում է ոչ թե ՊՆ ենթակայության տակ գտնվող թանգարաններից մեկում, հաշվի չի առնվել նրա մասնագիտությունն ու մասնագիտացումը, այլ… սակրավորների զորամասում, հետեւաբար, զրկված է ծառայությանը զուգընթաց այս եզակի գիրքը հրատարակման պատրաստելու հնարավորությունից:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել