Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՆՉՈ՞Ւ ՎԻՐԱՀԱՏԵՑԻՔ»

Նոյեմբեր 10,2009 00:00

Արդյո՞ք գործ ունենք սխալ ախտորոշման հետ

«Ձախ կրծքիս շրջանում զգալով կոշտացած գոյացություն՝ սեպտեմբերի 29-ին դիմել եմ Հայ-ամերիկյան առողջության (մամոգրաֆիայի) կենտրոն: Այնտեղ ինձ ախտորոշեցին երկրորդ փուլի բարորակ ուռուցք: Հաջորդ օրը Մամոգրաֆիայի կենտրոնում ինձ զննեց (շոշափեց) նաեւ ՀՀ առողջապահության նախարարության Բ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնից հրավիրված մասնագետը»,- մեզ հետ երեկ զրույցն այդպես սկսեց 46-ամյա Ս.Հ.-ն (տվյալները խմբագրությունում են- Ռ. Մ.):

Հոկտեմբերի 1-ին Ս.Հ.-ն հրավիրվեց Ուռուցքաբանության ազգային կենտրոն, ուր նրան ասացին, որ վիրահատությունը պարտադիր է: Սակայն նա հասցրեց ենթարկվել ներքին օրգանների (սոնոգրաֆիա) եւ թոքերի լաբորատոր զննության: «Երբ բարձրանում էի 7-րդ հարկում գտնվող կրծքագեղձի բաժին, աստիճանների վրա նկատեցի արյան կաթիլներ. մի հիվանդի վերելակով չէին բարձրացրել: Ես ծանր զգացումներ ունեցա եւ որոշեցի այլեւս չգալ այդտեղ, թեեւ բժիշկն ինձ մամոգրաֆիայի կենտրոնում ասել էր, որ պետք է անպայման վիրահատվեմ»,- շարունակում է զրուցակիցս:

Հիվանդին ասվել էր նաեւ, որ «մաշկը ներաճած է ուռուցքի հետ, եւ ավշահանգույցներն ախտահարված չեն»:

Չնայած հիվանդն Ուռուցքաբանության ազգային կենտրոնում ընդամենը մեկ ժամ է մնացել, սակայն հիվանդության պատմությունում՝ էպիկրիզում ներկայացվում է, թե նա հոկտեմբերի 1-5-ը գտնվել է այնտեղ: Ս. Հ.-ն մեծ դժվարությամբ ձեռք է բերում իր հիվանդության պատմությունը (այն դիտում է որպես իր իրավունքների բաղկացուցիչ մաս եւ իր անձնական առողջության հետ կապված տվյալները պետք է օգնեին սեփական բուժումը հետագայում կազմակերպելու համար), սակայն, երբ բժշկին հարցնում է, թե ինչո՞ւ է սխալ տեղեկություններ գրել, իբր մի քանի օր գտնվել է այնտեղ, բժիշկը հորդորում է. «Յուրիդիչեսկի հարցեր» չտալ, այլ զբաղվել սեփական առողջությամբ:

Ս. Հ.-ն մինչ վիրահատվելը Մամոգրաֆիայի կենտրոնից վերցրել էր 2-րդ փուլի, իսկ Ուռուցքաբանության կենտրոնից՝ 4-րդ փուլի եզրակացությունները: Նա վիրահատվում է մեկ այլ՝ 3-րդ բուժհաստատությունում, հեռացվում է երիտասարդ կնոջ կուրծքը (պահանջվել է մամոգրաֆիայի կենտրոնի տված եզրակացությունը): Չնայած, ինչպես պնդում են մասնագետները (նրանք հրաժարվեցին անվանապես ներկայանալ), ուռուցքի 4-րդ փուլում վիրահատություն չեն անում:

«Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժիշկը երբ ինձ շոշափում էր, նրա ձեռքի տակ կար Մամոգրաֆիայի կենտրոնի տված 2-րդ փուլի եզրակացությունը: Այդ դեպքում, ինչո՞ւ այն ժամանակ չասաց, թե սխալ եք գրել: Բժիշկը կարող է սխալվել: Այլ հարց է, որ նա սխալվել է կանխամտածված, վրեժխնդրությունից ելնելով: Հավանաբար, 4-րդ փուլ գրելով, գիտեր, որ ոչ մի վիրաբույժ հանձն չէր առնի վիրահատել եւ ես կգնայի իր մոտ»,- ասում է Ս. Հ.-ն: Ի դեպ, Ուռուցքաբանության կենտրոնում նա հրաժարվում է «հետագա հետազոտությունից ու բուժումից»: Ս. Հ.-ին զանգում եւ կանչում են կենտրոն՝ հաշվառման քարտ բացելու: Ս. Հ.-ն հարցնում է. «Եթե հրաժարվել եմ, ինչո՞ւ եք քարտ բացում իմ անվամբ»:

Հիվանդի կուրծքը հեռացնելուց հետո նա մինչ օրս չի ենթակվել բուժզննման, նրան «մոռանում» են:

Հիվանդը մտադիր է դիմել փաստաբանին՝ դատական հայց հարուցելու համար: Ըստ նրա, առկա են հակասական բժշկական փաստաթղթեր. Ս. Հ.-ն իրականում չի իմանում, ինքն ուռուցք ունե՞ր, թե՞ ոչ: Նշված բուժհաստատություններից մեկը գրել էր, թե անփոփոխ է մաշկը, մյուսը տեսել էր անգամ չարորակ գոյացություններ, մեկը նշել է, թե ավշահանգույցներն ախտահարված են, մյուսը՝ հակառակն էր պնդել: Մեկը ուռուցքը «կիսած» էր չափել՝ 6,5 մմ էր «տեսել», մյուսը՝ ուռուցք չէր տեսել: Վերջապես, մասնագետները կարո՞ղ են ասել, այդպիսի տվյալներով անձին վիրահատություն «հասնո՞ւմ» էր, թե՞ ոչ: Եվ ճի՞շտ էր իրեն հաշմանդամ դարձնելը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել