ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության օրերս իրականացրած ստուգումների ընթացքում Երեւանում եւ Արարատում հայտնաբերվել է 5 տոննա ժամկետանց հրուշակեղեն, 60 հազար տարա պղպեղի պահածո եւ 10 հազար շիշ գինի:
Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրել է տեսչության իրավական ապահովման եւ տեղեկատվության բաժնի պետ Սուսաննա Մինասյանը, տեսչությունում գործում է «թեժ գիծ»՝ 45-74-21 հեռախոսահամարով, որին անորակ սննդամթերքի հետ առնչվող հարցերի առկայության դեպքում կարող են դիմել սպառողները: Ս. Մինասյանը նշել է, որ սննդամթերքի ներկրման ու իրացման կառույցներում տեսչությունը հոկտեմբերից արդեն կատարել է շուրջ 50 ստուգայց: Հայտնաբերված խախտումների համար կիրառվել են տույժ-տուգանքներ, իսկ տնտեսվարողներին տրվել ժամանակ՝ հայտնաբերված թերությունները վերացնելու համար: Առաջիկա օրերի աշխատանքները նպատակաուղղված կլինեն դպրոցական եւ նախադպրոցական կազմակերպությունների սննդի օբյեկտներում եղած թերությունների բացահայտմանը: