Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵԶ ՄՈՏ ՉԵՆ ՀԱՄԲՈՒՐՎՈՒՄ»

Նոյեմբեր 10,2009 00:00

\"\"Հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը խորհուրդ է տալիս «խոզի գրիպից» խուսափելու համար հիմնարկներում նման ցուցանակներ փակցնել:

Առողջապահության համաշխարահային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ A/H1N1 վիրուսի, այլ կերպ ասած՝ «խոզի գրիպի» տարածումն օրըստօրե ընդլայնվում է: Այս վիրուսը սպառնում է աշխարհի գրեթե բոլոր երկրներին: ԱՀԿ վերջին տվյալներով, այսօր «խոզի գրիպից» տառապում է ավելի քան 441 660 մարդ: Մեր տարածաշրջանի բոլոր երկրներում՝ Վրաստանում, Թուրքիայում, Ադրբեջանում, արդեն իսկ գրանցվել են ոչ միայն վարակի, այլ նաեւ մահացության դեպքեր: Բարեբախտաբար, «խոզի գրիպը» դեռ չի թափանցել Հայաստան: Չնայած դրան, մեր քաղաքացիներն էլ, երկրագնդի բոլոր բնակիչների նման, խուճապի մեջ են:

«Առավոտը» զրուցեց հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանի հետ, պարզելու՝ ինչ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում վարակի դեմն առնելու համար: Պարոն Ասոյանի խոսքերով. «Այսօր շատ կարեւոր է հանրային մաքսիմալ իրազեկումը: Լուրջ հրահանգված են բոլոր պոլիկլինիկաների բուժաշխատողները: Գիտեք արդեն, որ մեր բժիշկները ապրիլ ամսից հերթապահում են օդանավակայաններում, ինչպես նաեւ Հայաստանի ցամաքային սահմաններում՝ Բագրատաշենում եւ Մեղրիում։ Եթե հայտնաբերում ենք այս գրիպի ախտանշաններով մարդկանց, բերում ենք մեր հիվանդանոց: Ուշադիր ենք լինում նաեւ այն մարդկանց ժամանման ժամանակ, որոնք գալիս են այն երկրներից, որտեղ այս հիվանդությունը տարածված է: Բերված հիվանդներն անձամբ իմ կողմից են զննվում, որից հետո, եթե նպատակահարմար եմ գտնում, մենք նրանց վերցնում ենք նաեւ հետազոտման, այսինքն՝ լաբորատոր հետազոտություն ենք կատարում։ Բոլորին չէ, որ ես նպատակահարմար եմ գտել հետազոտել, նրանց մեջ եղել են մարդիկ, որոնց ախտանիշները բոլորովին նման չեն եղել այս գրիպի ախտանիշներին։ Մարդիկ վախեցած են եւ սա այն դեպքն է, որ ավելի շատ պետք է դիմեն մեզ՝ զննում անցնելու համար, մենք բոլորին էլ կզննենք: Բոլոր անալիզները միանշանակ անվճար են: Մինչեւ այսօր մենք որեւէ մեկի մոտ չենք հայտնաբերել A/H1N1 վիրուսը»։ Այն, որ վիրուսը, բարեբախտաբար, չի թափանցել մեր երկիր, ըստ պարոն Ասոյանի, անհասկանալի է ոչ միայն իր, այլ նաեւ ԱՀԿ-ի իր գործընկերների համար. «Որեւիցե մեկն առ այսօր որեւիցե բացատրություն չունի այս առնչությամբ։ Ես համաձայն եմ, թող առանց բացատրության էլ մնա սա, միայն թե մեզ մոտ չլինի այդ գրիպը»։ Հենց վարակի չլինելն է պատճառը, որ ԱՀԿ-ն մեր երկրին դեռ «խոզի գրիպի» դեմ պատվաստանյութ չի տրամադրում, սակայն պարոն Ասոյանը տեղեկացրեց, որ արդեն պայմանավորվածության կա եւ այն հունվարին ձեռք կբերվի:

Չնայած մեր քաղաքացիներն անհանգստացած են, սակայն չեն շտապում հետազոտվել, հիվանդանոց զանգում են միայն խորհրդատվություն ստանալու համար: Պարոն Ասոյանի ներկայացմամբ, զանգողները հղի կանանց ու երեխաների չվարակվելու մասին են հիմնականում հարցնում. «Եկեք անկեղծ լինենք՝ շա՞տ մարդիկ են գրիպի ախտանիշներով դիմում բժշկի։ Չէ, մեզ մոտ դա ընդունված չէ։ Սովորաբար սկզբում տատիկը «մալինայի» մուրաբայով թեյ է տալիս կամ էլ ջերմիջեցնող դեղեր են խմում։ Սա էլ հաշվի առնելով՝ մենք որոշել ենք գնալ ավելի կտրուկ քայլերի, որպեսզի կարողանանք հայտնաբերել կասկածելի հիվանդներին: Մենք նախորդ շաբաթվանից բոլոր դպրոցներում եւ մանկապարտեզներում ստուգումներ ենք իրականացնում: Նայում ենք՝ քանի երեխա է բացակայում, ինչն է նրանց բացակայության պատճառը, եթե ինչ-որ մեկը հազում է կամ փռշտում՝ մենք կոչ ենք անում՝ չհաճախել»:

Մեր այցելության ժամանակ «Զվարթնոց» օդանավակայանից Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց էին տեղափոխվել 3 կասկածելի հիվանդներ, սակայն գլխավոր վարակաբանը հավատացած էր, որ նրանց մոտ A գրիպ չի հայտնաբերվի:

Ա. Ասոյանը նշեց, որ հետազոտությունը կատարվում է նոր վիրուսաբանական մեթոդով՝ քթից եւ բկանցքից վերցրած քսուկներով: Հետազոտությունը տեւում է մոտ 4-5 ժամ։ Մեր այն դիտարկմանը, որ արտերկրի շատ մասնագետներ՝ մասնավորապես ռուս բժիշկները, համարելով, որ այս վիրուսը նույն սովորական գրիպն է, խորհուրդ էին տալիս որպես կանխարգելիչ միջոց մեղր կամ լիմոն օգտագործել, պարոն Ասոյանն ասաց. «Չգիտեմ ինչքանով կպաշտպանեն մեղրն ու լիմոնը: Ռուսաստանի մի քաղաքացի էլ հայտարարում էր, որ սովորական կվասն էլ է բուժում, սակայն ես մի քիչ կասկածանքով եմ մոտենում նման հայտարարություններին։ Հայաստանում էլ ասում են, թե խունկն է բուժում։ Ես ինչքան տեղյակ եմ, խունկը այլ տեղ եւ այլ առիթով են օգտագործում։ Ես մասնագետ եմ, սակայն չեմ ամաչում ասել, որ դժվար է հայտարարություններ անել մի հիվանդության մասին, որը ես չեմ տեսել: Գիտենք, որ դա գրիպանման է, գիտենք ինչ դեղամիջոցով է բուժվում, որի մեծ պաշարներ ունենք։ Սակայն աշխարհի բոլոր վարակաբանները մտավախություն ունեն, որ «խոզի գրիպը» կփոփոխվի, այդ վիրուսը հակում ունի մուտացիայի, հենց այդ է պատճառը, որ մենք անհանգստանում ենք։ Այսօր «խոզի գրիպի» եւ սովորական գրիպի մահացությունների քանակն արդեն հավասարվել է, սակայն ուզում եմ նշել, որ այս գրիպի պատճառով մահացածներն անխտիր ունեցել են շնչառական ապարատի խրոնիկական հիվանդություններ։ Միեւնույն ժամանակ, մենք տվյալներ ունենք, որ եթե վաղ շրջանում է այդ հիվանդությունը հայտնաբերվում եւ արագ նշանակվում է համապատասխան բուժում՝ ելքը բավական նորմալ է լինում»։

Վարակից զերծ մնալու համար պարոն Ասոյանը խորհուրդ տվեց. «Սովորական կուլտուրա է, սակայն ես երազում եմ, որ գոնե այս հիվանդության շրջանակներում բոլոր հիմնարկներում «Մեզ մոտ չեն ծխում»-ի կողքին լինի նաեւ այլ ցուցանակ՝ «Մեզ մոտ չեն համբուրվում»։ Այս պահին մենք պետք է բոլորս սթափ լինենք։ Եթե մենք իմանանք, որ համբուրվելով, ուրիշի հեռախոսով խոսելով, ուրիշի կոսմետիկ միջոցներն օգտագործելով վարակ ենք տարածելու՝ չենք վտանգի ինքներս մեզ»։

Հ. Գ. Երեկ տեղեկացանք, որ Հայաստանում H1N1 վիրուսով վարակի կասկածելի դեպք է հայտնաբերվել։

Անձը օտարերկրյա քաղաքացի է: Լաբորատոր փորձարկման համար անհրաժեշտ նմուշը կուղարկվի Լոնդոնի լաբորատորիա՝ հաստատելու կամ հերքելու վարակի առկայությունը Հայաստանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել