Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԻԱՅՆ ԹԵ ԱՌԱՏ ՁՅՈՒՆ ԼԻՆԻ»

Նոյեմբեր 10,2009 00:00

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության եւ տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանի կարծիքով, տարեցտարի մեր երկրի հանդեպ զբոսաշրջիկների հետաքրքրությունն ավելանում է: Ըստ պարոն Ապրեսյանի՝ Հայաստանը, որպես զբոսաշրջային կենտրոն, հետաքրքրում է ոչ միայն Վրաստանի, ԱՊՀ երկրների, եվրոպական երկրների ու ԱՄՆ-ի, այլ՝ վերջին տարիներին, նաեւ Թուրքիայի քաղաքացիներին: Մ. Ապրեսյանը երեկ լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ այսուհետեւ օտարերկրյա քաղաքացիների համար մատչելի են դարձել մուտքի կարճաժամկետ արտոնագրերը: Կգործի 21 օր տեւողությամբ եւ 3000 դրամ պետական տուրքի դրույքաչափ ունեցող մուտքի արտոնագիր: Նշենք, որ մուտքի արտոնագիրը մինչ այս եղել է 120 օր տեւողությամբ եւ 15 հազար դրամ պետական տուրքի պարտադիր վճարով: Ըստ Մ. Ապրեսյանի, բարձր դրույքաչափ ունեցող մուտքի արտոնագիրը զբոսաշրջիկի մոտ ասոցացվում է տվյալ երկրում ծառայությունների եւ ապրանքների բարձր գների հետ, հետեւապես այս քայլով կբարձրանա մեր երկրի մրցունակությունը՝ զբոսաշրջության ոլորտում: Վարչության պետը նշեց նաեւ, որ մեր երկիրը պատրաստ է ձմեռային զբոսաշրջության շրջանի բացմանը. «Կարեւոր է, որ առատ ձյուն լինի»: Ըստ պարոն Ապրեսյանի, տնտեսական ճգնաժամը Հայաստանի զբոսաշրջության ոլորտի վրա բացասաբար չի անդրադարձել. այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան է ժամանել 422 հազար 807 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 399 հազար 691-ի դիմաց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել