Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իրարից հետ չեն մնում

Նոյեմբեր 10,2009 00:00

Առեւտրականները հավաստիացնում են, որ իրենց ապրանքները թանկացնում են՝ հետեւելով մյուսների օրինակին

Եկող տարի Հայաստանում կենսաթոշակների եւ աշխատավարձերի բարձրացում պետբյուջեով նախատեսված չէ: Մարդկանց եկամուտները չեն ավելանա, համենայնդեպս՝ նրանք, ովքեր համարվում են սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչներ, պետությունից ոչ մի կոպեկ հավելյալ գումար չեն ստանա եւ ստիպված կլինեն ամբողջ ամիս կոպեկ-կոպեկ տնտեսել՝ ծայրը ծայրին հասցնելու համար: Փոխարենը արդեն մի քանի օր է՝ մայրաքաղաքի շուկաներում գնաճ է արձանագրվում: Ընդ որում, այս թանկացումները վերջնական չեն. Կենտրոնական բանկը քաղաքացիներին «աչքալուսանք է» արել՝ հայտարարելով, որ առաջիկա 6 ամիսներին գնաճի տեմպերը կարագանան:

Մայրաքաղաքի մի շարք խանութներում ռուսական եւ նորզելանդական կարագը մոտ 200 դրամով թանկացել է՝ ռուսականը 1400-ից դարձել է 1600, իսկ նորզելանդականը՝ 1600-1800 դրամ: Իսկ, օրինակ, շաքարավազը, նախկին 280 դրամի փոխարեն, այսօր բազմաթիվ խանութներում վաճառվում է 310-320 դրամով: Չնայած հացը դեռ չի թանկացել, սակայն ալյուրն արդեն 20-40 դրամով թանկ է վաճառվում: Նույնչափ թանկացումներ են եղել նաեւ արեւածաղկի յուղի, բենզինի, դիզելային վառելիքի եւ մսամթերքի շուկաներում:

Շուրջ 1 ամիս առաջ 20-25% գնաճ էր տեղի ունեցել դեղորայքի շուկայում: Այս հանգամանքը ներմուծողները պատճառաբանում էին եվրոյի եւ դոլարի բարձրացմամբ: Այդ գներին դեռ չընտելացած, մարդիկ ստիպված են հիմա էլ հարմարվել դեղորայքի շուկայի նոր թանկացումներին: Որոշ դեղեր որոշ դեղատներում թանկացել են մինչեւ անգամ 100% -ով: Ընդհանուր առմամբ, դեղորայքը վերջին 1 շաբաթում թանկացել է 35-100%-ով: Օրինակ՝ ինդինոլ կապսուլաների (սննդային հավելում) 1 տուփն ընդամենը 5 օր առաջ մոտ 33 հազար դրամ էր, երեկվա դրությամբ մի շարք դեղատներում դարձել է 39 հազար 700 դրամ: Շաքարային դիաբետով հիվանդների համար նախատեսված դիաբետոն ՄՌ դեղն էլ թանկացել է մոտ 1800 դրամով: Այս դեղամիջոցը նախկինում արժեր 2900-3000 դրամ, իսկ այսօր՝ 4700 դրամ: Ճիշտ է, այս դեղը հիվանդները ստանում են տեղամասային պոլիկլինիկաներից՝ պետպատվերի շրջանակներում, սակայն «Առավոտին» դիմած Կիմա Վիրաբյանը վստահեցրեց, որ պոլիկլինիկաներում հաճախ ուշացումով են տալիս, ոչ ամբողջությամբ, ուստի ստիպված դեղատնից են գնում: Շուրջ 2000 դրամով թանկացել է սրտի խանգարումներ ունեցող եւ ճնշումը կարգավորող նոլիպրել ֆորտե դեղամիջոցը՝ 4700 դրամից դարձել է 6700 դրամ:

Թե ինչ հիմնավորմամբ են այս ապրանքատեսակները թանկացել, թերեւս մոտ ապագայում կպարզի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը:

Շրջելով մայրաքաղաքի գյուղմթերքի եւ հագուստի մի շարք շուկաներում, պարզեցինք, որ այստեղ էլ գրեթե բոլոր տեսականիների գները բավականին բարձրացել են: Մեր հարցին, թե ինչո՞ւ են իրենց ապրանքներն այսքան թանկ վաճառում, Մալաթիայի գյուղմթերքի շուկայի վաճառողները պատասխանեցին. «Բա ամեն ինչ թանկացել է, մենք ինչի՞ չթանկացնենք, բենզին ենք լցնում ավտոն՝ գալիս Երեւան, պեսոկը, կարագը, ամեն ինչ թանկացել է, մենք էլ պիտի թանկ ծախենք, որ կարողանանք այդ ապրանքները առնել»: Նույն պատասխանը տվեցին նաեւ հագուստի տոնավաճառների աշխատակիցները:

Հ. Գ. Կարագի, ալյուրի, շաքարավազի եւ այլ ապրանքների թանկացումների վերաբերյալ ներմուծողների պարզաբանումներին «Առավոտը» կանդրադառնա առաջիկայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել