Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՉՈՐԱԹԱՆՑԻՆԵՐԸ ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ ԼՔՈՒՄ ԵՆ ՀԱՅՐԵՆԻ ԳՅՈՒՂԸ

Նոյեմբեր 10,2009 00:00

Տավուշի մարզի Չորաթան գյուղում 340 տներից ավելի քան 60-ի դռները կողպված ենՉորաթան գյուղի գրադարանն այսպիսի վիճակում է:

\"\"

«Պարտքով 6 տոննա կարտոֆիլի սերմացու եմ վերցրել, 2 հեկտարի վրա ցանել, հավաքել՝ 5 տոննա: Ծախել եմ, հազիվ պարտքս եմ փակել, իսկ թե հողի հարկը ո՞նց եմ վճարելու կամ ընտանիքս ի՞նչ է ուտելու ձմռանը՝ չգիտեմ»,- մեզ հետ զրույցում դառնացած պատմում էր Տավուշի մարզի Չորաթան գյուղի բնակիչ Մանվելը եւ ավելացնում, որ նույն վիճակում են գյուղի բոլոր բնակիչները:

Հանրապետության շատ այլ բնակավայրերի նման, այս գյուղում եւս առկա են բազմաթիվ խնդիրներ, սակայն Չորաթանը նաեւ սահմանամերձ գոտի է, եւ անվտանգության հետ կապված խնդիրներ կան: Գյուղի 543 հա վարելահողից 166-ը սահմանամերձ է եւ չի մշակվում: Ինքնահոս ցանցով հնարավոր է ոռոգել վարելահողերի միայն 60 հա-ն, սակայն ոռոգվում են միայն 23 հա խաղողի այգիները: Գյուղացին ի վիճակի չէ «կրակի գնով» պարարտանյութ գնել, հողը պարարտացնել, ուստի բերքատվությունը շատ ցածր է, ու ամեն գարուն չորաթանցու առջեւ ծառանում է նույն խնդիրը՝ մշակե՞լ, թե՞ չմշակել իրեն չկերակրող հողակտորը, ու հասկանալով, որ տարեվերջին իրեն մնալու է միայն չարչարանքը, նրանցից շատերը թողնում են իրենց գյուղն ու գնում «խոպան»: Գյուղացիների խոսքերով, գյուղում մնում են միայն անճարները, որոնք, այլընտրանք չունենալով, սահմանից լսվող հերթապահ կրակահերթերի տակ մշակում են հողը՝ հույսները Աստծո վրա դրած: 340 տնտեսություն ունեցող գյուղում 60-ից ավելի տան դռներ կողպված են: Գյուղացիների ներկայացմամբ, միայն Մոսկվայում բախտ են որոնում 120-ից ավելի չորաթանցիներ: Գյուղում մնացել են հիմնականում ծերերը, կանայք ու երեխաները: Հողը չի կերակրում, ուրիշ եկամուտ չկա, շուկա չկա, փողի միակ աղբյուրը մնում է կենսաթոշակն ու նպաստը: Գործազրկությունը մեղմելու կամ, իր խոսքերով ասած, «մի քանի ընտանիքի հացի հարցը լուծելու համար, որպեսզի նրանք էլ չլքեն գյուղը», գյուղապետ Վարուժան Բաղմանյանը համայնքի սուղ բյուջեից պահանջածից ավելի աշխատատեղ է ստեղծել: Օրինակ, 7 հոգի աշխատում են գյուղապետարանում, 5-ը՝ մշակույթի պալատում, 7-ը՝ մանկապարտեզում:

Չորաթանցիները վիրավորված ու հիասթափված են երկրի իշխանավորներից. «Սահմանամերձ գյուղերին ուշադրություն չեն դարձնում, հիմա էլ կրիզիսն են պատճառ բռնում, փողեր են լվանում, բայց գյուղացու ձեռքից փուշ հանող չկա: Մենք ենք այսօր սահման պահողը, բայց ոչ մի արտոնությունից չենք օգտվում, ոչ մի կոմունալ վարձի կամ հողի հարկի զեղչ չեն սահմանում, մինչդեռ այլ է հարեւան Ադրբեջանում»: Գյուղացիները պնդում են, որ սահմանակից ադրբեջանական գյուղերում ապրող գյուղացիներին Ադրբեջանը ազատել է հողի հարկից եւ ոչ միայն: Նրանք նաեւ կոմունալ վճարումներ չեն կատարում, ստացել են «նայոմնիկի» կարգավիճակ ու դրա համար նպաստ են ստանում. «Էլ ինչո՞ւ պիտի լքեն բնակավայրերը: Իսկ մեզ մոտ գյուղերը դատարկվում են ու ոչ մի իշխանավոր չի մտահոգվում»: Գյուղում գործում է 7 խանութ, որտեղ վաճառվում են հիմնականում սննդամթերք եւ առաջին անհրաժեշտության ապրանքներ: Ինչպես հավաստիացրին խանութների տերերը, թեեւ առաջ էլ բարձր չէր գնողունակությունը, այժմ այն կրկնակի ընկել է, քանի որ կտրուկ նվազել են դրսից եկող տրանսֆերտները: Գյուղի միակ հագուստեղենի խանութը շաբաթներով այցելու չի ունենում, իսկ մյուսներն իրար հետ մրցում են՝ պարտքացուցակների գումարի մեծությամբ:

Գյուղի սակավաթիվ երիտասարդները ժամանցի համար տաք օրերին հավաքվում են գյուղամիջում, խաղաթուղթ, նարդի, շախմատ խաղում, ձմռանը՝ մեկնումեկի տանը իրենց «քաշած» օղին կամ գինին են խմում, քանի որ ուրիշ հետաքրքրություն չունեն:

70-ականներին կառուցված երկհարկանի մշակույթի տունը, որը մինչեւ 90-ականները գյուղի բնակչության հանգստի ու ժամանցի սիրելի վայրն էր, արցախյան ազատամարտի տարիներին հրետակոծվել, անգործության է մատնվել: Հսկայական շենքը գյուղապետարանն ի վիճակի չէ նորոգելու, ու քայքայված տանիքից ձյունն ու անձրեւը թափվում են ներս՝ թրջելով սենյակներից մեկում տեղակայված գրադարանի գրքերը: Գրադարանավարուհու ահազանգով գյուղապետարանից օգնության են հասնում, շենքի այդ հատվածի տանիքը կցմցում եւ ժամանակավորապես կասեցնում անձրեւաջրի հոսքը: Գրադարանավարուհի Անուշ Օհանյանի տեղեկացմամբ, ունեն 10 000 կտոր գիրք: Նրա խոսքերով՝ «Սովետի քանդվելուց հետո գիրք չենք ստացել, մինչդեռ այսօր նոր անուններ կան, որոնց գործերն ընդգրկված են դպրոցական ծրագրերում: Քանի որ գյուղում ինտերնետ կապ չկա, որ երիտասարդներն ու դպրոցականները «օդնոկլասնիկ» մտնեն, ուստի ստիպված գիրք են կարդում»: Ա. Օհանյանի տեղեկացմամբ, օրական մոտ 20 այցելու են ունենում: Հաճախում են հիմնականում դպրոցականներ, ովքեր ավելի հաճախ ծրագրային գրքեր են վերցնում՝ տանն ընթերցելու համար: Քիչ չեն նաեւ միջին տարիքի այցելուները, ովքեր նախընտրում են արկածային կամ պատմական գրքեր: Հանրապետական թերթերը գյուղ չեն հասնում, ինֆորմացիայի միակ աղբյուրը հեռուստատեսությունն է: Վերջին տարիների լուսավորն ու նորը այստեղ բջջային կապի մուտքն է, որը գյուղացիները համարում են թանկ, իրենց համար ոչ մատչելի, բայց գոնե դրսում ապրող ընտանիքի անդամների հետ կարողանում են կապ պահպանել:

Բացի «Հ1»-ից, չորաթանցիները հնարավորություն ունեն դիտելու նաեւ «Շանթ» հեռուստաընկերության ծրագրերը: Նրանց դուր է գալիս հատկապես «Ժողովրդական երգիչ» հաղորդումը: «Անհամբեր սպասում ենք կիրակի օրվան, որ այդ հաղորդումը դիտենք»,- ասում է Հենրիկ Ուդումյանը:

Չորաթանցի կանայք էլ հիմնականում դիտում են սերիալներն ու ապրում այդ հերոսների կյանքով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել