Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԱՏ, ՈՐԻ ԱՄԵՆ ԿՏՈՐԻ ԳԻՆԸ 10-20 ԵՎՐՈ Է

Նոյեմբեր 10,2009 00:00

Բայց դրա իրական արժեքը գիտեն պատմությունը եւ նրանք, որոնց ճակատագրերը խեղեց այդ պատը

Բեռլինը երեկ տոնեց ԳԴՀ-ն ու ԳՖՀ-ն միմյանցից բաժանող պատի փլուզման 20-ամյակը: «Առավոտը» դիմել էր հավատարմագրման համար՝ լուսաբանելու այս տոնակատարության պաշտոնական մասը, որին մասնակցելու համար Գերմանիայի մայրաքաղաք են ժամանել Հիլարի Քլինթոնը, Միխայիլ Գորբաչովը, Լեխ Վալենսան եւ այլք: Սակայն պարզվեց, որ հավատարմագիրը, ինչպես պատկերավոր արտահայտվեց «Եվրոպական հարեւանության լրագրական ցանց» ծրագրի մեր ղեկավարը՝ Դեյվիդ Քուինը. «Չարժե այն թուղթը, որի վրա տպագրված է»: Միջոցառումն անմիջականորեն լուսաբանելու բացառիկ իրավունք ունեին գերմանական հեռուստաընկերությունները, իսկ, ասենք, տպագիր մամուլի թեկուզ հավատարմագրված ներկայացուցիչները կատարվողին պետք է հետեւեին այն պայմաններում ու հեռավորությունից, ինչ սովորական հանդիսատեսները: Ուստի կգրենք միայն այն, ինչ հնարավորություն ենք ունեցել մոտիկից տեսնելու:

 

\"\"Բայց նախ՝ մի համառոտ պատմական ակնարկ: Սահմանը փակվել ու պատը մի գիշերում հառնել էր 1961 թվականի օգոստոսի 13-ին՝ իրարից բաժանելով ընտանիքների, ընկերների ու հարեւանների: Եվ վերամիավորման ու ազատություն ստանալու փորձերն իրոք դրամատիկ էին՝ մարդիկ թռչում էին պատին հարակից տների պատուհաններից կամ թունելներ փորելով անցնում: ԳԴՀ-ից փախչել փորձողների վրա սահմանապահները կրակում էին՝ հարյուրավորները վիրավորվեցին, իսկ 136 մարդ զոհվեց այդ պատի մոտ:

 

Նախկին սահմանի մասին հիշեցումները Բեռլինում ամենուր են: «Չարլիի ստուգման կետ» կոչվող այս վայրում մի կողմից ամերիկյան զինվորի լուսանկար է, իսկ նրա հակառակ կողմում՝ սովետական զինվորի պատկերը:

Եվ պահպանված ցուցանակը հիշեցնում է, թե հենց սա էր սահմանը, որը բաժանում էր «Արեւմտյան աշխարհը՝ այստեղից դեպի Վլադիվոստոկ տարածվող Կրեմլի ամբողջատիրությունից», պարզ ասած՝ Բեռլինի ամերիկյան հատվածը սովետականից:

1989 թվականի նոյեմբերի 9-ին պատը փլուզվեց: Եվ այժմ դրա մնացորդների մոտ էքսկուրսիաներ են կազմակերպվում:

\"\"
Նաեւ այսպիսով է հիշեցվում՝ «Դուք անցնում եք ամերիկյան հատվածը»:

\"\"
Նույն գրությունը կարելի էր տեսնել որտեղ ասես՝ ասենք, պայուսակների, բացիկների, բաժակների ու մոխրամանների վրա:

\"\"
Զարմանալին այն է, որ նախկին ամերիկյան այդ հատվածում վաճառվում էր բացառապես սովետական բանակի հանդերձանքը՝ գլխարկներ, հակագազեր, ձեռնաշղթաներ: Կար անգամ Գորբաչովի «մատրյոշկան», որն առանձին լուսանկարելու համար թուրք վաճառողը պահանջեց 2 եվրո:

\"\"
Սովետական բանակի պարագաները Բեռլինում շատ լավ էին վաճառվում: Եվ դրանք ձեռքբերողներն անմիջապես լուսանկարվում էին իբր ամերիկյան բանակի սահմանապահների հետ, որոնք այդ ծառայությունը մատուցում էին ամեն լուսանկարվողի համար՝ 1 եվրո վճարով: Մեծ հերթ էր գոյացել:

\"\"
Նշենք, որ Բեռլինի փողոցներում անգամ կոմիքսների ստենդներ կային՝ պատի թեմայով: Ըստ այդմ՝ հերթական անգամ ականատեսը դարձանք, թե ինչպես նույնիսկ ողբերգական պատմությունը կարելի է դարձնել զբոսաշրջության եւ փող աշխատելու միջոց:

Բայց որ ամենազարմանալին է՝ պատի փլուզումից 20 տարի անց էլ Բեռլինի խանութներում որպես հուշանվեր էին վաճառվում դրա մասնիկները, որոնք գնահատված էին ըստ մեծության՝ միջինը 10-20 եվրո: Դժվար է հավատալ, թե այսքան տարի վաճառքի առարկա դառնալուց հետո էլ քարերը չեն ավարտվել: Բայց դե՝ եթե հաշվի առնենք, որ պատի երկարությունը շուրջ 160 կմ է եղել՝ ամեն ինչ հնարավոր է:

\"\"Փորձեք գտնել հանելուկը, թե ինչպես է ստացվել, որ ՍՍՀՄ կոմունիստական կուսակցությունը ղեկավարելուն զուգահեռ՝ Լեոնիդ Իլյիչ Բրեժնեւը բնակվել է Բեռլինում շուրջ 30 տարի: Պատասխանն է. այս ցուցանակն իրական է՝ 1983-ին Բրեժնեւի մահից հետո փակցված է եղել այն տան վրա, որտեղ բնակվել է նա: Բայց Ելցինի խորհրդականի օժանդակությամբ Մոսկվայի քաղաքապետարանի կուլտուրայի կոմիտեն 1993-ին այն նվիրել է «Չարլիի checkpoint»-ի թանգարանին, որտեղ ըստ ցուցանակին կից գրության՝ «հավերժացված է այն մարդկանց հիշատակը, ում հետապնդում էր Բրեժնեւը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել