Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՓԱՇԻՆՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՈՏՆԱՀԱՐՎԵԼ ԵՆ

Նոյեմբեր 10,2009 00:00

Անցյալ շաբաթավերջին հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Իջեւանի անձնագրային բաժանմունքը հրաժարվել է «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ Նիկոլ Փաշինյանին տեղեկանք տրամադրել վերջին 5 տարում Հայաստանում մշտապես բնակվելու վերաբերյալ։ ՀԱԿ-ը լիազոր մարմնի այս քայլը համարում է ապօրինի եւ օրենքի տեսանկյունից չհիմնավորված: Կոնգրեսի երեկ տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասված է, թե «ակնհայտ է, որ տվյալ դեպքում ոստիկանությունը կատարել է վարչախմբի հերթական քաղաքական պատվերը՝ թույլ չտալու համար Նիկոլ Փաշինյանին օգտվելու որպես պատգամավորության թեկնածու գրանցվելու իր սահմանադրական իրավունքից։ Իր հերթին, Սահմանադրության եւ օրենքի այսօրինակ կոպիտ խախտումը ցայտուն մի վկայություն է վարչախմբի թուլության ու վախի, ինչը նա ոչ մի կերպ չի կարողանում հաղթահարել։ Համոզված, որ թափուր մնացած թիվ 10 ընտրատարածքում Նիկոլ Փաշինյանի հաղթանակը անխուսափելի է լինելու, իշխանությունը որոշել է պարզապես նրան չտրամադրել անհրաժեշտ փաստաթղթերը՝ ոստիկանության աշխատողներից եւս մի քանիսին օրինախախտ ու հանցագործ դարձնելու ճանապարհով»։ Կոնգրեսը նաեւ հայտարարել է, որ հետամուտ է լինելու Փաշինյանի իրավունքների վերականգնմանը, ու որպես առաջին քայլ՝ լիազոր մարմնի մերժումը բողոքարկվելու է Վարչական դատարանում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել