Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Բարձրացնել քաղաքական դաշտի որակը»

Նոյեմբեր 10,2009 00:00

Դա, ըստ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության առաջնորդ Մովսես Շահվերդյանի, պետք է անեն առաջին հերթին ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը:

Ինչպե՞ս անել, որ բարձրանա քաղաքական դաշտի որակը եւ քաղաքական ուժերի գործունեության արդյունավետությունը, ինչպե՞ս անել, որ մեր ժողովուրդն իսկապես հավատա եւ վստահի նրանց եւ ընտրությունների ժամանակ կարողանա լիարժեք վերաբերմունք ցույց տալ քաղաքական ուժերի ծրագրերին եւ գաղափարներին: Սրանք այն առաջնային հարցերն են, որոնք հայաստանյան ներքաղաքական դաշտում մտահոգում են Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությանը: Երեկ ՀԱՍԿ-ի այս մտահոգությունները «Առավոտի» հետ կիսեց կուսակցության առաջին դեմքը՝ Մովսես Շահվերդյանը: Ըստ նրա, հայաստանյան բոլոր խնդիրները՝ ազգային, սոցիալական, տնտեսական եւ այլն, կապված են հենց քաղաքական դաշտի որակի եւ քաղաքական ուժերի գործունեության արդյունավետության հետ: Այսօր այդ որակն ու արդյունավետությունը չեն բավարարում առկա խնդիրների լուծման համար: Ուստի ՀԱՍԿ-ը ներկայումս դոմինանտ դերակատարություն ունեցող քաղաքական ուժերին՝ պահպանողական ՀՀԿ-ին, ցենտրիստական ԲՀԿ-ին, լիբերալ ՀԱԿ-ին եւ հեղինակություն, կապեր ու ֆինանսական միջոցներ ունեցող անհատներին առաջարկում է, որպեսզի իրենց վրա որոշակի պատասխանատվություն վերցնեն եւ կարգավորեն քաղաքական դաշտում ուժերի հարաբերությունները, նրանց դերակատարությունը, օգնեն որակի բարձրացմանը:

Մովսես Շահվերդյանը գտնում է, որ Հայաստանի ներկայիս պայմաններում շատ ավելի մեծ դերակատարություն կարող է ունենալ ԲՀԿ-ն. «ՀՀԿ-ի եւ ՀԱԿ-ի միջեւ անձնավորված լարվածություն կա, եւ խնդիրներ են առաջացել, որոնք անգամ քաղաքական տրամաբանությունից դուրս են: Ուստի ԲՀԿ-ն այս պահին կարող է լիցքաթափող եւ ուղղորդող քաղաքական ուժի դերակատարում ստանձնել, եթե ճիշտ պահվածք դրսեւորի եւ մյուս քաղաքական ուժերի հետ հարաբերությունները ճիշտ կառուցի»: Մեր զրուցակիցը գտնում է, որ ԲՀԿ-ն պետք է իր առաջ խնդիր եւ նպատակ դնի՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում մեծամասնություն ձեւավորելու, քանի որ դա արդեն կուսակցական կոնյունկտուրայի խնդիր չէ, այլ հանրապետությունում ստեղծված քաղաքական, սոցիալական, տնտեսական իրավիճակին օգտակար ծառայելու: Նա կարծում է, որ նոր ուժի տպավորության տակ ԲՀԿ-ն կվերականգնի նաեւ հասարակության հավատն առ քաղաքական կազմակերպությունները: Ոչ մարդկային, ոչ գաղափարական եւ ոչ էլ ֆինանսական առումներով նոր ուժի ստեղծման ռեսուրս պարոն Շահվերդյանը չի տեսնում:

Ի դեպ, թեեւ Հայաստանում կան սոցիալիստական կարգախոսներով հանդես եկող անհատներ եւ ուժեր, բայց դրանք լիարժեք չեն գործում, եւ ըստ էության՝ սոցիալիստական քաղաքական ուղղությունը նույնպես բաց է մնում:

Ուստի մեր զրուցակցից հետաքրքրվեցինք՝ հայաստանյան քաղաքական դաշտում ոչ պակաս դոմինանտ մեկ այլ սոցիալիստական ուղղվածության ուժի՝ ՀՅԴ-ի հետ համագործակցությունը չե՞ն պատրաստվում ընդլայնել: Հիշեցնենք, որ ՀԱՍԿ-ը միացել է ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների՝ ՀՅԴ-ի նախաձեռնությանը: «ՀՅԴ-ին մենք պետք է գնահատենք այնպես, ինչպես այն կա: Ես ՀՅԴ պատմությունը եւ գործունեությունը շատ լավ գիտեմ, ինքս էլ ժամանակին ՀՅԴ անդամ եմ եղել: ՀՅԴ-ից պետք է պահանջենք այն, ինչը որ իրականում կուսակցությունը կարող է կատարել: 110 տարուց ավելի առաջ ստեղծվելով՝ այդ կուսակցությունը կոչված է եղել ոչ թե սոցիալիզմը քարոզելու, այլ ազգային խնդիրների լուծմանը սատարելու»,- ասաց ՀԱՍԿ առաջնորդը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել