Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՉԻ»-Ի ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՎԵ՞Ց

Նոյեմբեր 10,2009 00:00

Իշխանությունները հույս ունեն, որ իրենց վաղեմի երազանքն իրականություն է դարձել

Նոյեմբերի 5-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում, ուր լսվում էր «Գինդ» տպարանի հայցը ընդդեմ «Չորրորդ իշխանություն» թերթի հիմնադիր «Օգոստոս» գործակալության, դատավոր Գագիկ Խանդանյանը բավարարել էր «Գինդ» ՍՊԸ-ի հերթական միջնորդությունը՝ արգելել «ՉԻ»-ի ներկայիս հրատարակիչ «Կողմնակի անձանց Մ» ՍՊԸ-ին եւ ընդհանրապես բոլոր ընկերություններին, ինչպես նաեւ տպարաններին թերթը հրատարակել: ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ բաժնի ավագ հարկադիր կատարող Գ. Սախոյանը երեկ «ՉԻ»-ին, «Օգոստոս» գործակալությանն ու «Կողմնակի անձանց Մ» ՍՊԸ-ին ծանուցել է դատարանի ընդունած որոշման հիման վրա «կատարողական վարույթ հարուցելու եւ որոշակի գործողությունների կատարումը արգելելու մասին»: Ըստ այդմ, Գ. Սախոյանը որոշել է՝ «արգելել «Չորրորդ իշխանություն» օրաթերթի տպագրությունը ինչպես «Կողմնակի անձանց Մ» ՍՊ ընկերության, այնպես էլ ցանկացած այլ ընկերության կողմից, որեւէ այլ տպարանում»։ Սույն որոշումը, ծանուցման համաձայն՝ «ենթակա է անհապաղ կատարման»: Բոլոր երեք կողմերին ուղարկված ծանուցման տեքստում մեջբերված է նաեւ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքի 2065 հոդվածը, որի համաձայն՝ «Հարկադիր կատարողի որոշումը դիտավորյալ չկատարելը կամ օրենքով նրա վրա դրված պարտականությունները խոչընդոտելը առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից մինչեւ 400-ապատիկի չափով»։

«ՉԻ»-ն, իհարկե, կարող է սույն որոշումը բողոքարկել ՀՀ վարչական դատարանում կամ վերադասության կարգով՝ որոշումը ստանալու օրվանից 10 օրվա ընթացքում: Եթե «ՉԻ»-ն նույնիսկ որոշի ԴԱՀԿ-ի սույն որոշումը Վարչական դատարանում բողոքարկել, ապա դա միեւնույն է՝ «ԴԱՀԿ մասին» ՀՀ օրենքի 28 հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ չի կարող կասեցնել թերթի տպագրումն անհապաղ արգելելուն ուղղված կատարողական գործողությունները: Ասել է թե՝ «ՉԻ»-ն, գոնե մինչեւ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության կամ Վարչական դատարանների կողմից համապատասխան որոշումներ ընդունելը, այլեւս չի կարող տպագրվել:

Որ «ՉԻ» թերթի տպագրության կասեցումը իշխանությունների կողմից կայացված քաղաքական որոշում եւ դատարանին իջեցված պատվեր է՝ այլեւս կասկած չի հարուցում: Այս կարծիքն ավելի է ամրապնդվում՝ նկատի ունենալով նաեւ այն, որ ԴԱՀԿ-ն սահմանազանցելով իր լիազորություններն ու չունենալով դատարանի կողմից կայացված որոշում՝ երեկ ինքնագլուխ կերպով ընկել է թերթի տարածման գործակալությունների դռներն ու նաեւ նրանց է հրահանգել «ՉԻ»-ն չտարածել: Հիշեցնենք, որ «ՉԻ»-ն համապատասխան պայմանագրեր ունի եւ տարածվում է մասնավորապես «Պրես Ստենդ», «Էքսպրես», «Հայմամուլ» գործակալությունների, ինչպես նաեւ անհատ լրագրավաճառների միջոցով: Թե ԴԱՀԿ-ն ինչպե՞ս է հարկադրանքի իր միջոցները տարածելու ֆիզիկական անձանց նկատմամբ՝ պարզ չէ, որովհետեւ հարկադիր կատարածուները վերջիններիս իրենց կայացրած որոշումների մասին չեն ծանուցել:

«ՉԻ»-ի խմբագրակազմը այսօր հրատարակելու է «Ինքնիշխանություն» թերթը, ու այդպես է լինելու, թերեւս, մինչեւ վիճահարույց հարցով դատարանի որոշման հրապարակումը: Ինչ վերաբերում է Վարչական դատարանում ԴԱՀԿ-ի որոշումը բողոքարկելուն, ապա «ՉԻ» գլխավոր խմբագիր Շողեր Մաթեւոսյանը երեկ «Առավոտին» փոխանցեց, որ իրենք Վարչական դատարան դիմելու փոխարեն կդիմեն Արդարադատության խորհրդին՝ դատավոր Խանդանյանի գործողություններին ու նրա կայացրած ապօրինի որոշումներին գնահատական տալու պահանջով: «Սա քաղաքական պատվեր է: Հակառակ դեպքում «Գինդ» տպարանի հանդեպ «ՉԻ»-ի, իբր, ունեցած 1 մլն 800 հազար դրամ պարտքի դիմաց դատարանը ո՞նց է որոշում արգելել թերթի տպագրությունը»,- ասաց տիկին Մաթեւոսյանը:

«Ես Հայաստանի օրենսդրության մեջ չգիտեմ որեւէ դրույթ կամ կետ, որով հնարավոր է կասեցնել կամ արգելել որեւէ թերթի տպագրությունը: Մասնավորապես, «ԶԼՄ-ների մասին» օրենքում նման կետ գոյություն չունի: Կարծում եմ, դատավորը նման որոշում կայացնելու իրավունք չուներ: Նա գերազանցել է իր լիազորությունները: Դատավորի այդպիսի որոշումը հակասում է ՀՀ Սահմանադրության հոդված 27-ով երաշխավորված լրատվամիջոցների, մամուլի, խոսքի, ներառյալ՝ տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատության իրավունքին»,- «ՉԻ»-ի շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ երեկ մեզ հետ զրույցում հայտարարեց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» փորձագետ Մեսրոպ Հարությունյանը:

Իսկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում «ՉԻ»-ի դեմ «Գինդի» հայցի դատաքննության փուլը կմեկնարկի չորեքշաբթի օրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել