ՀԼԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը չի բացառում պատերազմական գործողությունների կարճատեւ վերսկսումը
Հայաստանի Լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը «Առավոտի» հետ զրույցում չկիսեց հայ-թուրքական արձանագրությունների վավերացման փուլի վերաբերյալ այն դիտարկումը, որ երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորումը, կարծես թե, գնում է սառեցման: Նրա համոզմամբ, ներկայիս թվացյալ հանդարտությունը պայմանավորված է «գաղափարական պատերազմով», որը լրիվ տեղավորվում է գործընթացի պայմանավորվածության շրջանակներում: «Թե Թուրքիայի, թե Հայաստանի ղեկավարները իրենց հայտարարություններում ամբողջովին ազնիվ եւ անկեղծ չեն: Նրանք ավելի շատ փորձում են ազդեցություն գործել սեփական ժողովուրդների վրա իրենց հայտարարություններով»,- ասում է մեր զրուցակիցը: Ի դեպ, այդ հայտարարությունները Հովհաննես Հովհաննիսյանի մոտ նաեւ զարմանք են առաջացնում: Ավելին, երբեմն դրանք նույնիսկ զավեշտի են հասնում. «Մարդիկ համաձայնվում են, արձանագրություններ են ստորագրում, մի քանի օր հետո էլ տարբեր հայտարարություններ են անում»: ՀԼԿ նախագահը հատկապես ապշած է նրանից, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերջերս մեկնաբանություններ տվեց Թուրքիայի վարչապետ Էրդողանի՝ ԼՂՀ հարցին եւ ազատագրված տարածքների վերադարձին վերաբերող հայտարարություններին, ասելով, որ Էրդողանն այդ ամենն ասում է սեփական ժողովրդի համար: Պարոն Հովհաննիսյանը նկատում է, որ միջազգային պրակտիկայում ընդունված չէ, որ մի երկրի ղեկավարը մեկնաբանի մեկ այլ երկրի ղեկավարի հայտարարությունները՝ մեղմացուցիչ երանգներ տալով դրանց: «Համենայնդեպս, նման բաներն ինձ հիմք են տալիս, որ հայ-թուրքական հարաբերություններն ընթանում են պլանավորված ընթացակարգով, եւ գարնանը երկու երկրների պառլամենտներն էլ կվավերացնեն արձանագրությունները»,- ասում է պարոն Հովհաննիսյանը: Այս համատեքստում, «Առավոտի» խնդրանքով անդրադառնալով ԱՄՆ-ի Սենատի կողմից ներկայացված Հայոց ցեղասպանության ճանաչման հերթական բանաձեւին, մեր զրուցակիցն ասում է. «Այժմ հարցը Ցեղասպանության ճանաչումը չէ, ես վստահ եմ, որ մինչեւ արձանագրությունների վավերացումը Հայաստանը ԼՂՀ հարցում կգնա խոստացված զիջումներին: Քանի՞ շրջան կվերադարձվեն՝ չեմ կարող ասել, բայց կտան այնքան, որ Թուրքիայի պառլամենտը կվավերացնի արձանագրությունները, եւ Ադրբեջանի հասարակությունը Թուրքիայի խորհրդարանից գոհ կմնա: Սա արդեն շատ պարզ է, եւ չեմ կարծում, որ Հայաստանը խնդիրը չլուծելու փաստարկ ունի: Հակառակ դեպքում, եթե Սերժ Սարգսյանը փորձի խաղի կանոնները փոխել, չեմ բացառում, որ Կովկասում կարճատեւ պատերազմ լինի»:
«Առավոտի» հարցին՝ կարելի՞ է խաղի կանոնների փոփոխություն համարել Սերժ Սարգսյանի հանրահայտ ուղերձը, որը հրապարակ նետվեց արձանագրությունների ստորագրումից ժամեր առաջ եւ մինչ օրս գովազդվում է, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին ղեկավարն ասաց. «Չի կարելի այդպես. կա փաստաթուղթ՝ սեւով սպիտակի վրա գրված: Չի կարելի իրարամերժ մեկնաբանություններ տալ: Մարդիկ, ովքեր ասում են, որ նախապայմաններ կան՝ շատ խելացի են եւ հարգանքի արժանի, բայց նրանք, ովքեր ժխտում են նախապայմանների գոյությունը՝ խելագար չեն: Ինչքան էլ ուղերձ հղես՝ նախապայմաններն ակնհայտ են: Նախագահն ուղերձ է ուղարկում, իսկ երկու ժամ հետո արտգործնախարարը արձանագրություն է ստորագրում: Կամ մեկը պիտի չանես, կամ՝ մյուսը: Ժողովրդին հիմարի տեղ չի կարելի դնել: Ամբողջ ազգը հեռուստացույցի առջեւ նստած սրտատրոփ սպասում էր, թե ինչ է լինելու Ցյուրիխում, դրանից մեկ ժամ առաջ եւ հետո էլ Սերժ Սարգսյանի ուղերձն էր լսում: Հիմա՝ ո՞րն է ճիշտը: Երկուսն էլ անում է նույն մարդը՝ Սերժ Սարգսյանը: Իր ո՞ր դեմքով է նա ազնիվ: Ի վերջո՝ պիտի՞ այդ հարցի պատասխանը հնչի»:
Շարունակելով հնարավոր պատերազմական գործողությունների թեման՝ մեր զրուցակիցը պարզաբանում է՝ այն դեպքում, եթե վարածդ քաղաքականությունն ինքդ էլ մտցնում ես փակուղի, պատերազմը դառնում է փրկօղակ: «Տա Աստված, ես սխալ լինեմ, բայց այն, ինչ կատարվում է Հայաստանում արձանագրությունների ստորագրումից հետո, իշխանությունը սեփական արտաքին քաղաքականության պայմանավորվածությունները տանում է փակուղի, երկու ձեւ կա՝ ներկայիս քաղաքական էլիտան հասկանում է, որ իրավիճակից ելքը իր հեռանալն է, որով, ի դեպ, թե սեփական ժողովրդի, թե աշխարհի աչքին կբարձրանան, կամ՝ եթե համառում ես՝ քո սեղանին դնում են պատերազմ, դու նպաստում ես դրան»,- ասում է Հովհաննես Հովհաննիսյանը: Ըստ մեր զրուցակցի, սակայն, խնդիրն այժմ նույնիսկ իշխանության փոփոխությունը չէ. «Այս մարդիկ այնպիսի հիմնարար փաստաթուղթ ստորագրեցին, որ 50 տարի հետո էլ, եթե 20 իշխանություն էլ փոխվի, այն դրվելու է սեղանին: Ամեն անգամ, երբ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարց առաջանա՝ այս փաստաթուղթն են հրապարակ բերելու, դրանից ներքեւ չեն իջնելու»: