Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասը հայտարարել է, թե չի մասնակցելու 2010թ. հունվարին կայանալիք Պաղեստինի ինքնավարության նախագահի ընտրություններին, քանի որ Իսրայելի հետ խաղաղ բանակցություններում առաջընթաց չի տեսնում: «Reuters»-ի մատուցմամբ, Արեւմուտքի կողմից աջակցություն վայելող Աբբասն իր այդ որոշման մասին բարձրաձայնել է «Պաղեստինի ազատագրություն» կազմակերպության գործադիր կոմիտեի նիստի ժամանակ: Սակայն Պաղեստինի առաջնորդի օգնական Յասեր Աբեդ Ռաբոն հայտարարել է, թե կոմիտեի անդամները դեռ փորձում են Աբբասին համոզել՝ փոխելու իր որոշումը: Հիշեցնենք, որ Մահմուդ Աբբասը ընտրություններ էր նշանակել այն բանից հետո, երբ նրան չէր հաջողվել հաշտվել Գազայի հատվածը վերահսկողության տակ առած իսլամական «Համաս» խմբավորման հետ, որը մերժում է Իսրայելի հետ որեւէ խաղաղ բանակցություն վարել:
Պաղեստինի առաջնորդը մերժել է նաեւ ԱՄՆ-ի կոչերը՝ վերականգնել բանակցությունները Իսրայելի հետ, հայտարարելով, որ նախ՝ հրեական պետությունը պետք է դադարեցնի Գազայի հատվածում բնակելի տարածքների ընդլայնումը: ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որն անցած շաբաթ օրը հանդիպել է Աբբասի եւ Իսրայելի վարչապետ Բինիամին Նետանյահուի հետ, հայտարարել է, թե պաղեստինցիները պետք է սկզբում խաղաղ բանակցություններ սկսեն, հետո նոր որոշեն տարածքների բնակեցման հարցը: