Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկացի սպան սպանել է ամերիկացի զինվորականների

Նոյեմբեր 07,2009 00:00

Աշխարհի ամենամեծ ռազմաբազայում՝ Ֆորտ Հուդում, որը գտնվում է ԱՄՆ-ի Տեխաս նահանգում, տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում 13 մարդ սպանվել է եւ եւս 31-ը՝ վիրավորվել: Սպանվածների գերակշիռ մասը զինվորականներ են, բայց կան նաեւ կանայք ու քաղաքացիական անձինք: Ֆորտ Հուդի ռազմաբազայում, որը ամերիկացի զինծառայողների պատրաստության կենտրոն է, եւ որտեղ զինվորները հակամարտության գոտիներ մեկնելուց առաջ բուժզննում են անցնում, առաջին կրակոցները հնչել են հինգշաբթի ուշ երեկոյան: «Reuters»-ի մատուցմամբ, ամերիկյան բանակի մայոր, 39-ամյա բժիշկ-հոգեբան Նիդալ Մալիկ Հասանը, ով այդ ջարդի գլխավոր կասկածյալն է, զբաղվում է հակամարտության գոտիներից վերադարձած զինծառայողներին հոգեբանական օգնություն ցուցաբերելով: Վերջին շրջանում նա անտրամադիր է եղել, որովհետեւ ինքն էլ հանձնարարություն էր ստացել ու առաջիկայում պետք է մեկներ Իրաք: Ծնունդով ամերիկացի, իսլամադավան Նիդալ Հասանը իրաքյան եւ աֆղանական պատերազմի ընդգծված հակառակորդ է, ու դա իր շրջապատում չի էլ թաքցրել: Փոխարենը հարազատների մոտ նա գանգատվել է, թե գործընկերներն իրեն ստորացնում եւ ծաղրում են իր «մերձավորարեւելյան ծագման» համար: Ըստ «BBC»-ի, մայորի հարազատներից մեկը փոխանցել է, թե Հասանը ռազմական փաստաբան էր վարձել՝ Իրաք գործուղվելու հարցը լուծելու համար, նաեւ պատրաստ է եղել պետությանը վերադարձնել իր ուսման համար արված ծախսերն ու հեշտացված կարգով բանակից զորացրվել:

«Մեր հետաքննությունը դեռ շարունակվում է, բայց նախնական տվյալներով կարելի է ասել, որ հարձակվողը գործել է մենակ»,- հայտարարել է Ֆորդ Հուդի հրամանատար Ռոբերտ Կոնը: Նրա ասելով, Հասանն ինքը փոխհրաձգության ընթացքում հրազենային մի քանի վերքեր է ստացել, բայց կենդանի է մնացել: Նա տեղափոխվել է հիվանդանոց եւ հիմա նրա կյանքին վտանգ չի սպառնում: Տեղի ունեցածի մոտիվը դեռ հայտնի չէ, ու Կոնը չի բացառել, որ այն կարող էր ահաբեկչական ակտ լինել, բայցեւ ասել է, թե դրա մասին վկայող ապացույցներ չկան: «Associated Press»-ի տեղեկություններով, կրակոցների ժամանակ ռազմաբազայում 52 հազար զինվորական է եղել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել