Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Նոյեմբեր 07,2009 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ վեցերորդ

ԻՈՍԻՖԻ ՄԱՍԻՆ

Եվ Հովիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Սոսն ինչքան երկար ապրի՝ մեր օգուտն ա», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «պիտի երկար ապրի, որ ձեր սերիալի համար փող ճարի», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ իմաստով հույսս լրիվ կտրել եմ», եւ ես ասացի՝ «հույսն ամենաուշն ա մահանում», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «իմն արդեն անհույս հիվանդ ա», եւ ես ժպտալով ասացի՝ «Արմենիկում տուր», եւ Հովիկն ասաց՝ «ամեն ինչ հանաքի ես վերածում», եւ ես ժպտալով ասացի՝ «քեզնից եմ սովորել», եւ Հովիկն ասաց՝ «ես ոչ մի հանաք էլ չեմ արել. ինչ որ ասում էի՝ լրիվ լուրջ էի ասում», եւ ես հարցրի՝ «ի՞նչն էիր լրիվ լուրջ ասում», եւ Հովիկն ասաց՝ «օրինակ՝ Վանոյի հաշվով» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ինքը սաղիցդ էլ լավ էր գրում», եւ ես ասացի՝ «ինքը հիմի էլ ա սաղիցս լավ գրում», եւ Հովիկը հարցրեց՝ «էդ Ավետիս Հարությունյանն ինքն ա՞», եւ ես ասացի՝ «ոնց որ ինքն ա», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես որ մի անգամ կարդամ, կարամ հարուր տոկոսով ասեմ՝ ի՞նքն ա, թե՝ չէ», եւ ես հարցրի՝ «բա խի՞ չես կարդում», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «թերթի մեջ չեմ կարում գեղարվեստական գործ կարդամ», եւ ես հարցրի՝ «բա իմը ո՞նց ես կարդում», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «քոնը մեկումեջ նայում եմ, որ հանկարծ վրես սուտ բաներ չգրես», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «քո մասին համարյա չեմ գրել», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մի օր կգրես» եւ մի քիչ էլ մտածեց ու հարցրեց՝ «էդ վեպդ կենսագրական վեպ չի՞», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «համարյա», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ իմ մասին չգրես՝ կենսագրությունդ կիսատպռատ կստացվի», եւ ես ժպտալով ասացի՝ «որ իմանայի կարդում ես, քո մասին ամենաշատը կգրեի» եւ մի քիչ մտածեցի ու ժպտալով ավելացրի՝ «որ իմանայի կարդում ես, ավելի լավ կգրեի», եւ Հովիկը ժպտալով ասաց՝ «որովհետեւ գիտես, որ գրական ճաշակս շատ բարձր ա», եւ ես ասացի՝ «գիտեմ, դրա համար էլ զարմանում եմ, որ գրածներս կարդում ես», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «շատ մի ուրախացի. հանաք էի անում», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ հանաք», եւ Հովիկը ժպտալով հարցրեց՝ «հավատացի՞ր, որ էդ գրածներդ կարդում եմ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մարդ որ մեծամտության հակումներ ա ունենում, ամեն տեսակ ստի էլ կարա հավատա, մենակ թե՝ էդ սուտը հաճելի սուտ ըլնի», եւ ես հարցրի՝ «այսինքն, պիտի մտածեի՝ խաբո՞ւմ ես», եւ Հովիկը ծիծաղելով ասաց՝ «որ նորմալ մարդ ըլնեիր՝ կմտածեիր, որ խաբում եմ», եւ ես ասացի՝ «մտածում եմ՝ նորմալ մարդը խի՞ պիտի խաբի», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «էդքանը կարդալ կըլնի՞, տնաշեն» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «բայց շատ դարդ մի արա. մի քանի գլուխ կարդացել եմ», եւ ես մի քիչ մտածեցի ու հարցրի՝ «որ մի քանի գլուխ ես կարդացել, ի՞նչ գիտես, որ քո մասին չեմ գրել», եւ Հովիկը ժպտալով ասաց՝ «Արիսն ամեն շաբաթ կարդում՝ դակլադ ա տալի» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «իրան զգուշացրել եմ, որ հենց իմ մասին սուտ ու սխալ բաներ տպես՝ ինձ խաբար անի», եւ ես ասացի՝ «ճիշտ ա», եւ Հովիկը հարցրեց՝ «ի՞նչն ա ճիշտ», եւ ես ասացի՝ «Արիսն ամեն շաբաթ կարդում ա», եւ Հովիկն ասաց՝ «խիղճն էլ ա լավ բան, տնաշեն», եւ ես հարցրի՝ «ի՞նչ խիղճ», եւ Հովիկն ասաց՝ «Արիսը մի կարգին առողջություն չունի, բայց ամեն շաբաթ էդ երկարբարակ գրածդ կարդում ա», եւ ես ասացի՝ «կարող ա՞ ես եմ ստիպել, որ կարդա», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ չի աշխատում՝ բա ի՞նչ անի», եւ ես ասացի՝ «դու էլ չես աշխատում. բա խի՞ չես կարդում», եւ Հովիկը զարմացած հարցրեց՝ «ո՞նց չեմ աշխատում», եւ ես ասացի՝ «ահագին վախտ ա՝ կինո չես նկարում», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «կինո չեմ նկարում, բայց առավոտից իրիկուն էդ ուղղությամբ մտածում եմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մտածելն էլ ա աշխատանք», եւ ես ժպտալով ասացի՝ «մտավորականը պիտի մտածի», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «փաստորեն, ես իսկական մտավորական եմ. առավոտից իրիկուն մտածում եմ», եւ ես ժպտալով հարցրի՝ «հիմնականում ի՞նչ ես մտածում», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հիմնականում մտածում եմ՝ ումի՞ց փող ուզեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ֆիլմիս համար», եւ ես ասացի՝ «էդքան մտածում ես, բայց ոչ մեկից փող չես ուզում», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մտածելը խանգարում ա», եւ ես հարցրի՝ «ինչի՞ն ա խանգարում», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «փող ուզելուն» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ինչքան շատ ես մտածում, էնքան փող ուզելը դժվարանում ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «որ շատ ես մտածում, սկսում ես հասկանալ, որ փող ուզելը մուրացկանություն ա», եւ ես ասացի՝ «բայց դու ֆիլմի համար ես ուզում, ոչ թե՝ քո», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «իրանք մտածում են, որ էդ փողը ջեբդ ես դնելու», եւ ես ժպտալով ասացի՝ «որովհետեւ իրանք չեն հավատում, որ հայ ռեժիսորը կարա ազնիվ ըլնի», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ փողատեր ըլնեիր, երեւի դու էլ իրանց պես մտածեիր», եւ ես ժպտալով ասացի՝ «ես հիմի էլ եմ իրանց պես մտածում», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «փաստորեն, քո մտքով էլ չի անցնում, որ ֆիլմի ընդհանուր ծախսերից բացի՝ ռեժիսորին էլ ա աշխատավարձ հասնում», եւ ես ասացի՝ «պիտի իրանց բացատրես, որ հասկանան», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «դու Արամ Աբրահամյանին բացատրել ե՞ս, որ էդ գրածներիդ համար քեզ հոնորար ա հասնում», եւ ես զարմացած հարցրի՝ «խի՞ պիտի բացատրեի» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «Արամն ինքն էլ ա գրում ու հասկանում ա, որ գրելու համար մարդն ինչ-որ բան պիտի ստանա», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «փաստորեն, ես էլ պիտի ռեժիսոր հովանավոր ճարեմ», եւ ես ժպտալով հարցրի՝ «դու քո ասածին հավատո՞ւմ ես», եւ Հովիկը հարցրեց՝ «ի՞նչ իմաստով», եւ ես ժպտալով ասացի՝ «ռեժիսորը ռեժիսորին փող կտա՞», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «ի՞նչ խորհուրդ ես տալիս», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «ոնց մտածում եմ՝ էդ ֆիլմիդ համար մենակ Սոսը կարա փող ճարի», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Աստված որ ինձ ու Սոսին մի քիչ առողջություն տա՝ մի բան կմտածենք» եւ մի քիչ էլ մտածեց ու ծխախոտիս նայելով ավելացրեց՝ «բայց Սոսը քեզնից բեթար ա ծխում», եւ հիմա, երբ Հովիկի էդ ասածը հիշեցի, Սոս Սարգսյանի ու բոլորիս ծխելու հետ կապված մի շատ տխուր ու շատ հետաքրքիր պատմություն էլ հիշեցի, եւ հիմա իմ ու Հովիկի էս խոսակցությունն ընդհատելով՝ ուզում եմ հիշելով ձեզ համար պատմել լուսահոգի Վերդյան Իոսիֆի, Սոս Սարգսյանի ու բոլորիս ծխելու մասին չափազանց տխուր մի պատմություն, որից հետո, բնականաբար, կիսատ թողած տեղից կշարունակեմ իմ ու Հախվերդյան Հովիկի էս պանթեոնային խոսակցությունը:

Էդ տարվա՝ երկու հազար երեքի գարնան բոլոր երեք ամիսներին ծիծեռնակները ցածրով՝ մեր պատշգամբի մոտերքով էին թռչկոտում ու ֆռֆռում, ու մենք անսխալ գուշակում էինք, որ անձրեւ է գալու, ու գալիս էր՝ համարյա ամեն օր անձրեւ էր գալիս, ու առավել կասկածամիտները համոզված կարծում էին, որ համատարած ու գրեթե շուրջօրյա էդ անձրեւները մեր երկրի գերագույն հրամանատարության ձեռի գործն է, ու առավել կասկածամիտների կարծիքով՝ էդ անվերջանալի անձրեւները Քոչարյանի ու Հայաստանի իշխանությունների ձեռամբ սարքվում էին, որպեսզի ընդդիմության հանրահավաքները փոզմիշ լինեն, ու էդպես էլ լինում էր՝ էդ գարնան գրեթե բոլոր հանրահավաքներն ուղեկցվում էին հորդառատ անձրեւներով, բայց, այդուհանդերձ, մեր շարքերում սթափ ու պրպտող մարդիկ էլ կային ու էդ հատուկենտ սթափները համոզված էին, որ Քոչարյանն ու իշխանությունները լավագույն դեպքում ի վիճակի են իրենց թնդանոթներով ամպերը ցրել, այսիքն՝ սպասվող անձրեւը կանխել, մինչդեռ չեղած տեղից անձրեւ առաջացնելն առայժմ մարդ արարածը գիտականորեն ի վիճակի չի՝ թեկուզեւ էդ մարդ արարածը Պուտինը կամ Բուշը լինի:

Էդ տարի ուրիշ շատ անհասկանալի ու անբացատրելի բաներ էլ էին կատարվում ու տեղի ունենում, ընդ որում՝ անձամբ ինձ հետ էլ էին կատարվում ու տեղի ունենում, եւ քանի որ էդ տարվա գարնանն ուղիղ հիսուն էի դառել, էդ բոլոր անբացատրելի բաները բացատրում էի էդ, ուրեմն, հիշարժան տարեթվով, բայց, այդուհանդերձ, Վերդյան Իոսիֆի հետ տեղի ունեցածն ու կատարվածն առ էսօր չեմ կարողանում հասկանալ ու բացատրել:

Հիմա, երբ վերստին հիշում եմ Իոսիֆին, վերստին համոզվում եմ, որ ինքը մյուսներիս հեչ նման չէր: Իոսիֆը միանգամայն տարբեր էր մեզանից: Իոսիֆը մեզանից տարբեր էր եւ հատկապես ու առանձնապես տարբեր էր Սովետի ամենավերջին տարիներին, երբ ինքը դեռեւս «Սովետսկայա կուլտուրա» թերթի երեւանյան սոբկոռն էր՝ սեփական թղթակիցը, եւ Իոսիֆի մասին լեգենդը հատկապես սովետական վերջին տարիներին հյուսվելով տարածվեց, ու էդ լեգենդի հիմնական բովանդակությունն էն էր, որ Իոսիֆին Մոսկվան առավոտից իրիկուն համոզում էր «Կոմսոմոլսկայա պրավդայի» սոբկոռը դառնալ, բայց Իոսիֆը ճարպկորեն ու հետեւողականորեն մերժում էր, ավելի ճիշտ՝ ոչ թե մերժում էր, այլ՝ վարպետորեն խույս էր տալիս էդ, ուրեմն, առաջարկներից, որովհետեւ Իոսիֆն էն գլխից ձեւավորված ու լավագույնս կազմակերպված անձնավորություն ու անհատականություն էր եւ հասկանում էր, որ Մոսկվային չի կարելի մերժել, եւ ինքը Մոսկվային ոչ թե մերժում էր, այլ, ինչպես արդեն ասացի, ճարպկորեն ու վարպետորեն խույս էր տալիս էդ պատվավոր ու ազդեցիկ առաջարկներից, եւ Իոսիֆի շուրջ հյուսվող լեգենդն իր գագաթնակետին հասավ սովետական ամենավերջին տարիներին, երբ Իոսիֆն սկսեց ճարպկորեն մերժել նաեւ «Պրավդայի» սոբկոռ աշխատելու մոսկովյան ազդեցիկ շրջանակների պերմանենտ առաջարկներն ու հորդորները, եւ, ի դեմս Իոսիֆի, մեր աչքերի առաջ ու մանավանդ մեր մտքերի մեջ վեր էր խոյանում մի բացառիկ կերպար, բացառիկ ու հմայիչ մի մտավորական, որն էդ խստաշունչ ու հույժ նոմենկլատուրային ժամանակներում կուլտուրան ու մշակույթը վեր էր դասում անձնական կարիերայից, եւ Սովետական Հայաստանի Մշակույթի նախարարի պաշտոնն էլ սովետական ամենավերջին տարիներին մերժած՝ հպարտ ու արժանապատվորեն պադավատի իր սեւ «Քսանչորսն» էր նստում կամ, ընդհակառակը, հպարտ ու արժանապատվորեն դուրս էր գալիս իր էդ սեւ ու պատկառելի «Քսանչորսից» եւ երբ ժպտալով մեզ բարեւում էր, զգում ու հասկանում էինք, որ մեր հանդեպ որոշակի ժեստ է անում, եւ երբ երբեմն իր մշտական ռուսերենից կարճատեւ անցում էր կատարում կիրովաբադյան ակցենտով հայերենին, զգում ու հասկանում էինք, որ Իոսիֆը որոշակի ժեստ է անում իր բազմաչարչար ազգի ու հայրենիքի հանդեպ։

Մենք նույն՝ Կարմիր բանակի վրա գտնվող Մամուլի շենքի առաջին հարկում էինք աշխատում, այսինքն՝ Քաղսովետի կողքի շենքում, ուր սրանից մի քանի տարի առաջ ԱԻՄ-ն ու «Ա1+»-ն էին, եւ Իոսիֆի կաբինետն առաջին հարկում՝ մեր «Ծիծեռնակի» դեմդիմաց էր, եւ Իոսիֆ Վերդյանն ինձ սկսեց լրջորեն ու սիրալիր բարեւել անցյալ դարի ութսուն թվականից սկսած՝ երբ «Կոմունիստի» հարկում թենիսի սեղան դրին, եւ ամեն օր աշխատանքից հետո Սաթյան Ռուբոն ու ես սկսեցինք անխտիր բոլորին հաղթել, եւ ես ու Ռուբոն իրար հետ դեպքից դեպք էինք հաշվով խաղում, որովհետեւ երկուսս էլ իրարից վախենում ու զգուշանում էինք, եւ, բացի այդ, մեր առանց հաշվի խաղն ավելի սիրուն էր ստացվում, եւ անգամ «Կոմունիստի» խմբագիրն էր ժամանակ առ ժամանակ իր կաբինետից դուրս գալիս՝ իմ ու Ռուբոյի թենիսը վայելելու, եւ եթե դիտորդների ու անձամբ Իոսիֆի խնդրանքով Ռուբոն ու ես դեպքից դեպք հաշվով էինք խաղում, Իոսիֆը միշտ ինձ էր բալետ անում, որովհետեւ, իր ասելով, ինքը կյանքում շատ բան էր տեսել, բայց իմ պես ուժեղ թենիս խաղացող բանաստեղծ երբեւէ չէր տեսել։

Կարիերիստներն ապշած ու զարմացած էին, որ Իոսիֆը մերժել ու շարունակում էր մերժել «Կոմսոմոլսկայա պրավդային» ու մանավանդ «Պրավդային», շատերն էլ, չհասկանալով ու չպատկերացնելով, ասում էին, որ էդ ամենը հնարովի լեգենդ է, եւ քչերն էին, որ ո՛չ միայն հավատում, այլեւ հասկանում էին՝ ինչու է Իոսիֆը մերժում էդ պերմանենտ ու գայթակղիչ առաջարկներն ու բավարարվում իր իրական կարգավիճակով։

Ես էդ քչերից մեկն էի։ Ես, կարելի է ասել, գրեթե ամբողջովին հասկանում էի Իոսիֆին։ Հասկանում էի, որ «Սովետսկայա կուլտուրան» Իոսիֆի համար ոչ միայն պադավատի սեւ «Քսանչորս» է, ո՛չ միայն անկախ ու ինքնիշխան աշխատանք է չափազանց կախյալ Հայաստանում, ո՛չ միայն ճաշակով կահավորված կաբինետ եւ չափազանց բարձր աշխատավարձ ու հոնորար է, այլեւ ինչ-որ չափով ու ինչ-որ իմաստով՝ դիսիդենտություն, որովհետեւ, շատից-քչից եւ լավից-վատից, էն ժամանակների ընդդիմությունն արվեստագետներն էին եւ արվեստագետներն Իոսիֆի հիմնական կլիենտներն էին, եւ Իոսիֆի հետ շփվելը գրեթե բոլոր արվեստագետների երազանքն էր, որովհետեւ եթե Իոսիֆը որեւէ հայ արվեստագետի հետ հարցազրույց էր տպագրում «Սովետսկայա կուլտուրայում» կամ որեւէ հայ արվեստագետի ստեղծագործական դիմանկարն էր գրում ու տպագում էդ թերթի «Էսկիզ կ պորտրետու» խորագրի ներքո, դույն հայ արվեստագետն անմիջապես ու մի օրում համամիութենական անուն էր դառնում, որովհետեւ Իոսիֆի էդ «Սովետսկայա կուլտուրայի» տիրաժը միլիոն էր, ու էդ միլիոնն ամենեւին էլ «Կոմսոմոլսկայա պրավդայի» կամ «Պրավդայի» միլիոնը չէր, որովհետեւ, Իոսիֆի ասելով, էդ երկու թերթերը զոռով էին հիմնարկներում բաժանորդագրում, մինչդեռ իրենց «Կուլտուրան» խիստ լիմիթավորված էր եւ ցանկացողներից քչերին էր հասնում, եւ Իոսիֆն էդ թերթը դիտմամբ էր «Կուլտուրա» անվանում, դիտմամբ «սովետսկայա» բառը չէր կցում՝ էդ կերպ շեշտելով ու ընդգծելով էդ թերթի էլիտար ու անկուսակցական էությունը։

Իոսիֆն ինձ ավելի հարգեց ութսուներեքի դեկտեմբերյան մի իրիկուն, երբ պատահաբար հանդիպեցինք ճանաչված բանաստեղծ Ալեքսանդր Մեժիրովի մերձմոսկովյան ամառանոցում, ուր Իոսիֆը հանկարծակի հայտնվեց՝ Ալեքսանդր Պետրովիչից Նարեկացու մասին հարցազրույց կորզելու նպատակով, եւ իրենց հարցազրույցը շատ հետաքրքիր էր, եւ հատկապես հետաքրքիր էր հարցազրույցի էն պահը, երբ Մեժիրովը խոստովանում էր, որ չնայած Նարեկացու տողացիներն ամբողջությամբ կարդացել ու թարգմանության համար նախատեսված հոնորարի վաթսուն տոկոսն էլ ստացել ու ծախսել էր, էդպես էլ Նարեկացուց ոչ մի տող չթարգմանեց, որովհետեւ Նարեկացու մեջ ավելի ու ավելի խորանալով՝ վերջնականապես համոզվեց, որ Նարեկացուն թարգմանելու համար նախ եւ առաջ ահռելի հավատքի տեր պիտի լինես, մինչդեռ ինքը մանանեխի հատիկի չափ էլ չունի, եւ երբ Իոսիֆը հարցրեց՝ «էդպես էլ չթարգմանեցի՞ք, Ալեքսանդր Պետրովիչ», Մեժիրովը մեղմ ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «իհարկե՝ ոչ», եւ երբ Իոսիֆը ժպտալով հարցրեց՝ «իսկ նախապես ստացած հոնորարի վաթսուն տոկոսը վերադարձրի՞ք պետությանը», Պետրովիչը չափազանց մեղմ ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «դա էական չէ», եւ երբ Իոսիֆը ժպտալով ասաց՝ «տպագրելու նպատակով չեմ հարցնում, Ալեքսանդր Պետրովիչ», Մեժիրովը վերստին մեղմ ժպտալով ասաց՝ «միեւնույն է՝ էական չէ», եւ, հիշում եմ, հարցազրույցից հետո՝ մինչեւ ուշ գիշեր բիլիարդ խաղացինք, նաեւ հիշում եմ, որ մինչեւ ուշ գիշեր մի գլուխ հաղթում էի Մեժիրովին ու Իոսիֆին, եւ չնայած երկուսն էլ պարտվելիս իրենց շատ վատ էին զգում, այդուհանդերձ, էդ օրվա հաղթանակներիցս հետո իմ հանդեպ Իոսիֆի հարգանքը զգալիորեն ու նկատելիորեն ավելացավ, եւ իմ հանդեպ իր հարգանքն ավելի մեծացավ ու խորացավ ընդամենը մի շաբաթ անց՝ երբ մենք վերստին հանդիպեցինք Պետրովիչի ամառանոցում. էդ երկրորդ անգամ Իոսիֆն իր արած հարցազրույցի օտիսկներն էր բերել, որ Պետրովիչն էդ հարցազրույցի վերջնական տարբերակը կարդա, բայց էդ իրիկուն բանաստեղծը կարդալու հեչ տրամադրություն չուներ, որովհետեւ, երբ Իոսիֆը հայտնվեց, Մեժիրովի ու իր երկու հարեւանների հետ արդեն Poker-ի երկրորդ սեանսն էինք սկսել, եւ Պետրովիչին ու հարեւաններին էդ իրիկուն ահավոր վատ թուղթ էր գալիս, մինչդեռ էդ օրվա բոլոր երեք սեանսների ընթացքում իմ խաղաթղթերն, ինչպես ասում են, երգում էին, եւ մանավանդ Իոսիֆի հայտնվելուց հետո էին երգում, եւ շատ թեթեւ ու հաջող էի խաղում, եւ հաջող խաղիս պատճառներից մեկն էլ էն էր, որ նախորդ օրը Երեւանից ստացել էի «Ճոճքիս» ամբողջ հոնորարը, որն ինձ հավելյալ ինքնավստահություն էր ներշնչում, եւ ինքս իմ խաղից ու էդ իրիկվա բացառիկ խաղաթղթերից ներշնչվելով՝ երրորդ սեանսի կեսերին զուգահեռաբար նաեւ մտածում էի, որ Իոսիֆի ոտն ինձ համար չափազանց խերով է, մինչդեռ Մեժիրովն ու հարեւաններն, ընդհակառակը, շատ արագ հասկացան, որ Իոսիֆի ոտն իրենց համար չափազանց բեխեր է, եւ մանավանդ երրորդ սեանսի ընթացքում շարունակ թարս-թարս էին նայում Իոսիֆին, ու Մեժիրովն էլ Իոսիֆին մի գլուխ ասում ու կրկնում էր, որ Նարեկացու մասին հարցազրույցի էդ օտիսկները կարդալու տրամադրություն ու ժամանակ չունի. այսինքն, անուղղակի ձեւով Իոսիֆին հասկացնում էր, որ հեռանա, բայց կիրովաբադցի Իոսիֆը ոչ միայն չէր ընկալում չափազանց նրբանկատ հրեայի էդ չափազանց աննրբանկատ ակնարկները, այլեւ ցուցադրաբար ինձ բալետ էր անում՝ ականջիս անընդհատ հայերեն քչփչալով. կոնկրետ ի՞նչ էր քչփչում՝ հիմա չեմ հիշում, բայց շատ լավ հիշում եմ, որ Իոսիֆի հայերեն խոսելը ո՛չ միայն նյարդայնացնում էր Մեժիրովին ու հատկապես հարեւաններին, այլեւ հարեւանների մեջ որոշակի կասկածներ էր առաջացնում, եւ երբ հարեւանները Պետրովիչին բողոքեցին, թե՝ աշակերտդ տասովկա է անում, այսինքն՝ խաղաթղթերն իմ ուզածով եմ դասավորում, բանաստեղծն ինձ կտրականապես պաշտպանեց՝ ասելով՝ «Առմեն վսեվո լը-լը-լիշ օդին ռը-ռը-ռազ պա-պա-պադայոտ, նո կա-կա-կաժդիյ ռը-ռը-ռազ ա-ա-աբիգռիվայետ», եւ էդ իրիկուն հուզված ու նյարդայնացած բանաստեղծը սովորականից ավելի էր կակազում, որովհետեւ ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե իր բավական թափանցիկ ակնարկներից հետո ինչո՞ւ Իոսիֆը ռադը չի քաշում, եւ առանց էդ էլ սնոտիապաշտ ու Նարեկացու շնորհիվ առավել սնոտիապաշտ դառած Ալեքսանդր Պետրովիչ Մեժիրովն էդ իրիկուն հակված էր իմ հաջողությունը հիմնականում Իոսիֆի ոտի հետ կապել, ու էդ իրիկուն վարպետի միակ մխիթարությունն էն էր, որ հաղթողը ես եմ եւ ոչ թե՝ իր հարեւանները, որովհետեւ ես մինչ այդ նույն էդ ամառանոցում միմիայն շարան-շարան պարտություններ էի իմ հաշվին գրանցել, ու էդ իրիկուն առանձնապես չարդարացա հարեւանների առաջ ու չասացի, որ տասովկա չեմ անում ու խաղաթղթեր դասավորել չգիտեմ, որովհետեւ ինձ համար նույնիսկ հաճելի էր, որ էդ իրիկուն ինձ առաջին անգամ ժյուլիկի ու պրոֆեսիոնալի տեղ էին դնում, ու էդ դերն ինձ համար անհամեմատ հաճելի էր, քան՝ հարիֆի ու վատ խաղացողի դերը, որ մինչ այդ ամենուր ու նույն էդ ամառանոցում ստանձնել էի։

Ինչեւէ. երեք սեանսում ես համարյա կրկնապատկեցի «Ճոճքիս» հոնորարը, եւ Իոսիֆի հետ լքելով Մեժիրովի ամառանոցը՝ կեսգիշերային էլեկտրագնացքով բարեհաջող Մոսկվա հասանք եւ ամբողջ գիշեր խմեցինք Գրողների հյուրանոցի Իոսիֆի համարում, եւ Իոսիֆի կոնյակները խմելիս նաեւ հասկացա, որ չնայած Իոսիֆը «Ռոսիա» հյուրանոցում իր մշտական համարն ունի, այդուհանդերձ, Գրողների միության էդ համեստ հյուրանոցն է մշտապես նախընտրում, ու էդ գիշերվա մեր խոսակցությունից նաեւ հասկացա, որ Իոսիֆը, դեռեւս ուսանողական տարիներից, Poker-ի հանդեպ թուլություն է ունեցել, բայց հետագա իր բոլոր պաշտոնները զսպաշապիկի դեր էին խաղացել, եւ Իոսիֆը մշտապես իրեն զսպելով՝ ոչ մի անգամ խաղասեղանի շուրջ չէր նստել, եւ քանի որ իմ հանրակացարանը Իոսիֆի հյուրանոցին կպած էր, եւ քանի որ շտապելու տեղ չունեի, ողջ գիշեր Իոսիֆի կոնյակները խմեցինք եւ լուսադեմին արդեն լավ հարբած էինք, եւ առավոտվա կողմ Իոսիֆը խոստովանեց, որ կյանքում առաջին անգամ է հարբել, եւ ես չէի էլ կասկածում, ու մինչեւ հիմա էլ համոզված եմ, որ մեր էս երկրային կյանքում ինձանից բացի՝ ուրիշ մեկը հարբած Իոսիֆ ո՛չ միայն չի տեսել, այլեւ չի էլ պատկերացրել։

Ես մեկ էլ Իոսիֆին տեսա Ղարաբաղյան շարժման օրերին, ավելի ճիշտ՝ ես ու Իոսիֆը մինչ էդ էլ Երեւանում իրար տեսնում ու բարեւում էինք, բայց բարեւից էն կողմ չէինք անցնում ու ոչ էլ մեր մոսկովյան հանդիպումներն էինք հիշում, եւ ընդհանրապես՝ ինքը չափազանց քչախոս էր ու հազվադեպ էր որեւէ բանի մասին իր կարծիքն արտահայտում, եւ երբ Ղարաբաղյան շարժումն արդեն սկսված էր, Իոսիֆն ու ես ժամերով կանգնում էինք Ազատության հրապարակում, եւ ինքը ելույթ ունեցողներին լուռ լսում ու որեւէ բան չէր ասում, եւ միայն ամիսներ անց իմացա, որ Իոսիֆը Կաթողիկոսի, Վիկտոր Համբարձումյանի ու մյուսների նշանավոր հացադուլի նախաձեռնողներից ու կազմակերպիչներից է եղել։

Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել