Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՈՄՈՍԵՔՍՈՒԱԼԻԶՄԸ՝ ՍԵՌԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ

Նոյեմբեր 07,2009 00:00

Մեկնաբանում է բժիշկ-սեքսապաթոլոգը

Եթե տղամարդը կանացի քայլվածք ունի, երկարավուն մազեր, նեղ տաբատ եւ կիպ բլուզ՝ դա դեռ չի նշանակում, որ նա հոմոսեքսուալիստ է:

Սակայն ասում են՝ հոմոսեքսուալիստներին շատ հեշտ է տարբերել, որովհետեւ ունեն հատուկ ընդգծված վարքագիծ: Իսկ իրականում հոմոսեքսուալիստներին հասարակության մեջ շատ դժվար է տարբերել. միասեռականին կարող է ճանաչել միայն նմանատիպ հակումներ, կողմնորոշում ունեցողը:

Ինչպե՞ս են դառնում հոմոսեքսուալիստ, ի՞նչ վտանգավոր հետեւանքներ ունեն այդ կապերը: Այս հարցերին պատասխանելով՝ բժիշկ-սեքսապաթոլոգ Սեւադա Հակոբյանը ասաց, որ ընդհանրապես հոմոսեքսուալ ծնվում են. «Հոմոսեքսուալիզմը դիտվում է որպես մարդու հոգեսեռական զարգացման երրորդ փուլի՝ սեռական կողմնորոշման ձեւավորման խանգարման արդյունք: Հոգեսեռական զարգացման երրորդ փուլը սեքսուալ կողմնորոշման ձեւավորումն է: Ֆիզիոլոգիական պրոցեսներով պայմանավորված՝ նորմայում լիբիդոն ուղղված է դեպի հակառակ սեռի ներկայացուցիչը: Սեքսուալ կողմնորոշման խանգարման ոչ ճիշտ ձեւավորումը բացատրող մի քանի հիպոթեզներ կան, որոնք վերջնականորեն չեն բացահայտում դրա ախտածագումը: Որոշ հիպոթեզների համաձայն՝ սեքսուալ կողմնորոշման հիմքերը գալիս են պտղի ներարգանդային զարգացման ընթացքում, որտեղ պտղի գլխուղեղի սեքսուալ կենտրոնների ձեւավորման պրոցեսում տեղի են ունենում խանգարումներ, որը կարող է պայմանավորված լինել պրոցեսների հորմոնալ խանգարմամբ: Այսինքն՝ երբ պտղի ձեւավորման ժամանակ միջավայրում գերակշռում է հակառակ սեռի հորմոնների մեծ քանակություն, նրա ուղեղի սեքսուալ կենտրոնները սխալ են ձեւավորվում: Դրա հետեւանքով հետագայում տվյալ անհատի մեջ դրսեւորվում է սեքսուալ կողմնորոշման ուղղվածություն դեպի նույն սեռի անձը, որն էլ հենց հոմոսեքսուալիզմն է: Որոշ գիտնականներ գտնում են, որ հոմոսեքսուալիզմի ձեւավորման մեջ, բացի գենետիկական եւ ներարգանդային զարգացման ընթացքում տեղ գտած խանգարումներից, կան նաեւ ձեռքբերովի գործոններ. օրինակ՝ միջավայրը, որտեղ մեծանում է տվյալ անհատը: Կա, այսպես կոչված, տրանզիտոլ հոմոսեքուալիզմ հասկացություն, այսինքն՝ երբ տվյալ անհատը պարբերաբար գտնվում է միասեռ փակ կոլեկտիվներում, օրինակ՝ բանակ, ազատազրկման վայրեր: Այստեղ լիբիդոն՝ սեռական ցանկությունը ուղղվում է դեպի նույն սեռի անձը՝ ելնելով տվյալ միջավայրի պայմաններից: Բայց եթե պայմանները վերականգնվում են, տվյալ անհատի մոտ տրանզիտոլ հոմոսեքսուալիզմը վերանում է»:

Իգական հոմոսեքսուալիզմի, այսինքն՝ լեսբիականության մասին էլ Ս. Հակոբյանը ասաց, որ նմանատիպ էլեմենտներ կարող են դրսեւորվել կանանց մեծամասնության մոտ, բայց դա չկրի իրական կամ կորիզային հոմոսեքսուալիզմի տարրեր: Սեքսապաթոլոգի ձեւակերպմամբ, լեսբիականությունը կարող է լինել որպես սեքսուալ կյանքը հարստացնող մի բաղադրիչ, այսինքն՝ սեքսուալ կյանքից բացառապես դուրս չմղի հետերոսեքսուալ հարաբերությունները. «Սա ավելի շատ էսթետիկ եւ գեղագիտական նշանակություն ունեցող երեւույթ է՝ ժամանակավոր հաճույք, եթե, իհարկե, կորիզային, անփոփոխ բնույթ չի կրում: Տղամարդկանց մոտ նույնը չէ, ինչպես կանանց: Արական հոմոսեքսուալիզմն ավելի կայուն է եւ շատ վտանգավոր: Հոմոսեքսուալիստ տղաների գերակշռող մասի մոտ կայուն հոմոսեքսուալիզմ է: Սա մի երեւույթ է, երբ անհատին տհաճություն չի պատճառում իր սեռի ներկայացուցչի՝ տղամարդու հետ սեռական կապի մեջ մտնելը»:

Արական եւ իգական հոմոսեքսուալիզմը առաջացնում է առողջական մի շարք խնդիրներ: Սեքսապաթոլոգի մեկնաբանմամբ. «Այս կապերի ժամանակ սեքսուալ օրգան է հանդիսանում ուղիղ աղիքը: Դրանով տեղի ունեցող սեռական հարաբերությունները մեծամասամբ ՁԻԱՀ-ով վարակվելու հակվածություն է առաջացնում: Ուղիղ աղիքի լորձաթաղանթը շատ զգայուն է տեղային պաշտպանական մեխանիզմների նկատմամբ եւ դրանց խանգարման պարագայում ընկալունակ դաշտ է հանդիսանում եւ սեռավարակների փոխանցման, եւ ՁԻԱՀ-ով հիվանդանալու պարագայում: Իսկ ընդհանուր հաշվով, սա ավելի շատ ոչ թե օրգանական հիվանդությունների պատճառ կարող է հանդիսանալ, այլ հոգեծին, որը հետագայում կարող է հանգեցնել դեպրեսիայի, մեկուսացման, աուտիզմի: Փաստերը վկայում են, որ հոգեծին խանգարումներն ու ինքնասպանությունների քանակը հոմոսեքսուալների մոտ, ըստ վիճակագրական տվյալների, ավելի բարձր է»:

Իսկ թե ի՞նչ ընդգծված վարքագիծ ունեն հոմոսեքսուալիստները, սեքսապաթոլոգն ասաց, որ երբ հոմոսեքսուալիստ տղամարդուն հարց ես տալիս՝ դու կարո՞ղ ես հասարակության մեջ ճանաչել քեզ նմանին, ասում է՝ այո: Բայց երբ հարցնում ես, թե ինչպե՞ս՝ նա դժվարանում է պատասխանել. «Իրենք իրար լավ ճանաչում են: Հոմոսեքսուալիստների մեջ կան ակտիվներ եւ պասիվներ: Պասիվ կողմի մոտ է միշտ դիտվում ֆեմինիմ վարք, այսինքն՝ կանացի շարժուձեւ, բայց դա ամենեւին չի խոսում տվյալ տղամարդու հոմոսեքսուալ կողմնորոշման մասին: Ունենք այլ հոգեսեռական զարգացման խանգարումներ, որի հետեւանքով եւս տղամարդու մոտ կարող է առաջանալ ֆեմինիմ վարք»:

Բժիշկ-սեքսապաթոլոգը բացառում է հոմոսեքսուալ կապերի մեջ հնարավոր զգացմունքը՝ սերը. «Այստեղ ավելի շատ սեռական ցանկության՝ լիբիդոյի ուղղվածության դրսեւորում է: Երբ առանձին զրույցներ ենք ունենում հոմոսեքսուալ վարք ունեցող անձանց հետ, նրանք նույնպես հոգու խորքում համոզված չեն, որ դա իդեալական տարբերակն էր իրենց սեռական կյանքի, դրա հետ մեկտեղ էլ նշում են, որ հակառակ սեռի նկատմամբ համակրանք, կիրք չունեն. կարող են ընկերություն անել, միասին աշխատել, նույնիսկ էրոտիկ բնույթի կատակներ անել, բայց զուտ սեքսուալ մղում դեպի հակառակ սեռը՝ նրանց մոտ բացակայում է եւ նույնիսկ տհաճ է»:

Ս. Հակոբյանի խոսքով, մարդու մոտ հոմոսեքսուալ հակումներն առաջանում են մանկությունից: Ըստ նրա՝ բազմաթիվ դեպքեր ցույց են տվել, որ այդ հակումները սկսվում են 6-8 տարեկան հասակից. «Մի հոմոսեքսուալ տղա այցելու ունեի, որի խոստովանմամբ, ինքը չէր դառնա այդպիսին, եթե փոքր հասակում իր շրջապատի մեծահասակ տղաների կողմից չենթարկվեր սեքսուալ ճնշումների, սեքսուալ մերձեցման: Այսինքն՝ չափահասների կողմից դեռահասների կամ երեխաների սեռական պղծումը մարդու սեքսուալ կողմնորոշման խանգարման պատճառ է հանդիսանում: Եվ եթե դա կրում է մշտական բնույթ, որը պատահել էր նաեւ իմ այցելուի հետ, դա հանդիսանում է պատճառ՝ սեքսուալ ցանկություն ունենալ նույն սեռի նկատմամբ»:

Բժիշկ Հակոբյանը փաստում է՝ հոմոսեքսուալ հակումներ ունեցող մարդը կարող է ունենալ նաեւ նորմալ հետերոսեքսուալ հարաբերություններ: Սա նշանակում է՝ տվյալ անհատի լիբիդոն ուղղված է ինչպես նույն, այնպես էլ հակառակ սեռի անձնավորություններին, բայց. «Սա եւս դիտվում է որպես սեռական կողմնորոշման խանգարում, երբ լիբիդոն հավասարապես ուղղված է երկու սեռերին միաժամանակ: Սա ռեալ բիսեքսուալիզմն է»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել