Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խոզի գրիպը խառնեց բոլոր պլանները

Նոյեմբեր 07,2009 00:00

\"\"Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականն աշխարհի առաջնության նախապատրաստության վերջին փուլի ուսումնամարզական հավաքն այս օրերին պետք է շարունակեր Թեոդոսիայում: Սակայն մարզաձեւի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը երեկ «Առավոտին» հայտնեց, որ վերջին պահին, տեղեկանալով Ուկրաինայում «խոզագրիպի» պատճառով ստեղծված իրավիճակին, որոշել է հրաժարվել արտագնա հավաքից: «Այնտեղի արտակարգ իրավիճակի մասին տեղեկացա հեռուստաէկրանից: Զանգեցի Ուկրաինայի իմ գործընկերներին եւ անձնական ծանոթներին: Համոզվելով, որ իրավիճակն այնտեղ իսկապես ծանր է ու կրիտիկական, նպատակահարմար գտա հրաժարվել Թեոդոսիայի հրաշալի մարզումային պայմաններից: Այս պահին մեր աղջիկները Գյումրիից տեղափոխվել են Աբովյան, որտեղ էլ շարունակում են իրենց նախապատրաստությունն աշխարհի առաջնությանը»,- պարզաբանեց Ս. Խաչատրյանը:

Իսկ մեր հարցին, թե դա կարո՞ղ է անդրադառնալ ակնկալվելիք արդյունքների վրա, ֆեդերացիայի նախագահը պատասխանեց. «Աղջիկներն իրենց առջեւ լուրջ ծրագրեր են դրել: Իհարկե, լավ կլիներ, եթե նախապատրաստությունն անցներ այնպես, ինչպես ծրագրված էր: Բայց մեզ համար առաջնայինը մարզիկների առողջությունն է: Ինչ վերաբերում է Կորեայում նրանց մրցելույթներին, այսօրվա դրությամբ էլ մեր եռյակի մարզավիճակը հուսադրող է»:

Իսկ տղաների ազգային հավաքականի երեք անդամներ՝ Տիգրան Գ. Մարտիրոսյանը (77 կգ քաշային կարգ), Գեւորգ Պողոսյանը եւ Տիգրան Վ. Մարտիրոսյանը (երկուսն էլ՝ 85 կգ) արդեն մեկնել են մերձմոսկովյան Պոդոլսկ: Մարզաձեւի ֆեդերացիայի մարզչական խորհուրդը վերջին ցուցանիշների եւ հավաքների ընթացքում ցույց տված արդյունքներով Հարավային Կորեա մեկնող ծանրորդների ցուցակում ընդգրկել էր նաեւ մինչեւ 105 կգ քաշային Արթուր Բաբայանին: Սակայն մարզիկը երեւանյան վերջին մարզումների ժամանակ վնասել է ոտքը, որի համար հիմա զբաղվում է դրա բուժմամբ: Իսկ Կորեայում Հայաստանից մեդալների հավակնորդ Առաքել Միրզոյանը (69 կգ քաշային կարգ) իր հոր եւ անձնական մարզիչ, օլիմպիական չեմպիոն Հոկսեն Միրզոյանի հետ միասին նպատակահարմար է գտել մարզումները շարունակել Հայաստանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել