Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԱՐԶԵՐԸ ՈՉԻՆՉ ՉՈՒՆԵՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ

Նոյեմբեր 07,2009 00:00

Հայաստանի թատերական գործիչների միավորման քարտուղար Սոնա Մելոյանը համաձայն չէ վերջին շրջանում շրջանառվող հայտարարություններին, թե հայկական թատրոնը ճգնաժամ է ապրում. «Համենայնդեպս, արտասահմանցի փորձագետները արձանագրում են, որ երիտասարդ ռեժիսուրայի թատերական այսպիսի բում, ինչպիսին վերջին շրջանում մեր երկրում է, չկա տարածաշրջանի մյուս երկրներում»: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ տիկին Մելոյանն ասաց, որ Երիտասարդ թատերական ռեժիսորների հանրապետական 4-րդ փառատոնն այս տարի կմեկնարկի նոյեմբերի 8-ին եւ տասն օր շարունակ հայ հանդիսատեսին կներկայացնի 14 ներկայացում՝ նախորդ տարվա 11-ի փոխարեն: Նա ցավով փաստեց, որ մարզային թատրոնների մեծամասնությունը հանրապետական փառատոնին մասնակցության հայտ չի ներկայացնում. արդեն երրորդ տարին է, որ փառատոնին հետաքրքիր ներկայացումներով ակտիվորեն ներկայանում են միայն Վանաձորն ու Գյումրին:

Ընդունված ավանդույթի համաձայն, այս տարի էլ յուրաքանչյուր ներկայացում դիտելուց հետո տեղի կունենան քննարկումներ, որտեղ, փորձառու թատերագետներից բացի, իրենց կարծիքն ու գնահատականը կհայտնեն Երեւանի կինոյի եւ թատրոնի թատերագիտական բաժնի ուսանողները: Ռեժիսոր Գուժ Թադեւոսյանը, որ փառատոնին կներկայանա «Թավուտում» աշխատանքով, կարծիք հայտնեց. «Հանդիսատեսին ինչ մատուցում ենք՝ այն էլ ընդունում է եւ համարում որակի չափանիշ: Իմ կարծիքով, այն խնդիրները, որոնք մեր հասարակության մեջ գոյացել են, պետք է փորձենք թատերական գործերով ցուցադրել եւ լուծման եզրեր գտնել»: Ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանը, որ փառատոնին կներկայացնի «Արնախումի ընտանիքը», ասաց, թե հայ հանդիսատեսն այսօր հետաքրքրված է քաղաքականացված ցածր որակի հումորով գործերով. «Իսկ խնդիրներն այսօր քչերին են հուզում»:

Լրագրողներից մեկի հարցը, թե ինչո՞ւ մարտյան հայտնի իրադարձությունների թեմայով ներկայացումներ չեն ստեղծվում՝ բանավեճի առարկա դարձավ, նույնիսկ աղմուկ բարձրացավ: Ռեժիսոր Կարապետ Բալյանն ասաց, որ եթե իրեն նման թեմայով պիես տրամադրվի, հաստատ կբեմադրի, իսկ Գրիգոր Խաչատրյանն էլ կարծիք հայտնեց, որ թատրոնը իրականությունը կրկնելու համար չէ, այլ նրանից կտրվելու:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել