Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քաղաքականություն՝ մշակույթի համար

Նոյեմբեր 07,2009 00:00

Կամ՝ ինչպես փրկել մշակութային ժառանգությունը

Նոյեմբերի 5-8-ը Երեւանում անցկացվում է «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն՝ մշակույթի համար» խորագրով տարածաշրջանային գիտաժողով, որը կազմակերպել է ՀՀ մշակույթի նախարարությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոսկովյան գրասենյակի, ԱՊՀ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ: Երեկ «Գոլդեն թուլիփ» հյուրանոցում կազմակերպված կոնֆերանսի ընթացքում ելույթներով հանդես եկան ԱՊՀ անդամ երկրների, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները: Գիտաժողովին մասնակցելու ցանկություն չէին հայտնել Վրաստանը, Ադրբեջանը եւ Թուրքիան: ՀՀ մշակույթի նախարարը «Առավոտի» հետ զրույցում հավաստիացրեց, որ բոլոր հայտ ներկայացրած երկրներին ուղարկվել է պաշտոնական հրավեր, Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի անդամ Ադրբեջանին՝ եւս:

Գիտաժողովի մասնակից, ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդեւը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ Հայաստանը ակտիվորեն համագործակցում է ԱՊՀ երկրների հետ: Ըստ նրա՝ մշակութային երկխոսությունը օգնում է նաեւ քաղաքական գործիչներին ու հնարավորություն ստեղծում, որ օտարերկրացիները ծանոթանան Հայաստանի մշակույթին: ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային քաղաքականության եւ միջմշակութային երկխոսության բաժնի տնօրեն Կատերինա Ստենուն ծրագրի շրջանակում Հայաստան է եկել առաջին անգամ: Նա հայտնեց, որ հպարտ է լինել մի երկրում, որի մշակութային արժեքները ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության ներքո են: «Լավ է, որ այս հանդիպումն առաջին անգամ կազմակերպվեց Հայաստանում, որը հին եւ նոր քաղաքակրթությունների խաչմերուկ է: Մշակութային քաղաքականությանը ես էնտուզիազմով եմ վերաբերվում, որովհետեւ այն իր մեջ ներառում է տարբեր ոլորտներ, այդ թվում՝ կրթություն, ուրբանիզացիա, առողջապահություն»,- նշեց նա:

Կատերինա Ստենուից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ քայլեր է ձեռնարկում ՅՈՒՆԵՍԿՕ-ն հարեւան երկրներում հայկական հուշարձանների ու եկեղեցիների ոչնչացումը կանխելու համար: Մեր զրուցակիցը պատասխանեց. «Հարցն իսկապես ցավոտ է: Հարեւան երկրների հետ նման խնդիր ունի ոչ միայն Հայաստանը, այլ նաեւ Թաիլանդն ու Կամբոջան, Չինաստանն ու Կորեան: ՅՈՒՆԵՍԿՕ-ն փորձում է որոշ հուշարձաններ ներառել համաշխարհային ժառանգության ցանկում, որը դրանք անձեռնմխելի կդարձնի: Բացի այդ ցանկում ներառելուց, պետք է ստեղծենք անկախ մարմիններ, որոնք կոչված կլինեն խնդիրներ ունեցող երկրներում պաշտպանել մշակութային ժառանգությունը»: Նա բերեց Հունաստանի եւ Թուրքիայի օրինակը. «Սբ. Սոֆիայի տաճարը թուրքերի կողմից վերածվել էր մզկիթի, սակայն բարձրացված բողոքի ձայնի հետեւանքն այն եղավ, որ տաճարը թանգարանի վերածվեց եւ այժմ գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության ներքո»: Մեր զրուցակցի խոսքով՝ Հայաստանում մշակութային ժառանգության համար պետք է պատասխանատվություն կրի նախեւառաջ ՀՀ մշակույթի նախարարությունը: Հավելենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համամարդկային արժեքների ցանկում են միայն Զվարթնոցի տաճարը, Էջմիածնի վանքը, Գեղարդավանքը, Ազատ գետի հովիտը, Հաղպատն ու Սանահինը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել