Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՅԿԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐՈՎ ԵՎ ՀԱՅԻ ՀԱՄԱՐ

Նոյեմբեր 07,2009 00:00

\"\"Այս սկզբունքով է ստեղծագործում կոմպոզիտոր Աշոտ Բաբայանը

Կոմպոզիտոր Աշոտ Բաբայանի «Սպիտակ» սիմֆոնիան ներկայացվել է պետական մրցանակի: Արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Արմեն Բուդաղյանը փաստել է, որ գրեթե չունենք 1988թ. երկրաշարժի հետ կապված գեղարվեստական մեծակտավ գործեր: «Աշոտ Բաբայանը գրել է գործ, որտեղ միավորվում են սիմֆոնիկ, ժողովրդական գործիքների նվագախմբերի, մենանվագ ալտ գործիքի, մնջախաղի եւ կինոժապավենի հնարավորությունները… «Սպիտակ» սիմֆոնիան առանձնանում է վերջին տարիներին գրված գործերից եւ ընդգծում ստեղծագործության անհատական դեմքը»,- կարծիք է հայտնել նա: Կոմպոզիտոր Յուրի Հարությունյանն էլ նշել է, որ թեեւ ստեղծագործության հիմքում ընկած չէ հայտնի դասական եւ ժամանակակից կառուցվածքներից եւ ոչ մեկը, այնուհանդերձ, «Սպիտակը» սիմֆոնիա է՝ գաղափարական առումով. «Այն բովանդակալից է, իր մատչելությամբ՝ ընկալելի լայն հասարակության համար… Սիմֆոնիայի երաժշտական լեզուն խորը ազգային է՝ հիմնված շարականային ինտոնացիաների եւ առանձին հատվածների վրա, որոնք ստեղծագործությունը դարձնում են առավել զգացմունքային»:

«Առավոտի» հետ զրույցում կոմպոզիտոր Աշոտ Բաբայանը հայտնեց, որ խառնվածքով մոնումենտալիստ է եւ մեծակտավ ժանրերն է նախընտրում: Իր սիմֆոնիան էլ հեղինակն այսպես է բնորոշում. «Ինձ հոգեհարազատ են նաեւ ոչ ստանդարտ ձեւերը: «Սպիտակը» սիմֆոնիա է, բայց իր կառուցվածքով այնքան էլ դասական ձեւի մեջ չէ: 1989 թվականին սկսեցի այս գործի վրա աշխատել՝ երկրաշարժից անմիջապես հետո, որովհետեւ մեծակտավ գործերին բնորոշ են համամարդկային թեմաները: Չես կարող փոքր սիրո պատմության վրա օրատորիա կամ սիմֆոնիա ստեղծել… օգտագործել եմ ոչ ստանդարտ կազմ, հետո ինձ ճանաչողները գիտեն, որ հատկապես արեւելյան նվագախումբ կոչվածին մեծ նշանակություն եմ տալիս: Սիմֆոնիայի լեզվի առանձնահատկությունների մասին էլ ասեմ, որ օգտագործել եմ 20-րդ դարավերջի ավանգարդիստական լեզվամտածողությունը եւ, միեւնույն ժամանակ, շարականներից բխող ինտոնացիաներ: Ի դեպ, 20-րդ դարավերջի արտահայտչական միջոցները գալիս են իմ ուսուցիչ Ավետ Տերտերյանից»: Կոմպոզիտորը հավելեց նաեւ, որ երբ իր մյուս ուսուցիչ Էդվարդ Միրզոյանն ստեղծագործության առաջին լսումից հետո բացականչել է՝ ի՞նչ է սա, հեղինակի համոզմամբ, դա բարձր գնահատական է, որովհետեւ նման հարց ծնվում է նոր ոճի «հանդիպելիս»: Մեր դիտարկմանը, թե Հայաստանում դասական երաժշտության փառատոների ու համերգների պակաս չկա, բայց, միեւնույն է՝ կարծես դասական արվեստը մի կողմ է քաշված, կոմպոզիտորը պատասխանեց. «Այդ փառատոները հիմնականում վերաբերում են կամերային ժանրին, փոքրածավալ գործերին, մոնումենտալ երաժշտության ժանրը պակասում է: Մինչդեռ հենց մոնումենտալն է աշխարհին ներկայանալիք ժանր եւ բրենդ: Բոլոր հռչակավոր կոմպոզիտորները իրենց մեծակտավ գործերով են հայտնի դարձել: Մեծակտավ գործերը Հայաստանում ստվերում են մնում տարբեր պատճառներով: Նախ հեղինակի համար նման գործերի ստեղծումը եւ կատարումն է դժվար, բացի այդ, ֆինանսական միջոցների հետ է կապված: Եվ հետո մեր այսօրվա երաժիշտ-կատարողների, հատկապես դիրիժորների մտածողությունը մի տեսակ հակադրվում է ներկայիս գործող օրենքներին: Իրենք դաստիարակվել են խորհրդային ծրագրերով եւ եվրոպական երաժշտությամբ, մինչդեռ մեր պետական մշակութային քաղաքականության հիմքում ընկած է ազգային մշակույթի պահպանումն ու զարգացումը: Չէ՞ որ պետական կոլեկտիվները ստեղծված են հենց հայ երաժշտություն կատարելու համար: Սերունդ է զարգացել, որ անգամ Սպենդիարյանի ու Էդգար Հովհաննիսյանի ստեղծագործությունները չի լսել, որովհետեւ նրանց գործերը մեր պետական կոլեկտիվների երկացանկում չեն եղել… Մեր դիրիժորներն էլ այնքան երիտասարդ են ու գուցե ինքնադրսեւորման եւ Եվրոպա դուրս գալու խնդիր ունեն, դրա համար ազգայինին այդքան տեղ չեն տալիս»: Ինչ վերաբերում է իրեն, Ա. Բաբայանը հավաստիացրեց. «Ես՝ որպես ստեղծագործող իմ առջեւ նման խնդիր չեմ դրել եւ առհասարակ չեմ «վառվում» Եվրոպայի ուշադրությանն արժանանալու համար: Միայն հայոց լեզու, հայկական թեմաներ, հատուկ հայ կատարողի եւ հայ ունկնդրի համար՝ սա իմ ստեղծագործական սկզբունքն է: Չնայած, փաստեմ, որ իմ գործերը Եվրոպայում հրատարակվել են, կատարվում են, տեղ են գտել ուսումնական հաստատությունների, թեկուզ Լոնդոնի թագավորական ակադեմիայի ուսումնական ծրագրում»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել