Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ի՞նչ իմաստ ունի

Նոյեմբեր 07,2009 00:00

\"\"Վերջին շրջանում ՀՅԴ պատասխանատու գործիչներն Արցախի քաղաքական ուժերի հասցեին հնչեցնում են, մեղմ ասած, կշտամբանքներ:

Մեկնարկը տվեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը՝ հոկտեմբերի 16- ի հանրահավաքում «արձանագրելով» Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված Արձանագրությունների նկատմամբ «Ղարաբաղի պասիվ կեցվածքը»:

Մեկ անգամ առիթ եմ ունեցել ասել, որ հոկտեմբերի 1-ին ՀՀ Ազգային ժողովում կազմակերպված լսումներին ես նախապատրաստվել էի հանգամանորեն: Նպատակը մեկն էր՝ ներկայացնել ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի, իրականում՝ ամբողջ խորհրդարանի տեսակետը, սակայն, ցավոք, լսումների կազմակերպիչ պարոն Ռուստամյանը նպատակահարմար չէր գտել ելույթի համար ինձ խոսք տրամադրել:

Երկրորդ «լուրջ» մեղադրանքն օրերս հնչեցրել է Կիրո Մանոյանը: Ըստ այդմ, «ԼՂՀ քաղաքական մեծամասնությունը մերժել է ԼՂՀ Սահմանադրության մեջ ամրագրել, որ ԼՂՀ սահմանները այսօրվա փաստացի սահմաններն են»:

Արժե, թերեւս, հիշեցնել, որ 2006թ., երբ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու մասին որոշումն ընդունվում էր, ԼՂՀ Ազգային ժողովում եւ ոչ մի կուսակցություն բացարձակ մեծամասնություն չուներ, ինչպես նաեւ՝ որ ՀՅԴ- Շարժում-88 պատգամավորական խմբակցությունը նույնպես կողմ է քվեարկել, որպեսզի սահմանադրական հանձնաժողովի կողմից մշակված տարբերակն առանց փոփոխությունների եւ լրացումների ներկայացվի ժողովրդի դատին: Այնպես որ՝ գործող Սահմանադրության համար պատասխանատու են բոլոր քաղաքական ուժերը, որոնք առաջին օրվանից մինչեւ հանրաքվեի կազմակերպումն ու անցկացումը՝ եղել են գործընթացի հավասար մասնակիցներ:

Կարծում եմ, սահմանադրական հանձնաժողովի աշխատանքային փաստաթղթերը պահպանվում են: Ցանկության դեպքում կարելի է դրանք ուսումնասիրել եւ պարզել, թե մասնավորապես տարածքների հարցի վերաբերյալ ով ինչ առաջարկություն է ներկայացրել:

Ստիպված եմ նաեւ հիշեցնել, որ այդ ժամանակ ընդդիմադիր կեցվածք որդեգրած ՀՅԴ Արցախի ԿԿ-ն եւ նրան սատարող Շարժում-88 կուսակցությունը Սահմանադրության նախագծի մշակման, դրա աշխատանքային եւ խորհրդարանական քննարկումներում, հրապարակային ելույթներում շեշտը դրել էին ոչ թե ԼՂՀ տարածքների մասին դրույթի, այլ այն հարցադրման վրա, թե արդյոք Սահմանադրությունը հիմք տալո՞ւ է, որ Արկադի Ղուկասյանը երրորդ անգամ նախագահ ընտրվի: Թվում է՝ հնարավորություն կա վերաթերթել այն օրերի մամուլը՝ համոզվելու համար, որ ՀՅԴ-Շարժում-88 պատգամավորական խմբակցությունը հենց այդ խնդրի պատասխանն էր փորձում պարզել, երբ Ազգային ժողովի նիստում «անկյուն էր քշում» սահմանադրության նախագծի մշակման աշխատանքային խմբի ղեկավար, ԼՂՀ նախագահի ներկայացուցիչ Արմեն Զալինյանին: Եվ, ընդհակառակը, հազիվ թե հիշվի մի դեպք, երբ նույն խմբակցությունը նույն Արմեն Զալինյանին հարց ուղղած լինի՝ ինչո՞ւ ԼՂՀ տարածքի մասին դրույթը ձեւակերպված է այդքան անորոշ, եւ ինչո՞ւ այն տեղ է գտել Սահմանադրության նախագծի «Եզրափակիչ եւ անցումային դրույթներ» գլխում, այն էլ՝ որպես ամենավերջին հոդված:

Այդուհանդերձ, Սահմանադրությունը մեկ անգամ եւ ընդմիշտ ընդունված փաստաթուղթ չէ: Այն ենթակա է փոփոխությունների: ՀՅԴ Արցախի կազմակերպությունը ներկայում ընդդիմություն չէ, լիովին մասնակցում է ԼՂՀ պետական եւ քաղաքական կյանքում կարեւոր որոշումների ընդունմանը եւ բոլոր հնարավորություններն ունի, որպեսզի նախաձեռնի սահմանադրական եւ օրենսդրական փոփոխություններ եւ լրացումներ կատարելու՝ սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված գործընթաց:

Հակառակ պարագայում հնչեցված, հնչեցվող եւ, ըստ երեւույթին, հնչեցվելիք հայտարարությունները եւ դրանց «հիման վրա կառուցվող» մեղադրանքները որեւէ առարկայական իմաստ չունեն եւ չեն ունենա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել