Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲԼՈԳԵՐՆԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԴԵՄ ԵՆ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ

Նոյեմբեր 07,2009 00:00

Այնուամենայնիվ, կան նաեւ բլոգերներ, որոնք վստահ են՝ «ֆուտբոլային դիվանագիտությունը փորձ է ինչ-որ բան փոխելու»

«Հավասարակշռված նյութ պատրաստելը դժվար կլինի,- նախազգուշացրեց ինձ բլոգեր Ռուբեն Մուրադյանը, որը տրամադրեց մի քանի հղումներ՝ այլ բլոգերների, որոնք անդրադարձել են հայ-թուրքական արձանագրություններին:- Դրական գնահատականներ այս գործընթացին եւ այդ արձանագրություններին ոչ մեկը չի տվել»: Սակայն նշենք, որ ինքը՝ Ռուբեն Մուրադյանը իր «Ուզողի» բլոգում հանդես է եկել հօգուտ այս գործընթացի: Բայց մինչ նրանից մեջբերումները՝ ներկայացնենք ծաղկաքաղ թեմայի շուրջ այլ բլոգերների անդրադարձներից:

https://ahousekeeper.livejournal.com բլոգի հեղինակը նշել է. «Հարց ունեմ այն մարդկանց, որ համարում են հայ-թուրքական արձանագրությունները օգտակար ու վավերացման կարիք ունեցող փաստաթուղթ։ Այն է՝ ինչպիսի՞ Հայաստան եք տեսնում 50 տարի հետո։ Ի՞նչ սահմաններով, ի՞նչ բնակչությամբ։ Խնդրում եմ հնարավորին չափով մանրամասն նկարագրեք ձեր տեսած Հայաստանը։ Եվ մի երկու խոսքով տրամաբանությունը՝ ինչպե՞ս է արձանագրությունների վավերացումը բերելու ձեր տեսած Հայաստանին»։ «BEAT 9» բլոգերն ի պատասխան գրել է. «Գիտես, ես այդ արձանագրությունները միայն մի պատճառով եմ օգտակար համարում. սահմանները կբացեն եւ ինձ համար ավելի հեշտ կլինի ավտոստոպով այստեղ-այնտեղ գնալը: Իսկ մնացած առումներով՝ դեմ եմ»: «Crazy patriot» բլոգերը մեջբերել է գործընթացի կողմնակիցների փաստարկները. «Հեշտ կլինի մեքենա բերելը. գիտե՞ք, թե Վրաստանով ինչ թանկ է նստում: Դե, տնտեսությունը կզարգանա, էլի. օրինակ՝ կոնյակ արտահանելը հեշտ կլինի… Արձանագրություններում ոչ մի վտանգավոր բան չկա, մենք իզուր ենք անհանգստանում, դու տեսե՞լ ես այնտեղ որեւէ բառ կամ խոսք Ցեղասպանության կամ Ղարաբաղյան հիմնահարցի հետ կապված: Ի՞նչ Կարսի պայմանագիր, մեկ է՝ ՄԱԿ-ը ընդունել է մեր այսպիսի սահմանները, մենք շատ պուճուր ենք, որ պահանջատեր լինենք»: «517 design« բլոգերի պատասխանն է. «50 տարի հետո կլինի Ադրբեջանի ու Թուրքիայի հետ պոստ-պատերազմյան Հայաստան, որտեղ իշխանության է դրածո թուրքամետ հայ, թուրքական զորքի ներկայությամբ ձեւական ինքնիշխանություն պահպանող պետություն, որում հրատապ կարող է լինել ռեֆերենդում Հայաստանի՝ Թուրքիայի կազմի մեջ մտնելու հարցով»: Որպես սրան արձագանք՝ «Nicerollofham»-ը կանխատեսում է. «Եվ հանրաքվեն կշահեն թուրքերը, քանի որ մինչ այդ բոլոր հայերը Լոս Անջելես կամ Ռուսաստան արտագաղթած կլինեն, իսկ Հայաստանի տարածքները խաղաղ կերպով վերաբնակեցված կլինեն ազերի-թուրք բնակչությամբ»:

https://ar-vest.livejournal.com–ը մի ընդարձակ անդրադարձ է կատարել ֆուտբոլային դիվանագիտությանը՝ մասնավորապես նշելով, թե հայ իրականությունն է նախաձեռնել այն. «Եվ ինքդ քեզ հաշիվ չտալ, որ քո դեմ վայրկենապես կհավաքվի փորձառու թիմ, մարզիչ, որը մրցավեճի ընթացքում փոխում է խաղացողներին եւ այլն: Մի՞թե ակնհայտ չէ, որ թիմային խաղում հայկական դիվանագիտությունը դատապարտված է»: Նաեւ խորհուրդ է տալիս, թե ՀՀ նախագահը պետք է ընտրեր այլ մարզաձեւ, որին տիրապետում է Հայաստանը՝ շախմատ, գուցե՝ բոքս, թեկուզ նարդի. «Մի խոսքով՝ ամեն ինչ, միայն ոչ ֆուտբոլ»: Եվ որպես ֆուտբոլային դիվանագիտության արդյունք է ներկայացվում մասնավորապես այն, որ «հայությունը հայտնվել է պառակտման վտանգի առջեւ»: «Vaykuneci» բլոգերն այսուհանդերձ կանխատեսում է, թե Սերժ Սարգսյանը կգնա մինչեւ վերջ. «Նա այլեւս հնարավորություն չունի դուրս պրծնելու խաղից, որի մեջ խճճվել է սեփական իսկ նախաձեռնությամբ: Նա կորցրել է գործընթացների նկատմամբ վերահսկողությունը եւ ճահիճը նրան ավելի ու ավելի խորն է քաշում: Գլխավորն այն է, որ իր հետեւից չտանի երկիրը»:

https://lendrosh.livejournal.com-ին արձանագրություններում հատկապես զայրացրել է պատմական հարցեր քննարկելու նպատակով ստեղծվելիք ենթահանձնաժողովը. «Շատ կուզեի հավատալ, որ այսպիսով ենթադրվում է ռուս-ճապոնական պատերազմի հետեւանքների քննարկում, սակայն տրամաբանությունն ինձ հուշում է, որ խոսք է լինելու, այնուամենայնիվ, Ցեղասպանության մասին»:

https://kornelij.livejournal.com-ը արձանագրությունների առնչությամբ հարց է տալիս՝ «Ինչո՞ւ են բոլորը մտածում, թե սահմանների ճանաչումը զրկում է մեզ Արեւմտյան Հայաստանից: Պետք է սույնին պատասխանեմ: Նախ՝ Թուրքիայի հետ սահմանները մենք ճանաչել ենք արդեն այն ժամանակ, երբ անկախությունից հետո դիվանագիտական հարաբերություններ հաստատեցինք: Թուրքիայի սահմանները պաշտոնապես ճանաչվել են նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանի օրոք՝ նվազագույնը երեք պաշտոնական հայտարարություն եմ հիշում: Եվ վերջապես՝ ոչ մի փաստաթուղթ մեզ չի վերադարձնի հողերը եւ չի զրկի դրանցից: Հողերն այժմ եւ միշտ վերցնում են միայն ավտոմատը ձեռքին: Վերցնում են, հետո պահում՝ աշխատելով այդ հողերի վրա»: «Parcomo» բլոգերն այս կապակցությամբ մասնավորապես հարցնում է. «Իսկ եթե այսօրվա ընդհանուր սահմանների ճանաչումից հետո, երբ օրերից մի օր թուրքերը խոստովանեն Ցեղասպանության մասին՝ ի՞նչ տարածքներ ենք պահանջելու»:

Այժմ մեջբերումներ https://uzogh. livejournal.com/ բլոգից. «Նայեք շուրջը՝ բոլորը, ովքեր փորձել են ինչ-որ բան ասել այդ դժբախտ արձանագրությունների մասին՝ ասում են, թե ավելի լավ է ոչինչ չանել: Օգտագործում են անցած դարասկզբի հռետորաբանությունը: Ավելին՝ ոչինչ չանելությանը գտնում են արդարացումների ահռելի քանակ: Եվ չէ՞ որ դա շատ պարզ է՝ ոչինչ չանելով դու նշանակալի ես դառնում: Չաշխատելով, չմտածելով, չստեղծելով ոչ մի նոր բան՝ դու թամբի վրա ես, ձյունաճերմակ ու փափուկ… Բայց հենց այդ պատճառով է ինձ դուր գալիս ֆուտբոլային դիվանագիտությունը՝ սա փորձ է ինչ-որ բան փոխել: Հենց այդ պատճառով է ինձ դուր գալիս այն, որ դաշնակներն առաջարկում են փոփոխել արձանագրությունները (ի դեպ, նրանց փոփոխություններն էլ են սրտովս), եւ ոչ թե հանդես են գալիս ընդդեմ ինքնին այդ գործընթացի»: Մեկ այլ անդրադարձում «Ուզողը» մատնանշում է, թե որ այս արձանագրությունները, ճիշտ է, կատարյալ չեն, բայց չի տեսել որեւէ ողջամիտ ծրագիր Թուրքիայի հետ հարաբերությունների կառուցման վերաբերյալ: Եվ, ի դեպ, ի շարս այլ բաների, որոնք նրան դուր չեն գալիս այս արձանագրություններում՝ նշում է. «Տպավորություն ունեմ, որ ոչ ոք չի պատկերացնում, թե հատկապես ինչ ենք անելու այն բանից հետո, երբ հարաբերություններ կկառուցենք Թուրքիայի հետ: Հավատացեք՝ դա առավել կարեւոր է այդ արձանագրություններից»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել