Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դասը վարում են ՏԻՄ ներկայացուցիչները

Նոյեմբեր 07,2009 00:00

Կամ քաղաքացիական դաս՝ հանրակրթական դպրոցներում

1996-ի նոյեմբերի 10-ին Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցան ինքնակառավարման ընտրություններ: Ուստի այս կապակցությամբ անցկացվող 10-օրյա միջոցառումների շրջանակներում երեկ ՀՀ տարածքային կառավարման նախարարության, ԿԳՆ-ի եւ «Հայաստանի համայնքների ասոցիացիայի» նախաձեռնությամբ ՀՀ հանրակրթական դպրոցներում մի շարք պաշտոնյաներ, վարչական շրջանների աշխատակիցներ քաղաքացիական դաս անցկացրին բարձր դասարանցիների շրջանում:

«Առավոտը» շրջայց կատարեց դպրոցներում՝ պարզելու, թե որքանով են աշակերտները հետաքրքրված քաղաքացիական հասարակությանը վերաբերող թեմաներով: Նախ այցելեցինք Հակոբ Օշականի անվան թիվ 172 դպրոց: Այստեղ քաղաքացիական դաս վարեց Արաբկիր վարչական շրջանի (վ/շ) կրթության բաժնի առաջատար մասնագետ Վեներա Ստեփանյանը: Քաղաքացիական դասի ընթացքում նա աշակերտներին ծանոթացրեց Արաբկիրի պատմությանը, որ նախկինում կրում էր «26 կոմիսարների շրջան» անվանումը: Այնուհետեւ Վ. Ստեփանյանը ներկայացրեց վարչական շրջանի կառուցվածքը, աշխատակազմի գործունեությունը, բնակչության հետ հարաբերությունները եւ այլ հարցեր: Նա խոսեց նաեւ կատարված փոփոխությունների մասին. օրինակ, որ նախկինում Արաբկիրը, ինչպես մյուս վարչական շրջանները, կոչվում էին համայնք եւ այլն: Աշակերտներին հետաքրքրեց, թե իրենց համայնքում քանի՞ դպրոց, բուհ է գործում: Տիկին Ստեփանյանն էլ նշեց, որ Արաբկիրում գործում են 21 դպրոց, 2 գրադարան, մեկ բուհ եւ մի քանի քոլեջներ: Վարչական շրջանում գործող մեկ պատուհանի համակարգը եւս «լուսաբանվեց» աշակերտների համար: «Առավոտը» թիվ 172 դպրոցի հյուրից հետաքրքրվեց՝ արդյո՞ք նման նախաձեռնությունների պակասից չէ, որ հաճախ երիտասարդներն անտարբեր են հասարակական կյանքի հանդեպ: Վ. Ստեփանյանը պատասխանեց. «Դա գալիս է նրանից, որ այսօր երիտասարդների ուշադրությունն ուղղված է համակարգիչներին: Բայց կարծում եմ, որ համակարգչից նրանք ստանում են միայն իրենց հուզող հարցերի պատասխանները: Մյուս կողմից էլ պետք է երեխաների շրջանում արթնացնել օրենքների, իրենց իրավունքների նկատմամբ հետաքրքրությունը, քանի որ հետո արդեն իրենք են սկսում այդ հարցերով հետաքրքրվել»:

Այցելեցինք նաեւ Հ. Հայրապետյանի անվան թիվ 78 դպրոց, որտեղ քաղաքացիական դաս պետք է վարեր Արաբկիր վ/շ-ի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի գլխավոր մասնագետ Օնիկ Ավագյանը, սակայն նա այդպես էլ չայցելեց դպրոց:

Թիվ 148 դպրոց էր այցելել Արաբկիր վ/շ ընդհանուր բաժնի պետ Նաիրա Թուխիկյանը: Նա աշակերտներին ներկայացրեց տեղական ինքնակառավարման, Երեւանի մասին օրենքները, խոսեց համայնքի կարգավիճակի մասին: «Առավոտի» հետ զրույցում էլ տիկին Թուխիկյանն ասաց. «Հաճախ բնակիչները այցելում են վարչական շրջան՝ չիմանալով, թե ով է, օրինակ, դրա ղեկավարը, ուստի այսպիսի միջոցառումների միջոցով երեխաներին տեղեկություններ են տրվում այդ բոլոր հարցերի մասին»:

Դավիթաշեն վ/շ-ի իրավաբանական բաժնի պետ Մարինե Խաչիկյանն էլ քաղաքացիական դաս վարեց թիվ 93 դպրոցում: Նա երեխաներին ներկայացրեց ինքնակառավարում հասկացության էությունը, խոսեց վարչատարածքային բաժանման մասին օրենքից, այն հարցից, թե ՀՀ-ում ինքնակառավարումը երբ է հիմնադրվել եւ այլն: Իսկ աշակերտներին ավելի շատ հետաքրքրում էին հարցեր՝ կապված Երեւանում գետնանցումների, երթուղայինների վատ վիճակի հետ: Տիկին Խաչիկյանը նշեց. «Կուզեմ, որ դպրոցներում երեխաներին գոնե բավարար չափով ծանոթացնեն ՀՀ սահմանադրությանը: Բայց նկատեցի, որ երեխաներին այնքան էլ չեն հետաքրքրում հարցեր՝ մարզերի եւ համայնքների հետ կապված: Բայց տեղական ինքնակառավարմանը վերաբերող հարցերում հետաքրքրված էին»:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի տեղակալ Ռուդիկ Թադեւոսյանն էլ քաղաքացիական դաս վարեց թիվ 7 դպրոցում: Նա խոսեց «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքից բխող որոշ դրույթների մասին, անդրադարձավ Երեւանի կարգավիճակին, օրենքի փոփոխության արդյունքում ստանձնած գործառույթներին եւ այլն: «Կարեւորում եմ այսպիսի դասընթացները եւ կարծում, որ դպրոցներում քաղաքացիական հասարակությանը միտված նման դասընթացների հաճախականությունն ավելացնելու դեպքում դպրոցականների շրջանում կամրանան բազմակողմանի գիտելիքները»,- ասաց նա «Առավոտին»:

Նկատենք նաեւ, որ եթե նախկինում իրավունք առարկան դպրոցներում դասավանդվում էր 9-11-րդ դասարաններում, ապա այժմ այդ առարկան լսելու հնարավորություն ունեն միայն 11-րդ դասարանցիները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել