Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՊՐԱԿՏԻԿ ՏՆՏԵՍԱԳԵՏՆԵՐԸ ՔԻՉ ԵՆ»

Նոյեմբեր 07,2009 00:00

\"\"Այս եզրակացությանն են եկել Տնտեսագիտական համալսարանի կազմակերպած աշխատանքի տոնավաճառին մասնակցած աշխատաշուկայի ներկայացուցիչները:

Հանդիպում գործատուի եւ ապագա մասնագետի միջեւ. երեկ «Կոնգրես» հյուրանոցում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) կազմակերպած աշխատանքի տոնավաճառն այսպես կարելի է բնութագրել: Այդ շրջանակներում ՀՀ-ում գործող 20-ից ավելի կազմակերպություններ իրենց գործունեությունը ներկայացրին ուսանողներին՝ միաժամանակ ծանոթանալով այն ուսանողական համակազմին, որոնք հետագայում կդառնան իրենց ընկերության աշխատակիցները: Ներկա էին «Արարատ», «Կոնվերս» եւ այլ բանկեր, «Հայփոստը», «Իմեքսգրուպը», «Անտարես հոլդինգը» եւ այլ կազմակերպություններ: «ՎիվաՍել ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը կոչ արեց իր բոլոր գործընկերներին. «Մեր կուտակած փորձը պետք է փոխանցենք ուսանողներին եւ արտահանենք դեպի տնտեսություն»:

«Առավոտը» զրուցեց տոնավաճառի մի շարք մասնակիցների հետ: Օրինակ՝ «Օրանժ Արմենիա» ընկերության մարդկային ռեսուրսների բաժնի ղեկավար Մարինե Ազնաուրյանն ասաց. «Այստեղ ենք, որ ներկայացնենք մեր ընկերությունը եւ հնարավորություն տանք թեկնածուներին դիմել մեզ, ծանոթանալ մեր թափուր տեղերին: Մենք ներկայացրել ենք իրավաբանական ուղղությամբ, «թեժ գծի» մուտքագրման օպերատորների թափուր տեղեր»:

«Կոնվերս բանկի» անձնակազմի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ Հռիփսիմե Կլիչյանի հետ էլ զրուցեցինք ներկայումս տնտեսագետների պատրաստման հարցում որոշ թերացումների մասին: Նա նշեց. «Այսօր հատկապես կարեւորվում է մասնագետների օտար լեզուների իմացությունը: Բայց տնտեսագիտական բուհերում այնքան էլ ուշադրություն չի դարձվում լեզուների դասավանդմանը, հիմնականում շեշտը դրվում է զուտ ֆինանսական առումով մասնագիտացմանը»: «Կարկոմ ավտո» ընկերության ֆինանսական տնօրեն Մխիթար Միքայելյանն էլ նկատեց. «Մենք անպայման կարեւորում ենք տնտեսագետների լեզուների իմացությունն ու համակարգչի տիրապետումը»: Խոսելով բուհ-աշխատաշուկա հարաբերությունների մասին, պարոն Միքայելյանը նշեց. «Աշխատաշուկան ձեւավորվում է առաջարկի եւ պահանջարկի հիման վրա: Հենց դրա հատման կետում էլ որոշվում են աշխատողի ունակություններն ու վարձատրման չափը: Ուստի այս տեսանկյունից բուհ-աշխատաշուկա կապը պետք է ավելի գործուն լինի»:

«Նոր տուն» ընկերության ընդհանուր մենեջեր Արմեն Ոսկանյանն էլ նշեց. «Հայաստանյան շուկան ունի իր նրբությունները. այն գտնվում է արեւմտյանի եւ խորհրդայինի մեջտեղում, ուստի պետք է պատրաստել հենց այդ շուկային համապատասխան մասնագետներ: Բայց մեր բուհերում կան կամ շատ հին, կամ էլ շատ եվրոպական չափանիշներով դասընթացներ: Հետո այսօր շուկան ունի պրակտիկ տնտեսագետների կարիք, որոնք այնքան էլ շատ չեն»: Հետաքրքրվեցինք՝ իսկ մի՞թե այդ հարցում իրենց մեղքի բաժինը չունեն հենց գործարար աշխարհի ներկայացուցիչ ընկերությունները: Զրուցակիցս պատասխանեց. «Կադրերի խնդիր միշտ էլ կա, ուստի մենք էլ ենք պատրաստ աջակցել լավ կադրերի պատրաստմանը»:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Անուշ Բեղլոյանն էլ նշեց. «ՀՀ կրթության ամենամեծ խնդիրն այն է, որ քիչ են պրակտիկ գիտելիք ունեցող շրջանավարտները: Համաձայն եմ, որ այս հարցում մեղքի բաժին ունեն նաեւ ընկերությունները: Դժբախտաբար, այսօր պրակտիկայի ծրագրեր ունեն այն ընկերությունները, որոնք աշխատում են արտասահմանյան տնօրինություններով ու արտասահմանյան կապիտալի ներկայացուցիչներ են Հայաստանում: Բայց իրավիճակը քիչ-քիչ փոխվում է, քանի որ նկատելի են ավելի մեծ քանակությամբ ընկերություններ, որոնք ունեն պրակտիկայի ծրագրեր: Հուսով եմ, որ հայ գործարարները կհասկանան, որ դա ոչ միայն երիտասարդների հետ շփվելու, նոր գաղափարներ ունենալու հնարավորություն է, այլեւ այդպիսով դաստիարակում են իրենց ապագա աշխատողներին»:

Իսկ տնտեսագետների պատրաստման մասին հնչած դիտարկումների վերաբերյալ ՀՊՏՀ ռեկտոր Յուրի Սուվարյանն «Առավոտին» ասաց. «Այս կարգի միջոցառումներն օգտակար են նրանով, որ մենք այսպիսով զգում ենք շուկայի շունչը: Հետո ձգտում ենք գործատուին ներգրավել մեր ուսումնական պրոցեսում: Ցավոք, պրակտիկան դեռ այն մակարդակի վրա չէ, բայց այդ առումով մենք աշխատանքներ ենք տանում, հատկապես կարեւոր է այն, որ պրակտիկայի անցկացման համար պայմանագրեր ունենք մի շարք կազմակերպությունների հետ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել