Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԸ ՀԱՇՄԱՆԴԱՄԻՆ ՄԵՐԺՈՒՄ ԵՆ

Նոյեմբեր 07,2009 00:00

Նրանք ամենատարբեր պատճառաբանություններն են հորինում՝ մտածելով, որ եթե աշխատանքի ընդունեն հատուկ կարիքավոր խմբի մարդկանց, դրանից աշխատանքը կտուժի, իրենք էլ ծախսի տակ կընկնեն:

Ըստ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության գործակալության տվյալների՝ Հայաստանի զբաղվածության կենտրոններում գրանցված 1156 հաշմանդամ մարդկանցից աշխատանքի է տեղավորվել ընդամենը 68-ը: Սրանք տեսողական, տեղաշարժվելու կամ այլ խնդիրներ ունեցող գործազուրկների մասին դեռ պաշտոնական տվյալներն են, իսկ իրականում մեր երկրում մի քանի անգամ շատ հաշմանդամ մարդիկ կան, որոնք աշխատանք են փնտրում, բայց տարբեր պատճառներով զբաղվածության կենտրոններում չեն գրանցվում:

Աշխարհի զարգացած երկրներում խոշոր ընկերությունները որեւէ հաստիքի համար աշխատանքի ընդունելիս մեծ նախապատվություն են տալիս հաշմանդամ մարդկանց, որովհետեւ, բացի բարոյական կողմից, գործատուն արտոնություններ է ստանում պետությունից ու ավելի շահագրգռված է նրանց աշխատանք տալ, մանավանդ որ, հաշմանդամ մարդիկ ինտելեկտը զարգացնելու, ինքնուսուցմամբ զբաղվելու եւ ստեղծագործելու առումով շատ ավելի առաջ են լինում, քան ոչ հաշմանդամները: Իսկ մեր երկրում մատների վրա հաշված ընկերություններ կան, որոնք ճիշտ են գնահատում հաշմանդամի կարողություններն ու նրան աշխատանք են տալիս: Չնայած մեր պետությունն էլ է նման դեպքերում արտոնություններ տալիս գործատուին եւ փոխհատուցում աշխատավարձի 50%-ը, բայց մի շարք հանգամանքներ կան, որոնք ընկերությունների տնօրեններին, այնուամենայնիվ, ստիպում են մերժել աշխատանք խնդրող հաշմանդամին: Օրինակ, սայլակով տեղաշարժվող մարդուն աշխատանքի ընդունելով՝ հիմնարկը պետք է որոշ ծախսեր կատարի եւ թեքահարթակներ կառուցի, փոխի սանհանգույցը եւ հարմարեցնի նրան, ինչպես նաեւ պետք է կատարի տրանսպորտային ծախսեր՝ տաքսիով աշխատանքի գալու համար, քանի որ ներկայումս մեր երկրում միայն հատուկենտ տրոլեյբուսներ կան, որոնք հարմարեցված են սայլակով տեղաշարժվողին: Հիմնականում սա է պատճառը, որ գործատուները, ծախսերից խուսափելու համար, գերադասում են հաշմանդամին աշխատանքի չընդունել՝ անկախ նրա ունակություններից ու հնարավորություններից: Բացի այդ, «Աշխատանքային օրենսգրքով» սահմանված է, որ ոչ հաշմանդամները օրական պետք է աշխատեն առավելագույնը 8 ժամ, իսկ հաշմանդամ մարդկանց համար կա աշխատաժամերի սահմանափակում՝ մինչեւ 4-5 ժամ, բայց աշխատավարձը տալիս դա ամբողջ օր է հաշվարկվում: Ուստի շատ դեպքերում գործատուները մերժում են՝ մտածելով, որ աշխատանքը աշխատաժամերի կրճատումից կտուժի:

\"\"25-ամյա Մարիամ Հայրապետյանը մանկուց հաշմանդամ է: Արդեն քանի տարի է՝ նա աշխատանքի տեղավորվելու համար դիմել է զբաղվածության տարածքային կենտրոն, որ գրանցեն որպես աշխատանք փնտրող, սակայն կենտրոնում ոչ միայն նրա համար աշխատանք չեն փնտրում, այլեւ չեն էլ գրանցում՝ պատասխանելով, որ «Պետք է բերես անհատական վերականգնողական քարտդ, որտեղ հանված կլինի այն մի տողը՝ «անաշխատունակ»: Այդ բառը պետք է փոխվի, աշխատունակ գրվի, որ դու իրավունք ունենաս գրանցվել»: Մարիամի պատմելով՝ «Ես գիտեմ, որ հաշմանդամության խումբը փոխելը ահագին քաշքշուկների հետ է կապված, իմ ընկերներն էլ նույն խնդիրն ունեին, 6-7 ամիս չարչարվեցին, որ կարողացան այն փոխել՝ աշխատանք գտնելու համար: Մեր կառավարությունը որեւէ կերպ հաշվի չի առնում ու չի ստուգում՝ մարդը որեւէ աշխատանք կատարելու ընդունա՞կ է, թե՞ ոչ, նորածին ժամանակ բռնել-գրել են անաշխատունակ, ու հիմա ես թեեւ մեծացել եմ, այդքան սովորել, փաստորեն, միեւնույն է, պետության համար մնում եմ անաշխատունակ ու իրավունք չունեմ որեւէ աշխատանքով զբաղվելու: Եղել են դեպքեր, երբ ինքս եմ տարբեր ընկերությունների դիմել՝ աշխատելու համար, սկզբում ասել են՝ այո, բայց հետո, տեսնելով, որ տեղաշարժվելու խնդիրներ ունեմ, մերժել են»: Մարիամն ամեն ինչ անում է՝ հասարակությանն ինտեգրվելու համար: Նա դպրոցն ավարտել է գերազանցությամբ, ուսուցիչներ է վարձել՝ տանը մասնավոր ուսանելու համար, հիմա էլ պատրաստվում է մենեջմենթի դասընթացների գնալ. «Ես բարձրագույն կրթություն չունեմ եւ դիպլոմ էլ չունեմ, որովհետեւ այն ժամանակ ոչ մի բուհ ինձ հարմարեցված չէր եւ եթե ընդունվեի էլ, ես չէի կարող սովորել: Այնուամենայնիվ, տանը համակարգչով աշխատել եմ սովորել, մի քանի ծրագրերի ու լեզուների եմ տիրապետում, եւ կարող եմ ցանկացած ընկերությունում համակարգչային օպերատոր աշխատել, կարող եմ տեքստեր հավաքել: Եթե հաշմանդամ ես, դա չի նշանակում, որ ամբողջ կյանքում պետք է ծնողներիդ կամ ուրիշի հաշվին ապրես, ես կարող եմ եւ ուզում եմ աշխատել՝ նախեւառաջ հասարակության հետ ավելի շատ շփվելու, նրանց ինտեգրվելու համար, հետո՝ սեփական կարիքներս հոգալու: Մինչեւ ե՞րբ պետք է իմ մասին ուրիշները հոգ տանեն: Կարեւոր չէ, թե ինձ որքան աշխատավարձ կտան, թեկուզ տան սիմվոլիկ գումար, որ չպարփակվեմ այս չորս պատի մեջ, դուրս գամ, ընկերներ ձեռք բերեմ»:

\"\"Մեր կառավարության բնորոշմամբ՝ «անաշխատունակ» է համարվում նաեւ 25-ամյա Հայկ Գրիգորյանը, որը ձեռնափայտով է տեղաշարժվում: Հիմա նա ամեն ինչ անում է, որ փաստաթղթերը փոխի՝ աշխատանքի տեղավորվելու համար: Թեեւ Հայկն էլ համոզված է, որ ինքը կարող է իրեն հարմար աշխատանք գտնել, զբաղվածության կենտրոնում նրան էլ չեն գրանցում՝ դարձյալ հորդորելով նախ «անաշխատունակ» բառից ազատվել: Մասնագիտությամբ Հայկը համակարգչային օպերատոր է. «Ինձ համար նշանակություն չունի, թե որքան աշխատավարձ կտան, միայն թե այն փակի տեղափոխման ծախսերս ու ես էլ կարողանամ տնից դուրս գալ, որեւէ գործով զբաղվել: Ես կարող եմ ազատ տեղաշարժվել եւ ինձ համար պետք էլ չէ հավելյալ ծախս կատարել ու թեքահարթակներ կառուցել կամ փոխել սանհանգույցը»: Նա աշխատելու համար դիմել է ինտերնետ ակումբների, սակայն պատճառաբանելով, որ «մեզ աղջիկ է անհրաժեշտ», մերժել են: Հ. Գրիգորյանը դեռ ամուսնացած չէ: «Նախ պիտի աշխատանք գտնեմ, նոր մտածեմ ամուսնանալու մասին»,- ասում է Հայկը:

8 տարուց ավելի է՝ աշխատանք է փնտրում նաեւ Հմայակը, որը տեսողության հետ կապված խնդիրներ ունի: Նա պրոֆեսիոնալ մերսող-թերապեւտ է, բազմաթիվ հիվանդների է ոտքի կանգնեցրել, բուժել շատերի ողնաշարի խնդիրները: Սակայն նա ուր դիմում է՝ աշխատանքի տեղավորվելու համար, մերժում են: Հմայակի խոսքերով՝ «Պատճառաբանում են, թե իբր տղա մասաժիստի մոտ աղջիկները չեն հանվի, անպայման այդ գործի համար աղջիկ են ուզում: Մինչդեռ մերսման համար հենց տղամարդու ուժ է պետք, որը կինը երբեք չի կարող տալ: Ոչ մի հիվանդանոցում, պոլիկլինիկայում կամ նույնիսկ սաունայում ինձ գործ չեն տալիս: Ես այնքան եմ դիմել տարբեր գործատուների, որ արդեն հոգնել եմ»: Հմայակը նաեւ տիրապետում է համակարգչի եւ երաժիշտ է: Նրան թեեւ գրանցել են զբաղվածության կենտրոնում, սակայն մինչ օրս որեւէ աշխատանք չեն առաջարկել:

\"\"Ալբերտ Աբգարյանը համոզված է, որ հաշմանդամ մարդիկ, եթե մեծ կամքի ուժ ունենան, եւ ստանան ընտանիքի աջակցությունը, կարող են լավ կրթություն ու լավ աշխատանք ունենալ. «Դժվարություններ ինձ համար էլ են եղել: Ես տեսողության հետ կապված խնդիրներ ունեմ եւ սովորելու տարիներին մասնագիտական գրքերը ուրիշներն էին ինձ համար կարդում, որ սովորեի, դասախոսությունները ձայնագրում էի, գրի առնում ու սովորում, այսինքն՝ մի գործը 3 էր դառնում, բայց դա ինձ չէր հիասթափեցնում, որովհետեւ ունեի նպատակ: Ես ուզել եմ ամեն ինչ անել, որ դասախոսը չզգա, որ ես այլ ուսանողներից տարբերվում եմ»: 27-ամյա երիտասարդը մի քանի բուհ է ավարտել, մասնագիտությամբ իրավաբան եւ կոմպոզիտոր է ու արդեն հասցրել է պետական ապարատում զբաղեցնել լուրջ պաշտոններ: Հիմա նա աշխատում է նախագահի աշխատակազմում՝ վերահսկողական ծառայության քաղաքացիների ընդունելության, դիմումների, բողոքների եւ առաջարկությունների բաժնում. «Ինձ ոչ ոք չի նշանակել, ես մրցույթով եմ անցել՝ 29 հոգուց ինձ էին ընտրել, որովհետեւ 30 հարցից 30-ին էլ պատասխանել էի: Ես պետական ապարատում միակ մարդն եմ, որ ամեն ինչ անում եմ, որպեսզի հաշմանդամներն ինտեգրվեն հասարակությանը: Մինչեւ մաշկիդ վրա չես զգում, չես կարող լիարժեք հասկանալ հաշմանդամների խնդիրներն ու դրանց լուծում տալ»: Մինչ նախագահի աշխատակազմ տեղափոխվելը՝ Ալբերտն աշխատել է ԱԺ-ում՝ որպես իրավաբանական վարչության փորձագետ, գլխավոր մասնագետ. «ԱԺ-ում աշխատելու տարիներին շատ պատգամավորներ կային, ում գործը երբ ինձ էր հասնում, թողնում-գնում էին՝ չէին ուզում նեղություն տալ, քիչ-քիչ հասկացան, որ ինձ կարող են աշխատանք վստահել»,- պատմեց Ալբերտը: Նրա խոսքերով՝ «Անգլիայի ներքին գործերի նախարարը կույր է, կրթության նախարարը նույնպես տեսողական խնդիրներ ունի, լավ կլիներ, որ այդ օրինակը մեր երկիրն էլ որդեգրեր, որպեսզի հաշմանդամ մարդկանց խնդիրներն առաջ շարժվեին: Լավ կլիներ, եթե մի քանի նախարարություններում գոնե փոխնախարարներից մեկը հաշմանդամ լիներ, որպեսզի լիարժեք պատկերացներ մեր խնդիրները: Մինչդեռ մեր երկրում փոխնախարարի պաշտոնը «պրիստիժի» համար են զբաղեցնում: Ես ուրախ եմ, որ գոնե ՀՀ նախագահը խտրականություն չի դնում հաշմանդամություն ունեցող եւ չունեցող անձանց միջեւ, այլ կարեւորում է անձի մտավոր կարողությունները»:

\"\"Ի տարբերություն Ալբերտի, Գոհար Ստեփանյանի համար առանձնապես մեծ կամքի ուժ անհրաժեշտ չի եղել՝ աշխատանք գտնելու համար: Նա թեեւ ունի միջնակարգ կրթություն, բայց մեկի փոխարեն կարողանում է հասցնել միանգամից երկու աշխատանք: Նա աշխատում է «Նարեկացի» արվեստի միությունում, իսկ վերջին 3 տարում նաեւ՝ «ՎիվաՍելլ» ընկերությունում՝ որպես բողոքարկման բաժնի գործակալ: Թե ինչպե՞ս է հաջողվում համատեղել երկու աշխատանքները, Գոհարի խոսքերով՝ եթե աշխատավայրի ղեկավարը հասկացող մարդ է, եւ շենքային պայմաններն էլ հարմարեցված են՝ որեւէ խնդիր չի կարող ստեղծվել. «Ճիշտն ասած, ես առանձնապես երկար աշխատանք չեմ փնտրել, պարզապես ստացվեց այնպես, որ աշխատանք առաջարկեցին, ես էլ համաձայնեցի: Հիմնական խոչընդոտը սայլակով տեղաշարժվող մարդու համար թեքահարթակների բացակայությունն է եւ տրանսպորտի անհարմարությունները: Գործատուները երեւի մտածում են, որ հաշմանդամ մարդիկ բավարար ունակ չեն՝ ինչ-որ աշխատանք անելու համար: Մինչդեռ մենք էլ կարող ենք մեզ հարմար աշխատանք գտնել ու մեզ ավելի լավ դրսեւորել, քան ոչ հաշմանդամ մարդիկ: Օրինակ, սայլակով տեղաշարժվողը չի կարող ֆիզիկական աշխատանք անել, կանի մտավոր, ստեղծագործական, լսողության խնդիրներ ունեցողը կանի ֆիզիկական աշխատանք, կարող է վարորդ աշխատել, ասենք՝ կաթնամթերք արտադրող ընկերություններում: Ցանկության դեպքում գործատուները կարող են համապատասխան աշխատանքի տեղավորել ցանկացած հաշմանդամի: Մինչդեռ մեր գործատուներն իրենց կարծրատիպն ունեն հաշմանդամի մասին, նրանք չեն պատկերացնում, որ հաշմանդամ մարդիկ կարող են նույնիսկ գերազանց աշխատել եւ մեծ օգուտ տալ իրենց»: Գոհարն իր աշխատանքով կարողանում է նաեւ օգնել ընտանիքին՝ հոգալու կենցաղային հարցերը:

Մեր բոլոր զրուցակիցները նշում էին, որ այսօր հաշմանդամ մարդկանց աշխատանքի տեղավորելու առումով Հայաստանում կարելի է նշել ընդամենը 4 ընկերությունների՝ «ՎիվաՍել-ՄՏՍ», «HSBC» բանկ, «Օրանժ-Արմենիա» ընկերություն եւ «Նարեկացի» արվեստի միություն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել