Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Զբոսաշրջիկի սիրտը «շալախո» է ուզում

Նոյեմբեր 07,2009 00:00

«Ինձ թվում է, բավականաչափ միջոցառումներ չեն կազմակերպվում արտասահմանում Հայաստանը ներկայացնելու համար, ձեր երկիրը գեղեցիկ է, բայց թերանում են գովազդելու հարցում»,- երեկ Միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում «Առավոտին» նման կարծիք հայտնեց Հունաստանի «Nerus» տուրիստական գործակալության ներկայացուցիչ Վասիլենա Նեդելչեւան: «Ասպար Ուայլդ-տուր» տուրիստական գործակալության ներկայացուցիչ Մարիամ Կիրակոսյանի կարծիքով եւս Հայաստանը արտերկրում ներկայանալու խնդիր ունի. «Զբոսաշրջիկներին ներկայացնում են շաբլոն վայրերը, զբոսաշրջիկը Հայաստան երրորդ այցելության ընթացքում նորից նույն վայրերն է այցելում, ուրիշ հետաքրքիր վայրեր չեն ներկայացրել, Հայաստան լսելով պատկերացնում են Գառնին ու Գեղարդը: Կարծում եմ, պետք է զբոսաշրջիկներին նոր վայրեր առաջարկել, հեռավոր շրջաններում պատմամշակութային շատ վայրեր կան, որոնք տեսարժան են, բայց զբոսաշրջությանն անհայտ»: Մ. Կիրակոսյանը նկատեց, որ Հայաստան այցելողների սպասելիքները հիմնականում չեն իրականանում. «Հայկական շալախո են ցանկանում լսել, բայց թուրքական մուղամն է համերգներում»: Մ. Կիրակոսյանը ասաց նաեւ, որ այս տարի ճգնաժամի հետեւանքով զբոսաշրջիկների թվի զգալի նվազում է արձանագրել. «Հատկապես տեղացի զբոսաշրջիկներն են նվազել»:

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանի համոզմամբ, հայ-թուրքական սահմանի բացումը զբոսաշրջությանը նպաստող լավ հնարավորություն է. «Մենք Հայաստանի զբոսաշրջության ոլորտի հաջողությունը տեսնում ենք տարածաշրջանում զբոսաշրջության մաս լինելու մեջ, իսկ հայ-թուրքական սահմանի բացումը միանշանակ դրական ազդեցություն կունենա: Ավելի մրցունակ լինելու համար նախատեսում ենք ռեսուրսներ գտնել մեղմելու ոչ միայն ավիացիայի, այլեւ հյուրանոցային ծառայությունների գները: Տասը տարի առաջ մենք ունեինք երկու մոնոպոլ հյուրանոց, որոնք ծառայություններ էին տրամադրում բարձր գներով, այսօր մենք առաջարկում ենք մոտ 60 հյուրանոց, որը բերել է որակի բարձրացում եւ գների նվազում: Մենք պետք է մտածենք գներն էլի իջեցնելու մասին»: ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության եւ տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը «Առավոտին» ասաց, որ ճգնաժամը ազդել է զբոսաշրջության ոլորտի վրա, բայց դեռ անկում չեն արձանագրել:

Ցուցահանդեսին այս տարի մասնակցում է 65 կազմակերպություն, Հայաստանից բացի, ցուցահանդեսում ներկայացել էին Հունաստանը, Վրաստանը, Իսրայելը եւ Լեռնային Ղարաբաղի զբոսաշրջության կենտրոնների ներկայացուցիչներ:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել