Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳԾԱՏԵՐԵՐԸ ԻՆՔՆԱԳԼՈ՞ՒԽ ԵՆ

Նոյեմբեր 07,2009 00:00

Մայրաքաղաքի երթուղիները սպասարկող գծատերերի կարծիքով, երթուղիներն իրենց սեփականությունն են, իրենց ուզած պահի կարող են գիծ դուրս չգալ, երթուղուց շեղվել, գործադուլ անել եւ այլն:

Նախօրեին, վաղ առավոտից գծատերերի պահանջով մի քանի միկրոավտոբուսների եւ ավտոբուսների վարորդներ գործադուլ էին հայտարարել: Մասնավորապես՝ թիվ 15, 2, 123, 65 եւ այլ երթուղայինների սպասող ուղեւորները ստիպված էին ժամերով կանգնել կանգառներում կամ երթեւեկել տաքսիներով: Այս գործադուլը նախորդներից տարբերվում էր նրանով, որ վարորդները ոչ թե դժգոհում էին աշխատանքային անմարդկային պայմաններից, այլ, նույնիսկ անկախ իրենց կամքից, «սատարում» էին գծի տերերին: Բանն այն է, որ աշխատանքի պետական տեսչությունը ստուգումներ է իրականացնում երթուղիներ սպասարկող կազմակերպություններում, որոնց ղեկավարներն էլ ըմբոստանում են, թե ինչու են իրենց մոտ ստուգումներ իրականացնում, չէ՞ որ իրենք աշխատում են հարկային դաշտում, իրենց վարորդները պահանջվող աշխատաժամանակից շատ չեն աշխատում, ժամանակին աշխատավարձ են ստանում եւ այլն: Եթե իսկապես ամեն ինչ այնպես է, ինչպես հավաստիացնում են գծատերերը, մնում է զարմանալ, թե ինչու են նրանք բողոքում ստուգումների համար եւ, առավել եւս, գործադուլ անում:

Քանի որ մայրաքաղաքի տրանսպորտի երթեւեկության կանոնակարգումը պարտավոր է ապահովել եւ վերահսկել Երեւանի քաղաքապետարանը, երեկ հարցի առնչությամբ «Առավոտը» հենց նրանից էր խնդրել մեկնաբանություն, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Վերգետնյա ուղեւորափոխադրումներ իրականացնող մի խումբ կազմակերպություններ վերջերս դիմել են Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին՝ հայտնելով, որ վերջին շրջանում ՀՀ աշխատանքի պետական տեսչության կողմից իրենց կազմակերպություններում իրականացվում են ստուգումներ՝ կապված վարորդների աշխատաժամերի հետ, որի արդյունքում տնտեսավարողների նկատմամբ կազմվում են արձանագրություններ: Այդ արձանագրություններն էլ առիթ են հանդիսացել, որպեսզի Երեւանի ներքաղաքային ավտոբուսային եւ միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումներ իրականացնող մի քանի կազմակերպություններ դադարեցնեն երթուղիների աշխատանքը: Երեւանի քաղաքապետարանում կազմվել է աշխատանքային խումբ, որը ուսումնասիրում է բարձրացված հարցը՝ մասնագիտական եզրակացություն կատարելու եւ համապատասխան լուծում առաջարկելու նպատակով»: Հետաքրքիրն այն է, որ մայրաքաղաքի երթուղիները վերահսկող կառույցը ոչ մի խոսք չի ասում այն մասին, որ գծատերերը գործադուլի իրավունք չունեն, որ դա օրենքի կոպիտ խախտում է, որ նրանք կպատժվեն եւ այլն: «Խնդիրը կուսումնասիրենք եւ վերջ». այսքանով քաղաքապետարանը հարցը համարում է փակված:

Նշենք, որ գծատերերը երթուղին շահագործելու իրավունք ձեռք են բերում մրցութային կարգով, ինչն էլ նշանակում է, որ նրանք որոշակի պարտավորություններ են ստանձնում: Մրցութային փաթեթում նշված չէ, որ էմոցիաների կամ անձնական շահի համար գծատերը իրավունք ունի իր ուզած պահին դադարեցնել երթուղու շահագործումն ու մնալ անպատիժ:

Երեկ առավոտյան մի քանի ժամ թիվ 2 միկրոավտոբուսը դարձյալ չէր աշխատում: «Առավոտը» եղավ այս երթուղու դիսպետչերական կետում, որտեղ ականատես եղանք, թե ինչպես էր դիսպետչերը վարորդներից մեկին հորդորում. «Զանգի՝ արագացրու, ասա թող հավաքվեն, էսա նկարահանողներ են գալու»: Եվ, իսկապես, րոպեներ անց վարորդները հավաքվեցին, հերթով շարվեցին իրար ետեւից եւ նույնիսկ սկսեցին սպասարկել ուղեւորներին: Իմ «միամիտ» հարցին, ինչ է՝ խնդիրները լուծվե՞լ են արդեն, որ աշխատում եք, վարորդներից մեկը պատասխանեց. «Այ քեզ բան, ընդամենը մի քանի ժամ չաշխատեցինք, սաղ հանրապետությունը շուխուր ա»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել