Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԽՈՇՏԱՆԳՈՂՆԵՐԸ ԵՎ ԽՈՇՏԱՆԳՎՈՂՆԵՐԸ ՓՈԽՎԵՑԻՆ ՏԵՂԵՐՈՎ

Նոյեմբեր 07,2009 00:00

Դա են ապացուցում Հայաստանի Հելսինկյան կոմիտեի անցած տարիների զեկույցները

Մի առիթով արդեն նշել ենք, թե պատմությունը մեր երկրում կրկնվում է, համենայնդեպս՝ մարդու իրավունքների եւ ազատությունների խախտումների մասով, եւ առաջարկել էինք գտնել 10 տարբերություն 1996-ին եւ 2008-ին այս ոլորտում առկա այն իրողությունների միջեւ, որոնք իր զեկույցներում արձանագրել էր Հայաստանի Հելսինկյան կոմիտեն: Շարունակում ենք թեման՝ այս անգամ այս կազմակերպության տարբեր տարիների զեկույցներից առանձնացնելով միայն այն փաստերը (ընդ որում՝ նկարագրված բազմաթիվ դեպքերից ընտրել ենք ընդամենը մի քանիսը), որոնք վերաբերում են քաղաքական ընդդիմախոսների հանդեպ ծավալված հետապնդումներին՝ մեր ընթերցողներին թողնելով եզրակացություն անելու իրավունքը, թե, արդյոք, շա՞տ բան է փոխվել այս առումով:

* 1996 թ. սեպտեմբերի 25-ին, ժամը 21-ին, պատգամավորներ Սեյրան Ավագյանը եւ Ռուբեն Հակոբյանը ԿԸՀ-ից ազատությունից զրկվել ու տարվել էին անհայտ ուղղությամբ, որտեղ դաժան ծեծի ենթարկվելուց հետո՝ սեպտեմբերի 26-ին ձեռնաշղթաներով բերվել էին ԱԺ նիստերի դահլիճ, իսկ Դավիթ Վարդանյանը սեպտեմբերի 26-ին, ժամը 4-ի սահմաններում, տնից տարվել էր Ներքին գործերի 6-րդ վարչություն եւ ենթարկվել խոշտանգումների՝ նախագահի թիկնազորի հրամանատար Ռոմեն Ղազարյանի (Բուդո) եւ ՆԳ նախարարության քրեական հետախուզության վարչության պետ Մուշեղ Սաղաթելյանի կողմից:

* 1996 թ. սեպտեմբերի 26-ին ԱԺ նիստի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազ Ա. Գեւորգյանի ներկայությամբ ծեծի ենթարկվեցին ԱԺ պատգամավորներ Շավարշ Քոչարյանը, Սեյրան Ավագյանը, Ռուբեն Հակոբյանը եւ Պարույր Հայրիկյանը: Այս փաստի առթիվ ՀՀ դատախազություն ներկայացված բազմաթիվ դիմումները՝ քրեական գործ հարուցելու պահանջով, մնացել են անպատասխան, որով խախտվել են Քրեական դատավարության օրենսգրքի 3-րդ, 98-րդ, 101-րդ հոդվածները, որոնց համաձայն՝ հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում դատավորը, դատախազության քննիչը եւ հետաքննությունը կատարող անձը պարտավոր են հարուցել քրեական գործ:

* Մինչեւ հոկտեմբերի 10-ը ընկած ժամանակահատվածը տարբեր պատճառաբանություններով ձերբակալվել եւ վարչական կալանքի են ենթարկվել բազմաթիվ անձինք, որոնցից Հայաստանի Հելսինկյան կոմիտեն պարզել է 109 անձանց տվյալները: Նրանց մեծ մասը ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի վստահված անձինք, հանձնաժողովի անդամներ, համախոհներ են: Նրանք ԱԱՆ-ում, ՆԳՆ-ում, ՆԳ քրեական հետախուզության 6-րդ վարչությունում, ՆԳՆ շրջանային բաժանմունքներում, փողոցում ենթարկվել են ֆիզիկական եւ հոգեբանական ճնշումների:

* Զաքար Գեւորգյան՝ երկրորդ կարգի հաշմանդամ. «Ինձ շրջապատեցին մի խումբ տղաներ եւ ավտոմատի կոթով, ոտքով, բռունցքներով սկսեցին հարվածել: Ապա մեքենայով տարան ՆԳ նախարարության 6-րդ վարչություն եւ այնտեղ շարունակեցին ինձ դաժանորեն ծեծել: Նրանց ասացի, որ ես երկրորդ կարգի հաշմանդամ եմ, եւ եթե ինձ մի բան պատահի՝ իրենք են պատասխանելու: Ոստիկաններից մեկը պատասխանեց՝ եթե հաշմանդամ ես, հիմա ընենց կծեծենք, որ հոգեկան հիվանդ կդառնաս: Եվ մի փայտի հաստ կտորով այնքան հարվածեց գլխիս, որ փայտը կոտրվեց: Գանգոսկրս բացվել էր եւ արյուն էր հոսում: 14 օր կիսամեռ վիճակում ընկած էի մեկուսարանում: 4 օր արյուն էի միզում»:

* Արամ Հարությունյան. «Ինձ իջեցրին Մասիսի ՆԳ բաժնի պետի կաբինետ: Այնտեղ 8-10 մարդ կար: Ես ճանաչեցի նրանցից Արարատի մարզի տարածքային ոստիկանության վարչության պետ Գրիգորին, նույն վարչության աշխատակից Գագիկ Մխիթարյանին… Ես վայր ընկա, իսկ նրանք հայհոյելով՝ ձեռքերով եւ ոտքերով սկսեցին հարվածել գլխիս եւ մարմնիս բոլոր մասերին: Հետագայում պարզեցի, որ գլուխս երկու տեղից ծակվել է, երիկամներիս ֆունկցիան խանգարվել… Քիչ հետո եկավ մարզային վարչության պետը՝ 4-5 հոգու հետ, եւ սկսեցին նորից ծեծել: Մարզային վարչության պետն այդ ընթացքում ասում էր, որ կամ ես կխոստովանեմ զենքերի մասին, կամ իմ դիակը հերոսի մահով կբերեն Ղարաբաղից: Առավոտյան պարզեցի, որ մեզիս մեջ արյուն կա: Շատ վատ էի զգում եւ հերթապահից շտապօգնություն պահանջեցի: Շտապօգնության բժիշկը եկավ մոտ 2 ժամ անց եւ քննելուց հետո եզրակացրեց, որ խախտվել է երիկամներիս ֆունկցիան: Նա ցանկացավ հիվանդանոց տանել ինձ, բայց ոստիկանները թույլ չտվեցին: Բժիշկը բավարարվեց ցավազրկող սրսկելով»:

* Լուսինե Սահակյանը՝ գլխավոր դատախազի նախկին տեղակալ եւ ընդդիմության անդամ Գագիկ Ջհանգիրյանի փաստաբանը (այս եւ հետագա փաստերն արդեն վերաբերում են 2008-ին.- Ա. Ի.), դատարանում հայտարարեց, որ իր պաշտպանյալը կալանքի ժամանակ ենթարկվել է անմարդկային վերաբերմունքի: Նա վկաներ հրավիրելու միջնորդություն ներկայացրեց, սակայն դատարանը մերժեց այդ միջնորդությունը:

* Սեդա Սաֆարյանը՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ընդդիմադիր Մուշեղ Սաղաթելյանի պաշտպանը, ասաց, որ իր պաշտպանյալը բերման ենթարկվելիս եւ ձերբակալության ընթացքում բռնության է ենթարկվել: Նա դատարանին եւ գլխավոր դատախազին բողոք է ներկայացրել, սակայն ոչ մի արձագանք չի հետեւել եւ հետաքննություն չի նշանակվել:

* Ըստ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի՝ քաղաքացիները մի շարք բողոքներ են ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ այն մասին, որ նրանք իրավապահ մարմինների կողմից ենթարկվել են արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի՝ ընդդիմության ձերբակալված անդամների վերաբերյալ կեղծ ցուցմունքներ տալու նպատակով: ՀՀ ՄԻՊ-ը մասնավորաբար նշել է ՀՀ քաղաքացի Գագիկ Ավդալյանի նամակը, ըստ որի՝ Հատուկ քննչական բաժնի եւ ոստիկանության աշխատակիցները, կիրառելով ֆիզիկական ու հոգեբանական ճնշում, ստիպել են նրան կեղծ ցուցմունք տալ ԱԺ պատգամավոր Մյասնիկ Մալխասյանի՝ «Յոթի գործով» մեղադրյալներից մեկի եւ մի քանի այլ քաղաքացիների մասին:

* 2008թ. դեկտեմբերի 23-ին եւ 24-ին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում հասարակական դիտորդների խումբն այցելեց «Նուբարաշեն» ՔԿՀ ու Դատապարտյալների կենտրոնական հիվանդանոց: Խումբը հայտնաբերեց, որ դեկտեմբերի 23-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում Քրեակատարողական վարչության արագ արձագանքման խմբի կողմից իրականացվել է միջոցառում՝ խուզարկություն: Ուսումնասիրելով իրավիճակը՝ պարզվել է, որ խուզարկության ընթացքում տարբեր խցերում գրանցվել են միջադեպեր, որոնց գերակշիռ մասը, դատապարտյալների պնդմամբ, կապված է եղել իրենց արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի հետ՝ ապտակներ, վիրավորանքներ, քաշքշուկ: Ըստ կալանավոր Գրիգոր Ոսկերչյանի՝ խուզարկություն իրականացնողներից մեկը նրան հարցրել է, թե ի՞նչ մեղադրանքով է կալանված: Լսելով, որ նա դատվում է ՀՀ ՔՕ 300-րդ հոդվածով եւ կալանված է մարտի 1-ի դեպքերով, ՔԿՀ աշխատակիցը ապտակել ու հարվածել է Ոսկերչյանին:

Հ. Գ. Ի դեպ, 2006-ին Հայաստանի Ազգային ժողովը վավերացրել է ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոնվենցիայի Կամընտիր արձանագրությունը: 2008-ի ապրիլին Ազգային ժողովը որպես Ազգային կանխարգելման մեխանիզմ նշանակել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել