Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Միայն խելամիտ ժամկետում

Նոյեմբեր 07,2009 00:00

ՀՀԿ խմբակցության քարտուղար, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ մամուլի ասուլիսում խոսեց այն մասին, որ «ՀՀ նախագահի արտաքին նախաձեռնող քաղաքականության արդյունքում մենք ունենք մի իրավիճակ, որ գրեթե աշխարհի բոլոր երկրները, բացառությամբ Ադրբեջանի, դրական են արտահայտվում նախագահ Սարգսյանի կողմից իրականացվող արտաքին քաղաքականությանը, եւ մենք ունենք մի իրավիճակ, երբ Հայաստանի եւ աշխարհի ուժային կենտրոնների կարծիքները համընկնում են թե Հայաստան-Թուրքիա հարաբերությունների, թե աշխարհաքաղաքական այս կամ այն իրադարձության հետ կապված հարցերում: Մենք հասանք նրան, որ նախագահի եւ ԱԳ նախարարի արտաքին ճիշտ քաղաքականության արդյունքում Հայաստանի միջազգային հեղինակությունը բարձրացավ: Կոնկրետ, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին դեմ է հանդես գալիս միայն Ադրբեջանը, որն ակամայից իրեն դրել է հիմար իրավիճակում եւ դուրս է մնացել խաղից: Թե ԱՄՆ-ը, թե ՌԴ-ն, թե ԵՄ երկրները կողմ են արտահայտվում Հայաստանի նախագահի նախաձեռնություններին»: Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման մասին պարոն Շարմազանովն ասաց. «Վավերացումը պետք է կատարվի խելամիտ ժամկետներում:

Ես արդեն առիթ ունեցել եմ ասելու, թե ինչու պետք է առաջինը Թուրքիան վավերացնի: Դա ոչ թե պայման է հայկական իշխանությունների կողմից, դա ընդամենը տրամաբանական քայլ է: Դեռ 93-ին Անկարայի նախաձեռնությամբ փակվեց սահմանը, եւ մշտապես Անկարան է նախապայմանների լեզվով խոսել, չնայած նախապայմանների մասին խոսելու բարոյական հիմք ուներ միայն Հայաստանը. խոսքը Ցեղասպանության ճանաչման մասին է»: Ըստ Էդուարդ Շարմազանովի, դեկտեմբերի 7-ին Թուրքիայի վարչապետ Էրդողանին Վաշինգտոնում չեն ընդունի, եթե մինչ այդ Թուրքիայի խորհրդարանը չվավերացնի արձանագրությունները «Ոչ թե գրկաբաց չեն ընդունի, այլ՝ ընդհանրապես չեն ընդունի, որովհետեւ պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշումը հայտնի է. նա բազմիցս հորդորել է Թուրքիային, որ այս խնդիրը նախապայմաններ չպետք է ունենա»: Ըստ ՀՀԿ մամուլի խոսնակի, անցած մեկուկես տարում տարբեր միջազգային ամբիոններից բազմիցս հնչել է Ցեղասպանության ճանաչման հարցը. «Եվրոպական եւ համաշխարհային առաջադեմ լրատվամիջոցներին տրված հարցազրույցներում նախագահ Սարգսյանը բազմիցս ասել է, որ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, եւ դա առաջին հերթին պետք է թուրք ժողովրդին եւ Թուրքիայի հասարակությանը, եւ պատահական չէ, որ այստեղ մենք ունենք առաջընթաց: Եթե 5 տարի առաջ որեւէ մեկը ասեր, թե Թուրքիայում կսկսվի հայերից ներողություն խնդրելու շարժում, դա մեզ համար մի քիչ ֆանտաստիկայի ժանրից կլիներ: Բայց այսօր մենք տեսնում ենք, որ թուրքական հասարակության մեջ քննարկման առարկա է դառնում Հայոց ցեղասպանության խնդիրը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել