Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Իրարամերժության փոխարեն՝ հավաքական բնազդ»

Նոյեմբեր 07,2009 00:00

ԱԺ պատգամավոր Արամ Սաֆարյանն առաջարկում է «տալ դադար»

ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը, «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարին, ասաց, որ այս հարցի վերաբերյալ արդեն հնչել են հնարավոր եւ անհնարին, «կողմ» եւ «դեմ» բոլոր կարծիքներն ու փաստարկները, եւ այժմ ժամանակն է, որ բոլորը գիտակցեն հետեւյալը՝ այս պայմաններում անընդհատ բզբզել եւ խորացնել այս թեման, արդյունավետ չէ եւ իմաստ չունի: Ա. Սաֆարյանն առաջարկում է. «Տալ դադար քաղաքական քննարկումներին՝ մինչեւ արձանագրությունների վավերացման պահը Հայաստանի խորհրդարանում: Եվ այդ դադարը տրամադրել խնդրով զբաղվող մասնագետ- փորձագետներին, քաղաքագետներին ու թուրքագետներին եւ լսել նրանց՝ փաստերի վրա հիմնված դիտարկումները: Մենք հիմա պարտավոր ենք ուշադրությամբ հետեւել Թուրքիայի անցուդարձին, թուրքական քաղաքական ուժերի քննարկումների տոնին: Սրանից շատ բան է կախված: Հարցն արդեն թուրքական խորհրդարանի օրակարգում է, բայց բոլորովին պարզ չէ, թե դա երբ կվավերացվի: Կարեւոր է հետեւել այն բոլոր փաստարկներին, որոնք հիմնական քաղաքական ուժերը կարող են բերել Թուրքիայում»: Ըստ Արամ Սաֆարյանի՝ պետք է ուշադիր լինել՝ թուրքական խորհրդարանն արձանագրությունները կվավերացնի պայմանո՞վ, թե՞ առանց նախապայմանի: Եթե վավերացնի վերապահումներով, ապա ՀՀ քաղաքական ուժերը կարող են ազատ լինել իրենց դիրքորոշման մեջ եւ արձանագրությունները վավերացնել նույնպես նախապայմանով եւ վերապահումով. «Եթե Թուրքիայի խորհրդարանը, բոլոր քաղաքական քննարկումներից հետո, արձանագրությունները վավերացնի առանց որեւէ պայմանի, ապա, ես կարծում եմ, մեր խորհրդարանում այդ համաձայնագրերը վավերացնելը էական դժվարությունների չի հանդիպելու»:

Արամ Սաֆարյանը կարծում է՝ մեր քաղաքական գործիչների փաստարկները զգայական են եւ հիմնված են ժամանակակից Թուրքիայի մասին մոտավոր գիտելիքների վրա. «Վերջին երկու ամիսների ընթացքում Հայաստանում ծավալված քաղաքական քննարկումները ոչ թե պիտի թուլացնեին մեր քաղաքական դաշտը, նոր պառակտում, նոր այլամերժություն մտցնեին քաղաքական դաշտում, այլ նպաստեին, որ մեր հավաքական բնազդային ինքնապաշտպանության զգացումներն ավելի ամրապնդվեին, եւ մենք այս իրավիճակից դուրս գայինք ավելի ուժեղ»: Մեր զրուցակցի պնդմամբ՝ մեր քաղաքական ուժերը խելոք կլինեին, եթե փորձեին ճշտել իրենց կուսակցական վարկանիշները, իսկ «մեր պետությունը պետք է լրջորեն մտահոգվի եւ զբաղվի թուրքագիտության, արեւելագիտության եւ ժամանակակից քաղաքական հետազոտությունների զարգացման եւ ծավալման հարցերով:

Այդ ուղղությամբ պետք է հատկացվեն միջոցներ, դրվեն կոնկրետ քաղաքական խնդիրներ: Ես համոզված եմ, որ կա հնարավորություն՝ լսելու մեր ակադեմիական, գիտական եւ հետազոտական մտքի բոլոր այն ներկայացուցիչներին, ովքեր այս ոլորտում ասելիք ունեն, ավելի շատ տեղ տանք նրանց՝ քաղաքականության մեջ խորհրդատվություն իրականացնելու համար, եւ հետո միայն մեր քաղաքական դիրքորոշումներն ասենք այս հարցի կապակցությամբ»: Արամ Սաֆարյանի կարծիքով՝ չի զգացվում, որ «մեր ակադեմիական-քաղաքագիտական միտքը շեշտադրված է, ուղղորդված է դեպի Թուրքիայի այսօրվա անցուդարձն ուսումնասիրելը, դեպի թուրք-ադրբեջանական հարաբերությունների իրական որակը պարզելը: Նման խնդիրները պետք է դնի պետությունը եւ պարտավոր է դրանք դնելով եւ ֆինանսական աջակցություն ցույց տալով հարցի լուծումը մղել առաջ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել