Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԼԱՎԱՏԵՍՈՐԵՆ ՉԵՆՔ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ»

Նոյեմբեր 07,2009 00:00

\"\"2010-ի բյուջեից ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանը սպասելիքներ չունի

– Խորհրդարանական հանձնաժողովներում դեռ քննարկվում է 2010-ի բյուջեն, պատգամավորները հարցեր են տալիս, առաջարկություններ են անում, բայց դրանք ոչ մտնում են բյուջեի մեջ եւ ոչ լուրջ հետք են թողնում: Սա՝ իմ տպավորությամբ, իսկ դուք ի՞նչ եք կարծում:

– Իմ տպավորությամբ եւս այս քննարկումները կարծես չունեն այն բովանդակային նշանակությունը եւ կարծես դարձել են քննարկում՝ հանուն քննարկման, եւ երեւի դա տեղ է, որտեղ յուրաքանչյուրը պարզապես կարող է իր տեսակետը այս կամ այն խնդրի վերաբերյալ ցուցադրել: Այդ քննարկումները իրականում ոչինչ չեն փոխում, ցավոք, մեր պետական մարմինների ղեկավարները կտրվել են տնտեսության հոգսերից, տնտեսության կարիքներից: Մտայնություն կա, որ եթե ոլորտը մասնավորեցված է, ուրեմն պետությունն այդտեղ անելիք չունի: Քաղաքականություն՝ որպես այդպիսին, ճյուղային քաղաքականություն մենք այստեղ չենք տեսնում:

– Դուք ունե՞ք կոնկրետ առաջարկություն, այսինքն՝ ի՞նչ պետք է անել, Ազգային ժողովը չքննարկի՞ երկրի տարեկան բյուջեն:

– Խնդիրն այն է, որ մեր պետությունը պատասխանատվություն չի զգում թե՛ երկրում առկա իրավիճակի, թե՛ տնտեսական քաղաքականության, թե՛ յուրաքանչյուր տնտեսվարողի եւ քաղաքացու հանդեպ: Բերեմ մեկ օրինակ, որպեսզի պարզ լինի: Եթե այսօր Հայաստանի խոշորագույն որեւէ ձեռնարկություն փակվի, 2 հազար աշխատողի կրճատի եւ Հայաստանից իր կապիտալը տանի դուրս, ոչ ոք հարց չի տա՝ ի՞նչն է պատճառը, որ գործարանը կամ արտադրությունը փակվել է, ի՞նչ պրոբլեմ ունի, կամ ինչո՞ւ է այսքան աշխատուժ երկրից դուրս գալիս: Այս հարցերին ոչ միայն պատասխան չեն տալիս, այլեւ ոչ մեկն ինքն իրեն անգամ այս հարցերը չի տալիս: Պետական մարմինները այս պատասխանատվությունից խուսափում են: Մեկ օրինակ եւս: Ասում ենք՝ տարեկան 80-100 հազար մարդ աշխատանքային միգրացիայի է մեկնում, պետությունը պատասխանատվություն չի՞ զգում, ինչո՞ւ են այդ քաղաքացիները մեկնում, ինչո՞ւ այդ աշխատատեղերն այստեղ չկան: Այսօր ունենք գրեթե 20 տոկոս անկում, իսկ իրականում շատ ավելի տխուր է: Ես համոզված եմ, որ 2010-ին վիճակն ավելի վատ է լինելու, որովհետեւ կառավարությունը չարեց այն հիմնական քայլը, որ պետք է աներ ճգնաժամը հաղթահարելու համար, չխրախուսեց համախառն պահանջարկը: Քաղաքացիները չունեն գումար, չունեն հնարավորություն՝ մասնակցելու տնտեսական կյանքին իրենց գնումներով կամ ծառայություններից օգտվելով: Նշանակում է՝ տնտեսական աճ չի լինելու:

– Արդեն քանի տարի կառավարությունները բյուջեն բերում են խորհրդարան, պատգամավորներն էլ մասնակցում են այդ քննարկումներին, սակայն չի հնչում որեւէ արտառոց առաջարկ, թեկուզ՝ բոյկոտեք այս քննարկումները, ասեք, որ դրանք արդյունավետ չեն, «թռչնակ» նկարելու համար են: Կամ մի այլ բան մտածեք, չէ՞ որ կառավարությունը բերում է բյուջեն եւ առաջարկների է սպասում:

– Մենք ասում ենք: Ասում ենք՝ պետք է առաջին հերթին փոխել մեր զարգացման գաղափարախոսությունը: Այս մտածելակերպի պայմաններում բյուջեն լինի այսպիսին կամ այնպիսին, ոչինչ չի փոխվելու: Մեկ օրինակ եւս բերեմ: Այսօր քննարկվում էր տրանսպորտի նախարարությանը հատկացված բյուջեն, եւ քննարկման ժամանակ ակնհայտ երեւաց, որ այս նախարարությունը իրականացնում է բացառապես ճանապարհաշինարարական ծրագրեր, այնինչ սա տրանսպորտի ոլորտ չէ: Տրանսպորտի ուղղությունների մեջ են օդայինը, ջրայինը, խողովակաշարայինը, երկաթուղայինը եւ ավտոմոբիլայինը: Այս ուղղություններով փաստորեն նախարարությունը ոչինչ չի անում: Հայաստանի ճանապարհները ողողված են թուրքական, պարսկական, վերջերս նաեւ վրացական բեռնատար մեքենաներով: Կոնկրետ հարց եմ տալիս՝ ի՞նչն է պատճառը, որ մեր երկրում դրամ են վաստակում օտարները, իսկ մենք այդ հզորությունները չունենք: Ինչո՞ւ մենք չունենք բեռնատար հզորություններ: Պարզվեց՝ չունենք այն ավտոպարկը, որը կարող է բավարարել ժամանակակից պահանջներին եւ կարող է Հայաստանից դուրս բեռնափոխադրում իրականացնել: Ի՞նչ է անում նախարարությունն այս ուղղությամբ: Իմ գործընկերներից Վարդան Այվազյանը կոնկրետ հարցադրում ներկայացրեց, ասելով՝ արդյոք պատրա՞ստ է կառավարությունն արտոնություն տալ այն մարդկանց, ովքեր կբերեն ժամանակակից ավտոմեքենաներ, որոնք Հայաստանը չունի: Պատասխանը մնաց օդում, որովհետեւ մենք պատասխան չլսեցինք: Ժամանակին այս հարցը տվել էի տրանսպորտի նախկին նախարարին, նա էլ ասել էր, որ այս ոլորտը սեփականաշնորհված է, եւ պետությունն այստեղ անելիք չունի: Սակայն եթե անգամ մասնավորեցված է, դու, որպես պետություն, պատասխանատվություն ես կրում: Քանի դեռ պետությունը չի գիտակցում, որ այս խնդիրների համար ինքն էլ է պատասխանատու, հարց չի լուծվելու:

– ԱԺ պատգամավորները նստում են բյուջեի քննարկումներին այն դեպքում, երբ հարցը ներկայացնում է իրենց քաղաքական ուժը ներկայացնող նախարարը եւ իրենց հարցերով կամ «չ-հարցերով» փորձում են «փրկել» իրենց նախարարին:

– Ավելացնեմ՝ եթե այլ խմբակցությունից ավելի ակտիվ հարցեր են տալիս իրենց նախարարին, իրենք էլ հակառակն են անում տվյալ խմբակցության նախարարի գլխին: Կա այս երեւույթը, եւ սա բնական է: Վատ չէ, երբ խմբակցությունները տեր են կանգնում իրենց նախարարներին: Սա ողջունելի է, եթե ճիշտ սահմանների մեջ է:

– Ինչպե՞ս է քվեարկելու Դաշնակցությունը 2010-ի բյուջեին:

– Մենք այդ որոշումն առայժմ չենք կայացրել, բայց լավատեսորեն չենք տրամադրված:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել