Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ԴԱՐՁԱՎ 52 ՏԱՐԵԿԱՆ

Նոյեմբեր 07,2009 00:00

\"\"Քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանն իր տարեդարձը կնշի անազատության մեջ

Այսօր լրանում է արցախյան ազատամարտի մասնակից, «Սասուն» ջոկատի հրամանատար, գնդապետ ու քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի ծննդյան 52-ամյակը: Իր ծննդյան տարեդարձը հրամանատարն արդեն երկրորդ անգամ նշելու է անազատության մեջ: Առաջիններից մեկը, ով շնորհավորել է Ս. Միքայելյանի ծննդյան տոնը, «հաղթած վանատուրցիներն են»: Սասունի համագյուղացիները երեկ խմբագրությանը փոխանցած իրենց շնորհավորանքը հենց այդպես են ստորագրել. «Այսօր քո ծննդյան օրն է, Սասո՛ւն, սիրելի, հազարապատիկ հերոսացած հայորդի։ Քո ծննդյան օրն է, ու տոն է բլորիս համար։ Ընտանիքիդ, համագյուղացիներիդ, մարտական ընկերներիդ եւ ընդհանրապես՝ քեզ ճանաչողների համար։

Մի ամբողջ սերունդ դաստիարակվեց քեզնով, պայքարի, դժվարությունների ու հաղթանակների բոլոր ճանապարհներով անցած քո կյանքով, Սասո՛ւն, ու դեռ դաստիարակվելու է. ահա թե ով ես դու մեզ համար… Այնպես որ, տխրելու ոչ մի առիթ չունենք. այսօր ժամանակավորապես մեր կողքին չես, բայց մեր մեջ ես, յուրաքանչյուրիս հոգում»:

«Այն որ, Սասունը բանտում է, բնականաբար, նրան ճանաչողների, ընկերների եւ հատկապես Հրազդան քաղաքի բնակիչների համար ցավ է, մեր օրերին բնորոշ տարօրինակություն է եւ մեծ սխալ: Մեր պատմության մեջ շատ են փաստերը, երբ աններելի եւ կոպիտ սխալներ են թույլ տրվել Նժդեհի, Անդրանիկի եւ ազգի նվիրյալ էլի շատերի հանդեպ, ու նույնը հիմա կրկնվում է: Վստահ եմ, որ ժամանակը կգա, ու այն մարդիկ, ովքեր սխալ որոշումներ կայացրին, որի արդյունքում Սասունը բանտում հայտնվեց, դեռ պատասխան են տալու ոչ միայն Սասունի կամ Սասունի ընկերների ու հրազդանցիների, այլեւ պատմության առաջ: Վստահ եմ, որ ժամանակն ամեն ինչ իր տեղն է դնելու, եւ դա լինելու է տեսանելի ապագայում: Կարճ ժամանակ անց բոլորը կհասկանան, որ Սասունի ազատազրկումը սխալ էր, եւ դա կլինի այն վերջին սխալը, որ մեր իշխանությունները երբեւէ թույլ կտան իրենց ազգին հավատարիմ զինվորների հանդեպ»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց Ս. Միքայելյանի ընկերներից մեկը՝ Հայ ազգային կոնգրեսի Հրազդանի կառույցի ղեկավար Մեսրոպ Մեսրոպյանը: Նա, ինչպես շատ-շատերը, պնդում է, որ հրամանատար Սասունը դատապարտվել է բացառապես այն բանի համար, որ համարձակվել է ազատորեն իր կարծիքն ու քաղաքական դիրքորոշումը հայտնել օրվա իշխանությունների վարած քաղաքականության նկատմամբ: «Այն մեղադրանքները, որ փաթաթվեցին Սասունի վզին, եւ այն խայտառակ դատավարությունը, որ ընթացավ նրա գործով, մեծ ցավ են իմ ու, վստահ եմ՝ մեր հասարակության գերակշիռ հատվածի համար: Բայց մյուս կողմից՝ ընկճվելու առիթ էլ չեմ տեսնում: Ինչպես Սասունին ճանաչող շատ-շատերը, ես էլ հպարտ եմ, որ անձամբ եմ ճանաչում նրան»,- ասաց Մեսրոպյանը: Նա նաեւ նկատեց, որ բանտում լինելով էլ՝ Ս. Միքայելյանը հավատարիմ է մնացել իր սկզբունքներին եւ պարբերաբար արձագանքում, վերաբերմունք է արտահայտում այստեղ՝ դրսում տեղի ունեցող իրադարձություններին՝ սկսած ներքաղաքական հարցերից մինչեւ հայ-թուրքական արձանագրություններ ու Ղարաբաղի հիմնախնդիր: Ու այն, որ նա բանտում է, Մեսրոպյանի ասելով, դեռ ոչինչ չի նշանակում:

Ս. Միքայելյանի կալանավորումից հետո շատ էր խոսվում, եւ անգամ իշխանական ճամբարից էին ակնարկում, թե նրան ազատազրկմամբ պատժելու պատճառը ուղղակի վրեժխնդրություն է ոչ այնքան Միքայելյանի ընդդիմադիր կեցվածքի, որքան իշխանության ճամբարը հանկարծակի եւ վճռորոշ պահին լքելու համար: «Ես դժվարանում եմ այդ հարցին պատասխանել: Ճիշտ կլիներ առիթի դեպքում այդ հարցը տալ նրանց, ովքեր որոշում ընդունեցին անազատության մեջ պահել Սասունին: Բայց վստահաբար կարող եմ ասել, որ եթե իր այս գործունեության տարիներին Սասունը ինչ-որ մեկի կողքին եղել է, ապա դա եղել է միմիայն ժողովուրդը, հրազդանցիները: Դա ցցուն փաստ է, ու դա է, որ իշխանությունների համար միշտ պրոբլեմներ է ստեղծել: Եթե էդ ժողովուրդը Սասունին չսիրեր, իշխանությունը Սասունի հետ այսքան մեծ խնդիրներ չէր ունենա»,- ասաց Մեսրոպյանը:

Նա նաեւ ուղղակի կապ տեսավ հրամանատար, գնդապետ Ս. Միքայելյանին ազատազրկելու եւ Ղարաբաղը «տալու» մասին տարածված խոսակցությունների միջեւ: Մեսրոպյանի կարծիքով, այսօր, երբ նախագահի աթոռը զբաղեցնում է Սերժ Սարգսյանը, դժվար է միանգամից ասել՝ իրականում նա կհանձնի՞ Ղարաբաղը, թե՞ ոչ: «Նա եւս պատերազմով անցած մարդ է, ու ինքն էլ է փորձում բոլորին համոզել, թե Ղարաբաղը տվողը չի: Բայց սկսում ես կասկածել նրա անկեղծությանը, երբ տեսնում ես, թե նա ինչպես է վարվում Ղարաբաղը ազատագրած մարդկանց հետ: Իսկ ի՞նչ է՝ Սասունի նման տղուն ճաղավանդակների ետեւում պահելը Ղարաբաղ հանձնել չէ՞: Ժիրայր Սեֆիլյանի նման մարդուն 10 տարուց ավելի քաղաքացիություն չտալը ի՞նչ է նշանակում, եթե ոչ Ղարաբաղ հանձնել: Պատեհ ու անպատեհ առիթով հայտարարել, թե՝ Աղդամը մեր հայրենիքը չէ, ի՞նչ է նշանակում, եթե ոչ Ղարաբաղ հանձնել: Այո, ես չեմ հավատում, որ Ս. Սարգսյանը Ղարաբաղը հանձնող է, բայց նաեւ հարցնում եմ՝ բա Ղարաբաղն էլ ո՞նց են հանձնում, եթե ոչ Ղարաբաղի համար իրենց կյանքը չխնայած նվիրյալներին՝ Սասունին, Մուկուչ ու Ժորա Սափեյաններին, Մուշեղ Սաղաթելյանին բանտերում պահելով»,- ասաց Մեսրոպյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել